Լրահոս
Օրվա լրահոսը

«Չենք էլ պնդում, թե հենց վաղը պատրաստ ենք ԵՏՄ-ից դուրս գալ, ռիսկեր կան». ԵԼՔ-ի մամուլի խոսնակ

Ապրիլ 06,2017 16:10

Aravot.am-ի հետ զրույցում ԱԺ անցած «ԵԼՔ» դաշինքի մամուլի խոսնակ Տիգրան Ավինյանը մեկնաբանեց տնտեսագետ Աշոտ Եղիազարյանի՝ այսօր հնչեցրած կարծիքը, թե «ԵԼՔ»-ը չի բացատրում, թե առանց ԵՏՄ-ից դուրս գալու՝ ինչպե՞ս է նպաստելու ՀՀ-ի՝ ԵՄ-ին անդամակցելուն, եւ որ դաշինքի սպասողական վիճակը, թե ԵՏՄ-ն ինքնաբերաբար կփլուզվի, կհանգեցնի նրան, որ ՌԴ-ն Արցախի հարցում ՀՀ-ին զիջումներ կպարտադրի, ինչն էլ կհանգեցնի պատերազմի:

«Այն պնդումները, որ ԵՏՄ-ի եւ ԵՄ-ի հետ համապարփակ առեւտրի պայմանագիրն անհամատեղելի է, իրականությանը չեն համապատասխանում: Դա շատ բարդ բանակցային, բայց հնարավոր գործընթաց է»,-մեզ հետ զրույցում ասաց Տիգրան Ավինյանը:

Նա նշեց, որ «ԵԼՔ»-ի ծրագրում Աշոտ Եղիազարյանի մատնանշած՝ «սպասողական» տրամադրություններ չի տեսնում. «Մենք ասում ենք, որ ամեն շրջադարձ կատարելիս պետք է բոլոր ներքին եւ արտաքին ռիսկերը գնահատել: Մեր համոզմամբ՝ ԵՏՄ-ից դուրս գալու հարցը ռեալ գնահատման կարիք ունի: Դրա համար չենք էլ պնդում, թե հենց վաղը պատրաստ ենք ԵՏՄ-ից դուրս գալ, որովհետեւ բոլոր ռիսկերը պետք է հաշվի առնենք»:

Հետաքրքրվեցինք, թե «ԵԼՔ»-ը ԱԺ-ում լինելով միակ եվրոպամետ ուժը, ինչպե՞ս է լուծելու ԵՏՄ-ից դուրս գալու հարցը: «Մեր համոզմամբ՝ ԵՏՄ-ին անդամակցելը եղել է լուրջ սխալ: Բայց ունենք այն, ինչ ունենք: Հետեւաբար, պետք է ԵՄ-ի հետ նորից բանակցություններ սկսենք նոր պայմանագրի շուրջ, որը հնարավորություն կտա կամ համատեղելի լինել ԵՏՄ-ի հետ, կամ փաստացի բոլոր ռիսկերը հաշվի առնելով՝ գնալ ԵՄ-ի ուղղությամբ: Մենք այս պահին հստակ պատասխան չունենք, ամեն ինչ կախված է ծանր ու բարդ բանակցությունների ընթացքից»,-պատասխանեց Տիգրան Ավինյանը:

Նա կրկին ընդգծեց, որ ՀՀ-ն ԵՏՄ-ի եւ ԵՄ-ի հետ պետք է նորից բանակցի. «Հենց այստեղ ենք դիտարկում նաեւ Արցախի հարցը: Մենք ասել ենք, որ ԵՏՄ-ին անդամակցելը ռիսկեր է պարունակում նաեւ Արցախի հարցի արդարացի կարգավորման համար»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930