Ճանաչված օպերային բասն առաջարկում է այդ նորամուծությունն
անել նաեւ Ազգային օպերային թատրոնում
«Առավոտը» տեղեկացրել էր, որ ճանաչված օպերային բաս, ՀՀ ժողովրդական արտիստ Բարսեղ Թումանյանը 2014թ. աշնանը մասնակցել է Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում կայացած «Մետաքսի ճանապարհ» օպերայի եւ բալետի առաջին միջազգային փառատոնի փակման արարողությանը: Ի դեպ, երգիչը Աստանայի թատրոնում աշխատելու հրավեր էր ստացել դեռ օգոստոսին եւ սեպտեմբերի 16-ին փառատոնի փակման արարողությանը նրա առաջին ելույթն էր՝ որպես հիշյալ թատրոնի մեներգիչ:
Հայաստանցի հանդիսատեսը չի մտաբերում անվանի երգչի վերջին դերերգը Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում: Հիշում ենք միայն նրա մուտքը թատրոն. դա 1980 թվականն էր, եւ 2010թ. նրա վերջին տպավորիչ ելույթը Երեւանում, աշխարհահռչակ Պլասիդո Դոմինգոյի հետ:
Արվեստագետը Երեւանի թատրոնի բեմում հանդես է եկել համաշխարհային օպերային գրականության մի շարք գլխավոր դերերգերով՝ Ռոսինիի, Վերդիի, Պուչինիի, Բիզեի, Գունոյի, Մուսորգսկու հայտնի օպերաներում, ինչպես նաեւ կերպարներ է կերտել ազգային երաժշտարվեստի ընտիր նմուշներում: Առանձնացնենք նրա Դավիթ-Բեկը՝ Տիգրանյանի նույնանուն օպերայում, Նադիր Շահը՝ Սպենդիարյանի «Ալմաստում», Արշակ Երկրորդը՝ Չուխաջյանի համանուն օպերայում, Պասկեւիչը՝ Էդ. Հովհաննիսյանի «Ճանապարհորդություն դեպի Էրզրում»-ում:
Կարդացեք նաև
Բարսեղ Թումանյանը եղել եւ մնում է ցանկալի հյուր հեղինակավոր օպերային թատրոններում: Հիշեցնենք նաեւ, որ հայ բասը 1987թ. Մոսկվայում արժանացել է Չայկովսկու անվան վոկալիստների միջազգային մրցույթի առաջին մրցանակին, ինչը խորհրդային տարիներին համարվում էր աշխարհի ամենահեղինակավոր մրցույթներից մեկը: Երկար ժամանակ կպահանջվի նշելու հայ երգչի համերգներն աշխարհի բազմաթիվ երկրներում, հեղինակավոր օպերային թատրոններում՝ հանրահայտ կոլեգաների ընկերակցությամբ ու համագործակցությունը ճանաչված նվագախմբերի եւ դիրիժորների հետ՝ նշանավոր համերգասրահներում:
Օրերս Ազգային օպերային թատրոնում, տարիների ընդմիջումից հետո, «Բարսեղ Թումանյան եւ ընկերներ» ծրագրով բեմ բարձրացավ սիրելի ու սպասված երգիչը: Մինչ համերգը կասկած չկար, որ երգչի յուրաքանչյուր կատարումից հետո կտեղա բրավոների տարափ: Չէինք էլ կասկածում, որ կայացած երեկոյում սոպրանոներ, ՀՀ վաստակավոր արտիստներ Մարինե Դեինյանը, Նունե Բադալյանը, տենոր Լիպարիտ Ավետիսյանը իրենց բարձրարվեստ կատարումներով կհիացնեն եւ հանդիսատեսին, եւ իրենց ընկերոջը: Համերգային ծրագիրը ընտրված էր ոսկերչական ճաշակով: Փաստենք միայն, որ համերգի ավարտին Բարսեղ Թումանյանի մեկնաբանմամբ Տիգրանյանի «Դավիթ-Բեկ» օպերայից Գուսանի արիան ալեկոծեց առանց այն էլ հուզված ու ոգեւորված դահլիճը:
Ողջ երեկո բեմում էր թատրոնի նվագախումբը՝ ՌԴ վաստակավոր արտիստ Կոնստանտին Օրբելյանի ղեկավարությամբ, որի հրավերով էլ Բարսեղ Թումանյանը Երեւանում էր: Ընդ որում՝ համերգին նվագախումբն էլ էր բարսեղթումանյանական մակարդակի: Նշենք նաեւ ռեժիսոր Նաիրե Ստեփանյանի գրագետ աշխատանքը. ելույթներին զուգահեռ էրկանին հայտնվում էր համապատասխան տեսանյութ:
Ի դեպ, մեզ հետ զրույցում մաեստրոն հայտնեց, որ այսուհետ տարբեր նախագծերի շրջանակներում պատրաստվում է հրավիրել աշխարհով սփռված անվանի հայ երաժիշտներին, եւ ապրիլի 12-ին «հյուրը» ավստրիաբնակ օպերային դիվա Հասմիկ Պապյանն է՝ Տոսկայի դերերգով Պուչինիի համանուն ներկայացման մեջ:
Մեր հետաքրքրությանը՝ Բարսեղ Թումանյանը 2014-ից ի՞նչ կարգավիճակում է Աստանայի թատրոնում եւ շարունակվո՞ւմ են նրա ելույթները աշխարհում, երգիչը հակիրճ պատասխանեց. «Հեղինակավոր օպերային թատրոնների օրինակով, Աստանայի թատրոնում էլ կա «Բեմի վարպետ» կարգավիճակը, որը տրվել է ինձ առաջին իսկ օրից: Հյուրախաղերս շարունակվում են, քանի որ պայմանագրերս կնքվել են տարիներ առաջ»:
ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ
«Առավոտ»
06,04.2017