Լրահոս
Օրվա լրահոսը

«Այս ընտրությունը եղել է ընտրություն փողի և ավելի շատ փողի միջև». Ստյոպա Սաֆարյան

Ապրիլ 06,2017 15:10

«Այս ընտրությունը եղել է ընտրություն փողի և ավելի շատ փողի միջև»,-«Հայելի» ակումբում լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց «Ազատ դեմոկրատներ» կուսակցության համամասնական ցուցակով պատգամավորի թեկնածու առաջադրված Ստեփան Սաֆարյանը:

Նա հավաստիացրեց, թե այդ իրականության վկայությունն են ռեյտինգային թեկնածուների հավաքած քվեները. «Եթե առաջին հորիզոնականում գտնվում է Արայիկ Գրիգորյանը, երկրորդում Կարեն Կարապետյանը, երրորդում՝ Սամվել Ալեքսանյանը և շարունակ: Ինքներդ հասկանում եք, որ այստեղ մեր ստացած տոկոսները ոչ մեր արժանիքների, ոչ էլ մեր ծրագրերի արտացոլումն են»:

Պարոն Սաֆարյանը հայտարարեց, թե համատարած գրանցվել են ուղղորդված, վերահսկվող քվեարկություններ, ուղղակի քվեի տոնավաճառ. «Նոր չէ, որ պիտի ասեմ, որ դպրոցների, մանկապարտեզների տնօրեններից, համատիրություններից սկսած բոլորը ցուցակներ ունեին, որով և՛ ընտրակաշառք էր առաջարկվում, և՛ տանում էին տեղամաս»: Պարոն Սաֆարյանը հիշեցրեց, թե երկու քաղաքական ուժեր՝ ՀՀԿ-ն ու «Ծառուկյան» դաշինքը, բացահայտ բարեգործություն էին անում. «Իվետա Տոնոյանի և Հերմինե Նաղդալյանի հայտարարություններին հղում չանեմ, որ ասում են, թե դա հոգու արտացոլանք է, նվիրատվություն, սա արդեն ամեն ինչի մասին ասում է»:

Պարոն Սաֆարյանը թվարկեց մի շարք օբյեկտիվ գործոններ, որոնք ազդեցություն ունեցան «Ազատ դեմոկրատների» գրանցած արդյունքների վրա. «Բարդ էր մտնել անհավասար պայքարի մեջ՝ ունենալով անհավասար ռեսուրսներ: Հաղթող քաղաքական ուժերը՝ օրինակ, ՀՀԿ-ն, տնօրինում են բոլոր վարչական ռեսուրսներին, կամ ուղղակի դաշինքներ են, որոնք իրենց ուժերը միատեղում են»:

Պարոն Սաֆարյանը նշեց նաև իրենց բացթողումները. «Մենք, բավականին ուշ մտանք քաղաքական գործընթացի մեջ: Այն անհատների մասին է խոսքը, որոնք միացել էին «Ազատ դեմոկրատների» թիմին: Ուստի այդ դեպքում չես կարող ունենալ այն ելակետային հնարավորությունները, ինչ մյուսները»:

Դառնալով «Ելքի» հետ համեմատություններին՝ պարոն Սաֆարյանն ասաց. «Նրանք ավելի վաղ կային քաղաքական գործընթացներում. Հրազդանի ընտրություններում, ՏԻՄ ընտրություններում»:

Ըստ պարոն Սաֆարյանի՝ ֆինանսական միջոցները լուրջ դերակատարություն են ունեցել. «Անհավատալի փոքր ֆինանսական միջոցներ ենք ներդրել: Մենք չունեինք ոչ հեռուստաընկերություն, ինչպես այլոք, չունեինք շատ այլ հնարավորություններ, մեծ ֆինանսներ՝ ներդնելու քարոզարշավի վրա: 2012-ին, երբ նույն ընտրատարածքում էի առաջադրվել, որը միայն Ավանն ու Նորքն էր ընդգրկում, մի քանի պատիկ ավելի ֆինանսական միջոցներ եմ ներդրել: Ընտրողը սիրում է ներկայություն, ուժ»:

Պարոն Սաֆարյանն ասաց, թե իրենք տեղեկություններ են ունեցել, որ ընտրությունների օրվանից 10 օր առաջ 5 տոկոսին մոտ ընտրազանգված պատրաստ էր քվեարկել «Ազատ դեմոկրատներին», դրանից հետո հանկարծ սկսեցին հարցումներ կազմակերպել, առաջին հերթին ռուսական ծագման, որոնք ընտրողին հասկացնում էին, թե իրենք շանս չունեն: Ուստի դա չէր կարող ազդեցություն չունենալ. «Գելափից, մինչև էքզիթ փոլ: Շատերը խոստովանում էին, թե մտադիր էինք ձեզ ընտրել, բայց քանի որ շանսերը փոքր էին, չընտրեցինք»:

ՀՀԿ-ական Լեռնիկ Ալեքսանյանը հավաստիացրեց, որ այս ընտրությունները մեկ քայլ առաջ էին. «Ժողովրդավարություն, ազատ կամքի արտահայտություն, ուրիշի իրավունքների չոտնահարում: Այս խնդիրները, որ դրված էին մեր առաջ, լուծվել են»:

Լեռնիկ Ալեքսանյանն ասաց, որ ինքն անձամբ դեմ է ընտրակաշառքին. «Եկեք տարբերենք ընտրակաշառքը բարեգործությունից: Ինչի՞ միայն գումար բաժանելու մասին է խոսքը: Այս ընտրությունները ցույց տվեցին, որ մարդիկ, որոնք ընտրակաշառք չեն բաժանել, միևնույն է, շատ քվեներ են ստացել, քանի որ տարվա ընթացքում այնքան էին նյութապես օգնել մարդկանց և՛ ասֆալտ են արել, և՛ դպրոցներ բարեկարգել: Բայց մենք հաճախ ենք չէ ասում, որ ապրի ինքը, այսօր համարում ենք ընտրակաշա՞ռք: Պատկերը ցույց է տալիս, որ այսօր մեր ժողովրդի պահանջը սա է: Ես մտահոգ եմ, որ այսօր ժողովուրդը փող ունեցողից ավելի շատ սպասելիք ունի, քան քաղաքական գործչից»:

Մյուս կողմից պարոն Ալեքսանյանը օրինակ բերեց, թե ինչու՞ ժողովրդին չեն կարողանում հողերի հանձնելու հարցում համոզել, դա վկայում է, որ կարևորը ժողովրդի գաղափարախոսության մեջ նստած լինեն այդ արժեքները: Ստեփան Սաֆարյանն արձագանքեց. «15.000 տան, դա էլ կհամոզեն»:

Պարոն Սաֆարյանը Լեռնիկ Ալեքսանյանի՝ ժողովրդավարության մասին հայտարարություններին այսպես արձագանքեց, թե կամքը արտահայտում են ազատության մեջ, իսկ ժողովրդին պարտադրել են, հակառակ դեպքում հո աննորմալ չէ՞ մեր ժողովուրդը, որ ընտրի մի ուժի, որն արտաքին պարտքը հասցրել է միլիոնների:

Հարցին ինչպե՞ս կմեկնաբանեն Սուրբ Աթոռում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Միքայել Մինասյանի հայտարարությունը, պարոն Սաֆարյանն արձագանքեց, թե իր համար տարօրինակ է, որ դեսպանը խառնվում է մի բանավեճի, որը կապ ունի հետընտրական զարգացումների հետ, ուստի հասկանալի ու բնական չի համարում այդ արձագանքը:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930