Լրահոս
Օրվա լրահոսը

«Քյարամի հայացքը պարտավորեցնում է տեր կանգնել մեր ապագային»․ Մենագրություն՝ Քյարամ Սլոյանի հիշատակին

Ապրիլ 06,2017 15:40

Շիրակի պետական համալսարանի պատմության ու իրավագիտության ամբիոնի վարիչ, պատմական գիտությունների թեկնածու, դոցենտ, ՀՀ ԳԱԱ արևելագիտության ինստիտուտի առաջատար գիտաշխատող Հովհաննես Խորիկյանի նոր գիրքը՝ «Փոքր Ասիայի սատրապական բաժանումը մ. թ. ա. VI-IV դարերում», նվիրված է ապրիլյան պատերազմի հերոս Քյարամ Սլոյանի հիշատակին։ Նշենք, որ գրքի բովանդակությունը հերոսի մասին չէ։

Հեղինակն Aravot.am-ի հետ զրույցում ասաց․ «Գիտական հետաքրքրություններիս շրջանակում նոր հրատարակված մենագրությունս՝ «Փոքր Ասիայի սատրապական բաժանումը մ. թ. ա. VI-IV դարերում», նվիրեցի ապրիլյան պատերազմի հերոսներից մեկին՝ Քյարամ Սլոյանին: Աշխատությունս ունի զուտ գիտական բովանդակություն և նվիրված է Աքեմենյան տիրապետության դարաշրջանի Փոքր Ասիայի վարչական բաժանման ու էթնիկական հիմնահարցերի պատմության ուսումնասիրությանը: Այս համատեքստում, հարկավ, աշխատանքը ձեռք է բերում նաև քաղաքական նշանակություն, քանի որ Փոքր Ասիայի տարածքում հազարամյակներ հետո ստեղծված Թուրքիայի Հանրապետությունը պետական քաղաքականության մակարդակով խեղաթյուրում և նենգափոխում է իր տարածքի հին պատմությունը:

Չխորանալով պատմագիտական հարցերի մեջ՝ ասեմ, որ պատմաբանի համար անցյալի նկատմամբ գիտական անաչառ հետահայացությունը պահանջում է մտահոգևոր լուրջ ճիգ՝ չտրվելով հույզերին և զգացմունքներին: Այդուհանդերձ պատմաբանի համար իր ապրած ներկայի արտաքին և ներքին միջավայրի փոփոխությունները չեն կարող ընկալվել առանց հույզերի: Ահա բուռն հույզերի ու աննկարագրելի ապրումների հետ էր կապված 2016 թվականի ապրիլյան պատերազմը, երբ մեր զինվորները, մարդատյաց թշնամու դեմ կռվելիս, ցուցաբերեցին սխրագործության բազում հիասքանչ օրինակներ: Այդ օրինակներից մեկն էլ կապված է եղբայրական եզդի ժողովրդի քաջարի զավակ Քյարամ Սլոյանի անվան հետ:

Այլ բան է, երբ հերոսների մասին իմանում ես գրքերից, այլ բան է, երբ հերոսը քո ժամանակակիցն է: Իհարկե, Քյարամի մահը եղերական էր, անմարդկային, սակայն բացարձակ հերոսը ծնվում է հենց այդ կերպ, որպեսզի նրանով ապրեն և նրան ընդօրինակեն սերունդները: Քյարամի հայացքը հավիտենապես կպարտավորեցնի տեր կանգնելու մեր ապագային. սա է Հերոսի պատգամը մեզ ու մեր զավակներին»:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930