«ՀայԱրտ» մշակութային կենտրոնի հարկի տակ այսօր համադրվել էր կերպարվեստը եւ երաժշտությունը: «Կնոջ գույնը». այս խորագիրն է կրում ցուցահանդեսը, որը նվիրված է մայրության, գեղեցկության տոնին եւ բնության զարթոնքին: Ցուցահանդեսին ներկայացված են տարբեր սերնդի շուրջ 20 նկարչուհիների աշխատանքներ:
«Կինը կարող է նկարել անգամ սեւ-սպիտակ, բայց իր սրտի, իր մտքի եւ աշխարհայացքի գույնը փոխանցել: Ցանկանում եմ, որ կանայք պահպանեն իրենց աչքերի փայլը, ինչպես նաեւ իրենց արվեստով ապրեցնեն ոչ միայն մեզ, այլեւ գալիք սերունդներին»,- ասաց «ՀայԱրտ» մշակութային կենտրոնի տնօրեն Ռիտա Շառոյանը:
Նկարչուհի Սուսան Ավանեսյանը, որի աշխատանքների գույները կախված են տրամադրությունից, նկարների միջոցով արտահայտում է իր ներսում եղածը. «Արեւի մի փոքր շողից էլ կարող ես ոգեշնչվել, գործը երբ սկսում ես, շարունակությունն ակամայից ստացվում է»:
Կարդացեք նաև
Ցուցահանդեսի նպատակն է բարձրացնել մարդկանց գեղագիտական ճաշակը:
Պատանի նկարչուհի Տաթեւ Անտոնյանը ցուցահանդեսին ներկայացել է կնոջ կերպարներ պատկերող աշխատանքներով, որոնցով փորձել է արտահայտել կնոջ քնքշությունը եւ գեղեցկությունը. «Հին ոճով նկարներ են, որոնք տարբերվում են ժամանակակից, հինն ինձ ավելի հոգեհարազատ է»:
Հերիքնազ Խաչիկյանը, որն իր աշխատանքներում փորձում է օգտագործել կիրառական արվեստի բոլոր ճյուղերը, ցուցահանդեսին ներկայացել է դդմի վրա ճյուղերով, թելերով ասեղնագործությամբ եւ գոբելենով. «Երբ չեմ ստեղծագործում, այդ ժամանակ մտքով եմ նկարում»:
Ներկաները գունեղ աշխատանքները դիտում էին համերգային ծրագրի ներքո:
«Ամեն գործը մի աշխարհ ու հոգու համար մի լույս է: Եթե գալիս ես ցուցահանդես անհնար է, որ հոգիդ մաքրված եւ գեղեցիկ չհեռանաս: Գուցե մեկ օր, մի քանի օր կամ մի քանի ամիս հետո այդ ստացած լույսերը սկսեն շողշողալ մտքիդ եւ հոգուդ մեջ, եւ բանականությունը մաքրվի ավելորդություններից»,- Առավոտի հետ զրույցում հավելեց նկարչուհի Հռիփսիմե Գրիգորյանը:
Ցուցահանդեսը կգործի մինչեւ ապրիլի 14-ը:
Մերի ԻՍԱՅԱՆ