Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանում մարտի 30-ից ընթանում է Արփինե Թանդարյանի դատավարությունը: Նա մեղադրվում է այն բանում, որ 2016թ. սեպտեմբերի 18-ին կայացած խոշորացված Այրում համայնքի ղեկավարի եւ ավագանու ընտրությունների ժամանակ հանդիսանալով Պտղավան գյուղում տեղակայված թիվ 40/05 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի անդամ, ունենալով ընտրացուցակը լրացնելու իրավասություն, գործով չպարզված թեկնածուի օգտին քվեարկելու նպատակով ընտրացուցակում լրացրել է մահացած Վասիլի Ղեւոնդովի նույնականացման քարտի տվյալները եւ նրա փոխարեն կատարել քվեարկություն:
Արփինե Թանդարյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը: Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 153 հոդվածով («Կեղծ տվյալներ հայտնելու, կեղծ փաստաթուղթ ներկայացնելու կամ որեւէ այլ եղանակով մեկից ավելի անգամ կամ այլ անձի փոխարեն քվեարկելը»): Սույն հոդվածով բնութագրվող արարքը պատժվում է 2-5 տարի ժամկետով ազատազրկմամբ, 1-3 տարի ժամկետով պետական կամ տեղական ինքնակառավարման մարմիններում որեւէ պաշտոն զբաղեցնելու, ինչպես նաեւ ընտրական հանձնաժողովի անդամ, վստահված անձ կամ դիտորդ լինելու իրավունքից զրկելով կամ՝ առանց դրա:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ