Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչո՞ւ Մանախի ու «Ելք» դաշինքի վստահված անձանց միջադեպը չեն տեսագրել

Ապրիլ 06,2017 15:25

Մարտի 31-ին «Ելք» դաշինքի վստահված անձանց վրա զինված հարձակման գործով միակ տուժող Հայկ Սարգսյանի պաշտպան Նիկոլայ Բաղդասարյանը պնդում է, որ իրենց համար դրական էր գործով կալանավորված «Մանախ» մականունով հայտնի Արթուր Այվազյանի ցուցմունքի հրապարակումը:

Պարոն Բաղդասարյանի խոսքով, տուժողի ու մեղադրյալի միջեւ առերեսումներ դեռ չեն եղել:

«Մեզ համար բավականին դրական գործընթաց գնաց, որ մյուս կողմի փաստաբանը հրապարակեց իր վստահորդի ցուցմունքները, արդեն ունենք Հայկ Ալումյանի կողմից հրապարակված ցուցմունքը, ըստ այդմ կհիմնավորենք, որ իր կողմից տրված փաստերը չեն համապատասխանում իրականությանը: Նրա ներկայացրած փաստերը գոյություն չունեն»,- ասաց պարոն Բաղդասարյանը:

Մեր դիտարկմանը, թե Հայկ Ալումյանի համար հարցական է մնացել, թե ուր են միջադեպի տեսանյութերը, որովհետեւ, ըստ պարոն Ալումյանի. «Ընդունենք՝ Նիկոլ Փաշինյանի երիտասարդներն են ճիշտ ասում, բա մենք չգիտե՞նք, որ մի փոքր բանավեճի դեպքում, կռիվ էլ չէ, նրանք միանգամից հեռախոսը վերցնում են, սկսում նկարել, բա ուր են այս դեպքում այդ տեսագրությունները, բա երիտասարդներ՝ ձեր տեսանյութերը ինչու չեք տեղադրել համացանցում, որ մենք նայեինք ու ասեինք՝ վայ դուք ճիշտ եք կամ ճիշտ չեք, ինչու չեք տեղադրել համացանցում՝ ձեր բնավորությանը համապատասխան»:

Պարոն Բաղդասարյանն արձագանքելով Հայկ Ալումյանին՝ պատասխանեց. «Ինքը թող կոնկրետ ասի, որ այդ երիտասարդները, որոնք մասնակցել են միջադեպին, երբեւէ նման բան են արել, այսինքն, թող ինքը այդ փաստը սկզբում հաստատի, հաջորդ անգամ ես կապացուցեմ՝ ինչու տեսանյութեր չեն եղել: Այս տղաները մարզադպրոցի տղաները չեն (խմբ. նկատի ունի Նոր Նորքի մարզադպրոցի միջադեպը, պատահաբար, որպես համակիր , այդ տղաներից Գոռը, որը կոնկրետ գործել է, առավոտյան է ծանոթացել Նիկոլ Փաշինյանի հետ եւ առաջարկել է մասնակից դառնալ այդ գործընթացին»:

Պարոն Բաղդասարյանից նաեւ հետաքրքրվեցինք՝ տեղեկություն ունի՞ իր վստահորդը կամ այդ միջադեպի մասնակիցները դեպքի վայրից զանգե՞լ են Սասուն Միքայելյանին կամ Նիկոլ Փաշինյանին, ինչպես Արթուր Այվազյանն է իր ցուցմունքում պատմել, որ հորդորել է երիտասարդներին զանգել նրանց՝ վստահեցնելով, որ զանգի միջոցով Սասուն Միքայելյանն ու Նիկոլ Փաշինյանը նրանց կասեն՝ ինչ անեն: Ի պատասխան՝ պարոն Բաղդասարյանն ասաց. «Դա ասում է Հայկ Ալումյանն իր վստահորդի բառերից, դատաքննության ժամանակ կներկայացնենք ապացույցներ, բազմաթիվ վկաներ կան, որ Ալումյանի ասածը, որը հնչեցրել է իր վստահորդի անունից, ընդամենը նպատակ է հետապնդել իր իրավունքները պաշտպանելու, կամ Հայկ Ալումյանն ասում է՝ զենքը գտնվել է իմ վստահորդի ձեռքում, ու նա հարվածել է Արթուր Այվազյանի գլխին, իսկ վերջինս այդ զենքը վերցրել է իրենից, հետո, չգիտես՝ ինչու, այդ զենքը հայտնվել է Նիկոլ Փաշինյանի մոտ: Կան ականատես վկաներ, որոնք կհայտարարեն ու կարծում եմ՝ ցուցմունք կտան փաստերի վերաբերյալ, կտեսնեք, որ հենց Հայկ Ալումյանի փաստարկներով, թե Արթուր Այվազյանը հաղթանդամ է, իսկ այդ երիտասարդ երեխաները նիհար, ճլեզ մարդիկ են, այդ փաստարկներով կհիմնավորենք, որ այդպես չէ»:

Մեր հարցին, որտեղի՞ց են Արթուր Այվազյանի դեմքին հայտնվել վնասվածքները, ինքնավնասվե՞լ է, պարոն Բաղդասարյանը պատասխանեց. «Եթե Հայկ Ալումյանը ներկայացրել է վնասվածքներն ու պնդում է՝ իր պաշտպանյալն է պաշտպանվել, ես էլ պնդում եմ, որ իմ պաշտպանյալն է պաշտպանվել, հետեւաբար, հարցը հետեւյալն է՝ ով է եղել նախահարձակը, ով է եղել պաշտպանվողը, դա դատաքննության ժամանակ վկաներն ու ականատեսները կներկայացնեն»:

Անդրադառնալով վիճաբանության պատճառին՝ Նիկոլայ Բաղդասարյանն ասաց. «Մենք ճիշտ հակառակ ապացույցներն ունենք, որ դրոշը Արթուր Այվազյանը գետնից չի վերցրել, ունենք ապացույցներ, որ դրոշը հողի մեջ չի խրել, որ մնա, նա չի ներկայացնում, բայց մենք ունենք ապացույց, որ Նիկոլ Փաշինյանի պաստառի վրա փչել են ու փակել Փաշինյանի երեսը, այս բոլոր փաստերը կներկայացնենք ու գնահատականը կթողնենք հանրությանը՝ արդյոք սա արվել է ա՞յլ, թե՞ քաղաքական դրդապատճառով: Քարոզարշավի ժամանակ թեկնածուի երեսը ինչի՞ համար են ներկում»:

 

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930