Լրահոս
Օրվա լրահոսը

Կին դեսպանները և հայ կին գործիչները «զրուցում էին հայերեն»

Ապրիլ 06,2017 17:50

Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանում մայրության և գեղեցկության տոնին նվիրված միջոցառում էին կազմակերպել, որը կրում էր «Զրույց՝ հայերեն» խորագիրը։ Միջոցառման հյուրերն էին Հայաստանում հավատարմագրված կին դեսպանները, դեսպանների կանայք և հայ կին գործիչները։ Ներկա էր նաև ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը և Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը։ Կազմակերպիչները շեշտում են, որ այս նախաձեռնությամբ թանգարանը սկսում է օտարերկրյա և հայաստանյան կազմակերպությունների և գործիչների հետ առավել սերտ հարաբերություններ հաստատել, որը կնպաստի հայ մշակույթի և այլ մշակույթների արդյունավետ համագործակցությանը, զարգացմանը և տարածմանը։

Թանգարանի տնօրեն Կարո Վարդանյանը նախ ողջունեց հյուրերին և շնորհավորեց ապրիլյան այս գեղեցիկ տոնի կապակցությամբ, այնուհետև մեկնաբանեց «Զրույց՝ հայերեն» միջոցառումը.

«Մենք անվանեցինք «Զրույց՝ հայերեն», քանի որ կանանց մեծարելու ամենաճիշտ ու տեղին լեզուն մեր մայրենին է։ Վառ օրինակ են մեր մեծերի՝ Սայաթ Նովայի, Չարենցի, Տերյանի, Դուրյանի ստեղծագործությունները, որտեղ նրանք կնոջը մեծարել են մեր լեզվի ամենաճոխ արտահայտչամիջոցներով։ Ճիշտ է, մարտի 8-ը ավելի մեծ խանդավառություն է առաջացնում հասարակության շրջանում, բայց ապրիլի 7-ը մեծ խորհուրդ է կրում իր մեջ, քանի որ այս տոնով մենք մեծարում ենք ոչ միայն կանացի գեղեցկությունը, այլև մայրությունը»։

Այնուհետև Տերյան մշակութային կենտրոնը ներկայացրեց Լիլիթ Մելիքյանի «Անցյալի ապագա» հայկական ազգային հագուստի ցուցադրությունը։ Հյուրերին իր գեղեցիկ կատարմամբ ողջունեց նաև երգչուհի Անուշիկ Հարությունյանը։

Սփյուռքի նախարար Հ. Հակոբյանի կարծիքով այս միջոցառումը շատ լավ առիթ է, որ Հայաստանում հավատարմագրված կին դեսպանները և դեսպանների կանայք ծանոթանան հայկական մշակույթին.

«Կինը հասարակության թիվ մեկ դաստիարակն է և ես ուրախ եմ, որ միամսյակի ընթացքում տարբեր կազմակերպություններ կնոջը մեծարելու գեղեցիկ միջոցառումներ են կազմակերպում։ Եվ իմ կարծիքով, նմանատիպ միջոցառումներ պետք է շատ լինեն։ Հայաստանում հավատարմագրված կին դեսպանները և դեսպանների կանայք ապրելով մեր երկրում շատ կարևոր է, որ ինչ-որ կերպ ներգրավված լինեն մեր ազգային տոներում, մեր հետ միասին նշեն։ Դա լավ միջոց է ազգին ճանաչելու և նրա ազգային մտածողությանը խորթ չմնալու համար։ Եվ այս միջոցառումը նաև հրաշալի առիթ է, որ նրանք միմյանց հետ շփվեն, ծանոթանան»:

Միջոցառման վերջում հրավիրյալներին սպասվում էր անակնկալ։ Պոլսահայ հայտնի երգչուհի Սիպիլը առաջին անգամ հանրությանը ներկայացրեց իր նոր՝ «Ավրորայի աղոթքը» երգը։ Այնուհետև հայտնի կանայք շրջեցին թանգարանի ցուցասրահներով։

Լիլի Խաչատրյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930