Լրահոս
Օրվա լրահոսը

Վեճեր ՀՀԿ-ի չընտրված թեկնածուի ու Բասենի բնակիչների միջև. «Կամ ընտրակաշառքս եք հետ տալիս, կամ գույք եմ տանում ձեր տնից»

Ապրիլ 06,2017 17:13

Շիրակի մարզի Բասեն գյուղից ստացած տեղեկությունների համաձայն, պատգամավոր չդարձած ՀՀԿ թեկնածուներից մեկը հետ է պահանջում իր տված ընտրակաշառքը։ Այստեղ ևս, ինչպես և Գյումրու Անի թաղամասում, թեկնածուի շտաբի աշխատակիցները՝ ցուցակները ձեռքներին, տնետուն ընկնում ու հետ են պահանջում մեկ ձայնի համար տված 10 հազար դրամը։ Եվ երբ բնակիչները հրաժարվում են վերադարձնել, թեկնածուի շտաբի աշխատակիցները սպառնում են 10 հազար դրամի դիմաց գույք տանել տնից։

Բանն այն է, որ բասենցիների ընտանիքի անդամները թվով բավական շատ են, կան ընտանիքներ, որոնք 60-70 հազար դրամ են վերցրել ու խաբել թեկնածուին։

Մենք այս խոսակցությունների իրական լինելը պարզելու նպատակով զանգահարեցինք Բասենի գյուղապետ Համլետ Պետրոսյանին։ Մեր հարցին, թե ի՞նչ է կատարվում Բասենում, ի՞նչ վիճաբանություններ են բնակիչների հետ ընտրակաշառքը վերադարձնելու թեմայով, գյուղապետն ասաց, որ այդ պատմություններից տեղյակ չէ։

Գյուղապետը նաև կատակեց՝ ասելով. «Ձեզ ահազանգողին մի հատ հարցնեիք, թե վերցնելուց, որ վերցնում էիր, հետ տալուց ինչի՞ չես տալիս։ Ինչի՞ էին վերցնում, որ հիմա էլ կրակն ընկնեն, ես որ չվերցրեցի, մեռա՞։ Թեև նորից եմ կրկնում, ես տեղյակ չեմ ձեր ասած պատմություններից, վիճաբանություններից։ Ես էնքան զբաղված եմ, բան ու գործ չունեմ՝ իրենց հարցերով պիտի զբաղվե՞մ»։

Գյուղապետն ասաց, որ գյուղը 1300 ընտրող ունի, բայց հազիվ 816-ն են մասնակցում ընտրություններին։ Ըստ նրա, գյուղացիները, ինչպես և ամբողջ Շիրակի մարզում, վարկանիշային թեկնածուներից նախապատվությունը տվել են Արման Սահակյանին։ Վերջինս մոտ 170 ձայն է հավաքել։

«Մի անգամ քարոզարշավի չեն գալիս ախր, թեև ասեմ, որ խարդախություն չի եղել, ոչ մեկը չի կարող ասել, թե ընտրությունները մաքուր չեն անցել, ժողովուրդը ինքն է ուզել, թող իր ճակատագրին տեր կանգնի»,- ասաց գյուղապետը։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Լուսանկարը՝ https://shtigen.com կայքի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Նեսաբ says:

    Շատ էլ լավ է անում հետ է պահանջում:Պետք է պատժել այդ անշնորհակալ և անպատկառներին:

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930