«Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնը կազմակերպում է հայկական ֆիլմերի ցուցադրություններ: Ինչպես Aravot.am-ի հետ զրույցում նշեց կինոքննադատ Րաֆֆի Մովսիսյանը, որը ապրիլի 7-ին վարելու է կինոուրբաթը, հիմնականում 30-40-ական թթ ֆիլմեր են ցուցադրվելու:
«Այդ շրջանում «Հայֆիլմը» ձեւավորված արտադրական կառույց էր, բայց որոշակի պարտավորություններ ուներ խորհրդային գաղափարախոսության իմաստով, ուստի այդ շրջանի ֆիլմերում գաղափարախոսությունն ամենավառն է արտահայտված` Երկրորդ համաշխարհային պատերազմ, Հայրենական պատերազմ, այսինքն նկարահանվում էին ֆիլմեր, որոնք կրում էին խորհրդային գաղափարախոսության անմիջական ազդեցությունը»,- փաստում է կինոքննադատը: Օրինակ, հայկական կինոյի նվիրյալ Համո Բեկնազարյանի «Զանգեզուրը», որ 1938 թվականին է նկարահանվել, Րաֆֆի Մովսիսյանի ձեւակերպմամբ ռեժիսորի, թերեւս, ամենաքաղաքականացված ֆիլմն է, հայկական կինոյի աստղերն են այնտեղ նկարահանվել, բայց միեւնույն է` «Զանգեզուրում» զգալի է վառ արտահայտված քաղաքական, գաղափարական ճնշումը:
«Մեզ համար կարեւոր է ցուցադրել այդ ֆիլմը ու փորձել հասկանալ՚՝ եղած գաղափարական ճնշումներն ինչքանո՞վ են պահպանվել այսօր` նորանկախ Հայաստանում եւ ընդհանրապես ինչ է նշանակում կինո-քաղաքականություն փոխհարաբերությունը: Նաեւ հետաքրքիր է դիտարկել, թե մոտավորապես 70-80 տարի հետո ինչքանով է ֆիլմը մնացել ֆիլմ եւ ինչքանով է այդ գաղափարական ճնշումը թուլացել: Մի խոսքով, կցուցադրվի «Զանգեզուր» ֆիլմը եւ քննարկումն այս համատեքստում կընթանա»,-նշեց մեր զրուցակիցը:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարը` Րաֆֆի Մովսիսյանի ֆեյսբուքյան էջից:
https://www.facebook.com/TumoCenter/videos/1385719904799505/?pnref=story