Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Ընդամենը սխալմո՞ւնք էր

Ապրիլ 06,2017 21:25

Եվրոպայում ուսանող 20-ամյա Շուշան Դավթյանն ապրիլի 2-ին կայացած խորհրդարանական ընտրություններից հետո ահազանգել է «Քաղաքացի դիտորդ» նախաձեռնությանն այն մասին, որ ինքնընտրությանը չի մասնակցել, բայց իր անվան դիմաց ստորագրություն եւ կնիք կա։ Նախաձեռնության անդամներն էլ իրենց հերթին պնդել են, որ նման հարյուրավոր բողոքներ ունեն: Դեռ ուսումնասիրում են բողոքները, մտադիր են մինչեւ ՄԻԵԴ վիճարկել դրանք:

Հիշեցնենք, «4+4+4» ձեւաչափով քննարկումների արդյունքում ընդունված նոր Ընտրական օրենսգրքով, Հայաստանում ընտրություններից հետո հասանելի են ընտրություններին մասնակցած անձանց ցուցակները: Դա հայաստանյան ընդդիմության պահանջն էր`անկախությունից ի վեր:

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանն Aravot.am-ի հետ զրույցում`պատասխանելով դիտարկմանը, որ այդուհանդերձ խախտումներ գրանցվել են ընտրական գործընթացում, ասաց. «Եթե այդուհանդերձ խախտումներ եղել են, ուրեմն դրանց վերաբերյալ պետք է դիմումներ ներկայացվեին հանձնաժողովներ: Հրապարակված է թե դիմում ներկայացնելու կարգը, թե դիմումի ձեւը, թե ժամկետները»: Տիգրան Մուկուչյանը նկատում է`ոչ տարածքային ընտրական հանձնաժողովները, որ ԿԸՀ-ն դիմումներ չեն ստացել:

Մամուլում հրապարակված կոնկրետ դեպքի առիթով, որտեղ ընդամենը մեկ քաղաքացու անուն-ազգանուն էր տրվում, ԿԸՀ-ն ուսումնասիրել է եւ հայտարարում է`այն որեւէ առնչություն չունի կրկնաքվեարկության հետ:

«Հանրապետությունից բացակայող քաղաքացի Շուշան Դավթյանի փոխարեն թիվ 1/07 ընտրական տեղամասում կատարված քվեարկության դեպքին, որը ներկայացվել էր Քաղաքացի դիտորդ նախաձեռնության կողմից, պարզաբանում ենք, որ Թիվ 1 տարածքային ընտրական հանձնաժողովին այդ մասին իրազեկել են հեռախոսազանգով երեկոյան ժամը 18-ի սահմաններում:

Ահազանգից անմիջապես հետո տեղի է ունեցել ուսումնասիրություն և պարզվել է՝

– քաղաքացի Դավթյան Շուշան Դավթի հանդիսանում է թիվ 1/07 տեղամասի ընտրող և ընդգրկված է ընտրողների ցուցակում թիվ 883 համարի տակ.
– նրա անվան դիմաց առկա է ստորագրություն.
– Տեխնիկական սարքավորման միջոցով տպված տեղեկանքից պարզվում է, որ այդ տեղամասում 883-րդ համարում հաշվառված ընտրող Շուշան Դավթյանը տեխնիկական սարքավորմամբ չի գրանցվել.
– այդ տեղամասում տեխնիկական սարքավորման միջոցով գրանցվել է թիվ 884-րդ համարում հաշվառված ընտրող Ալիտա Ավագյանը.
– ըստ տեխնիկական սարքավորումներից դուրս բերված տվյալների ընտրող Ալիտա Ավագյանը գրանցվել է ժամը 16:11:42. տարածքային ընտրական հանձնաժողովը երեկ երեկոյան այցելել է Ալիտա Ավագյանի բնակարան: Քաղաքացին տանը չի եղել, սակայն ընտանիքի անդամները ներկայացրել են նրա երեխայի օրագիրը, որում ծնողի ստորագրություն մասում նշված է Ալիտա Ավագյանի ստորագրությունը, որը համընկնում է այն ստորագրության հետ, որ դրված է 883-րդ համարի ընտրողի դիմաց:

Նշվածից ակնհայտ է, որ այլ անձի փոխարեն քվեարկության դեպք ընդհանրապես առկա չէ, այլ ստորագրելիս տեղի է ունեցել շփոթմունք և թիվ 884-րդ համարում ընդգրկված ընտրող Ալիտա Սարգսյանը ընդամենը ստորագրել է 883-րդ համարում ընդգրկված ընտող Շուշան Դավթյանի անվան դիմաց»,-ասված է ԿԸՀ-ի պարզաբանման մեջ:

Հիշեցնենք, ապրիլի 2-ին տեղի ունեցած ԱԺ ընտրությունների ընթացքում արձանագրված ընտրախախտումների վերաբերյալ ՀՀ քննչական կոմիտեում հարուցվել է 6 քրեական գործ` մեկից ավելի անգամ քվեարկելու փորձ կատարելու դեպքերի առթիվ: Դրանցից 3-ը` Երեւանում, 3-ը` մարզերում: Հարուցվել են քրեական գործեր, նախաքննություն է ընթացքում: Ընտրությունների օրը, ըստ դատախազության  ԶԼՄ-ներում արձանագրված  392 հաղորդումներից 121-ը վերաբերել են այլ անձի փոխարեն կամ կրկին անգամ քվեարկելու դեպքերին: 6 դեպքերով՝ կրկնակի քվեարկության փորձի փաստով արդեն իսկ հարուցվել են քրեական գործեր, 1 գործով կասկածյալը ձերբակալվել է: Ստուգողական գործողությունների արդյունքում առանձին հրապարակումներ արդեն իսկ հերքվել են: Մնացածն`ընթացքի մեջ է:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930