Լրահոս
Օրվա լրահոսը

Արեւիկ Առաքելյանի «Զրույց»-ը. (Ֆոտոշարք)

Ապրիլ 06,2017 22:44

Ապրիլի 6-ին Գեւորգ Գրիգորյանի (Ջոտտո) արվեստանոց-թանգարանում տեղի ունեցավ երիտասարդ արվեստագետ Արեւիկ Առաքելյանի անհատական ցուցահանդեսի բացումը` «Զրույց» խորագրով: Ցուցադրությունը նվիրված է մայրության եւ գեղեցկության տոնին` նպատակ ունենալով հանրությանը ծանոթացնելու երիտասարդ նկարչուհու արվեստին:

Արեւիկ Առաքելյանն ունեցել է մի շարք ցուցահանդեսներ, սակայն, իր խոսքերով` անհատականի զգացողություններն այլ են, պատասխանատվությունն ավելի մեծանում է:

Արեւիկն աշխատում է տարբեր նյութերով եւ տեխնիկաներով, հեղինակ է աբստրակտ ոճով արված խեցեգործական քանդակների, գրաֆիկական աշխատանքների, գեղանկարների. «Ստեղծագործելու առումով դադարներ էլ են անհրաժեշտ, ինքս էլ ունեցել եմ դադարներ, բայց արվեստագետը դա հաշվարկել չի կարող»:

Երիտասարդ արվեստագետի աշխատանքները պայծառ եւ գունեղ են, Արեւիկը մեզ հետ զրույցում նշեց, որ տաք գույներ է նախընտրում, հատկապես` դեղինը:

«Աշխատանքներս հիմնականում զգայական են, ինչ-որ թեմաներ չեմ ընտրում: Արտաբերված խոսքի, մարդկանց կողմից ինչ-որ քայլի, եղանակի ազդեցությամբ տարբեր զգացողություններ կարող եմ ունենալ եւ սկսել նկարել: Աշխատելիս թեման ինքնին զարգանում է: Օրինակ` «Ժամանակ» նկարն իմ այդ րոպեի զգացածն է, որը միանգամից հանձնել եմ կտավին. իր մեջ կա ժամանակի զգացողություն, նկարում 2 անձ է պատկերված` կին եւ տղամարդ, մեկը զգում է անսահման ժամանակի զգացողությունը, մյուսի մոտ ժամանակը հաշվարկված է»,- «Առավոտի» հետ զրույցում ասաց Արեւիկ Առաքելյանը:

Հեղինակի խոսքերով` ցուցադրված աշխատանքների մեծամասնությունը 2017 թվականի են` արված նոր շնչով, նոր գույնով, նոր զգացողությամբ, նորը փոխանցելու միտումով:

Ցուցահանդեսը կտեւի մինչեւ ապրիլի 20-ը:

Մերի ԻՍԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930