Լրահոս
Օրվա լրահոսը

ՍԵՐԸ

Ապրիլ 07,2017 10:30

ԱՐՄԵՆ ՇԵԿՈՅԱՆ 

ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ

Գիրք տասնութերորդ

Գլուխ յոթանասունիններորդ

ՍԵՐԸ

Եվ Ֆրունզիկը նայեց տոպրակներին, մի քիչ մտածեց ու ժպտալով ասաց՝ «էս քյաբաբները կուտենք, հետո կուշտ փորով Ստանիսլավսկուց կխոսենք» եւ մի քիչ էլ  մտածեց ու ժպտալով ավելացրեց՝ «սոված փորով ո՞նց պիտի Ստանիսլավսկուց խոսենք» եւ մի քիչ էլ մտածեց ու փռթկացնելով ավելացրեց՝ «սոված փորով հեչ Ռուբեն Զարյանից չենք կարա խոսենք», եւ Ֆելոն զարմացած նայեց Ֆրունզիկին ու հարցրեց՝ «Ռուբեն Զարյա՞նն ինչ կապ ունի», եւ հայրս  Ֆելոյին ասաց՝ «Ռուբեն Զարյանի հաշվով Ֆրունզը հանաք ա անում» եւ մի քիչ մտածեց ու ավելացրեց՝ «էդ հումորի զգացումով ո՞նց ես ուզում ռեժիսոր դառնաս», եւ Ֆելոն զարմացած նայեց հորս ու հարցրեց՝ «ո՞վ ա ուզում ռեժիսոր դառնա», եւ հայրս Ֆելոյին ասաց՝ « Ֆրունզին ասել եմ, որ որոշել ես գործերդ ռեժիսորական տաս», եւ Ֆելոն մի քիչ մտածեց ու կարմրելով ասաց՝ «առայժմ հաստատ չեմ որոշել», եւ հայրս թարս նայեց Ֆելոյին ու ասաց՝ «լավ էլ հաստատ ես որոշել», եւ Ֆրունզիկը ժպտալով Ֆելոյին ասաց՝ «շատ էլ ճիշտ ես որոշել, Ֆելո ջան», եւ Ֆելոն մի քիչ մտածեց ու ասաց՝ «մինչեւ հարուր տոկոսով պատրաստ չըլնեմ, գործերս չեմ տա», եւ Ֆրունզիկը մի քիչ մտածեց ու Ֆելոյին ասաց՝ «էդ ռեժիսորական դիմողներից ոչ մեկը երեւի Ստանիսլավսկի չի կարդացել», եւ Ֆելոն մի քիչ մտածեց ու ասաց՝ «ես էլ Ստանիսլավսկի չեմ կարդացել», եւ Ֆրունզիկը զարմացած  հարցրեց՝ «բա գրախանութի էդ գիրքն ո՞վ ա մաշացրել», եւ Ֆելոն մի քիչ մտածեց ու ամոթխած ժպտալով ասաց՝ «առանձնապես շատ չեմ մաշացրել», եւ հայրս փռթկացնելով Ֆելոյին ասաց՝ «մաշացրել ես, որ գրախանութի էդ կնիկն ամեն ինձ տեսնելիս բողոքում ա», եւ Ֆելոն  մի քիչ  մտածեց ու հորս ասաց՝ «քեզնից ես հնարում, Ուստա Հակոբ» եւ մի քիչ էլ մտածեց ու ավելացրեց՝ «ընդհակառակը, որ ինձ տեսնում ա, ուրախությունից աչքերը փայլում են», եւ Ֆրունզիկը ժպտալով Ֆելոյին հարցրեց՝ «կարող ա՞ սիրահարվել ա», եւ Ֆելոն զարմացած հարցրեց՝ «ո՞ւմ ա սիրահարվել» եւ Ֆրունզիկը փռթկացնելով պատասխանեց ու ասաց՝ «Սիրուն Ֆելոյին», եւ Ֆելոն մի քիչ մտածեց ու միանգամայն լուրջ տոնով ասաց՝ «ինքը Սիրուն Ֆելոյին չի ճանաչում» եւ մի քիչ էլ մտածեց ու հարցրեց՝ «ինքը Սիրուն Ֆելոյին որտեղի՞ց պիտի ճանաչի», եւ հայրս փռթկացնելով Ֆելոյին ասաց՝ «Ֆրունզը Սիրուն Ֆելո որ ասում ա, քեզ նկատի ունի, ա՛յ խելոք», եւ Ֆելոն զարմացած նայեց հորս ու հարցրեց՝ «այսինքն», եւ հայրս փռթկացնելով Ֆելոյին հարցրեց՝ «կարող ա՞ էդ գրախանութի կնիկն իսկականից քեզ սիրահարվել ա», եւ Ֆրունզիկը փռթկացնելով ասաց՝ «շատ հնարավոր ա», եւ Ֆելոն զարմացած նայեց Ֆրունզիկին ու փռթկացնելով ասաց՝ «էդ Ռիփսիկը տատիս թայ կնիկ ա», եւ Ֆրունզիկը փռթկացնելով Ֆելոյին հարցրեց՝ «քեզնից ինչքա՞ն ա մեծ», եւ Ֆելոն մի քիչ մտածեց ու ասաց՝ «երեւի մի քսան տարով», եւ Ֆրունզիկը փռթկացնելով ասաց՝ «քսանը առանձնապես շատ չի», եւ հայրս փռթկացնելով ասաց՝ «համ էլ՝ չամուսնացած ա» եւ մի քիչ մտածեց ու ժպտալով ավելացրեց՝ «տեսքն էլ տեղն ա», եւ Ֆելոն փռթկացնելով հորս ասաց՝ «էրեւում ա՝ վրեն աչք ունես, Ուստա Հակոբ», եւ հայրս փռթկացնելով Ֆելոյին ասաց՝ «բայց ինքը քեզ ա սիրում», եւ Ֆրունզիկը ժպտալով ասաց՝ «որ չսիրեր, չէր թողնի, որ դախլի մոտ ժամերով Ստանիսլավսկի կարդա» եւ մի քիչ մտածեց, նայեց Ֆելոյին ու ժպտալով ավելացրեց՝ «որ ամուսնացած չի, էդ շատ լավ ա», եւ հայրս փռթկացնելով ասաց՝ «փաստորեն, աղջիկ ա», եւ Ֆրունզիկը ժպտալով ասաց՝ «քսան տարին  առանձնապես մեծ տարբերություն չի» եւ մի քիչ մտածեց  ու փռթկացնելով ավելացրեց՝ «համ էլ՝ սերը տարիք չի ճանաչում», եւ Ֆելոն  մի քիչ մտածեց ու ժպտալով ասաց՝ «ծառերն էլ կանգնած են մահանում», եւ Ֆրունզիկը հիացած նայեց Ֆելոյին, հետո հորս ասաց՝ «դու էլ ասում ես՝ հումորը տեղը չի» եւ մի քիչ մտածեց ու Ֆելոյին ասաց՝ «շատ ճիշտ ես որոշել», եւ Ֆելոն հարցրեց՝ «ի՞նչն եմ ճիշտ որոշել», եւ Ֆրունզիկն ասաց՝ «ռեժիսորականն իսկական քո տեղն ա»:

 

Շարունակությունը՝ հաջորդ ուրբաթ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930