Սիրիայում խաղաղ բնակչության դեմ քիմիական զենք է օգտագործվել: Նման հայտարարությամբ հանդես է եկել Թուրքիայի արդարադատության նախարար Բեքիր Բոզդաղը:
Նրա խոսքով՝ Թուրքիայում Սիրիայի Իդլիբ նահանգի բնակիչների աճյունների դիահերձումն ապացուցել է քիմիական զենքի կիրառման փաստը:
«Դիահերձումը ցույց է տվել, որ Իդլիբում քիմիական զենք է կիրառվել»,-ասել է նախարարը:
Սիրիացի զինվորականները հերքում են քիմիական զենքի կիրառումը՝ պնդելով, որ տեղի ունեցածի պատասխանատուն «Ալ-Կաիդա»-ի հետ կապված ահաբեկչական խմբավորումն է: Ռուս զինվորականների տվյալներով՝ սիրիական ավիացիայի թիրախը եղել է պահեստը, որտեղ գրոհայինները քիմիական զենք են պահել:
Կարդացեք նաև
Հիշեցնենք, որ ապրիլի 3-ին Սիրիայի Իդլիբ նահանգի Խան-Շեյխուն քաղաքում ավելի քան 7 տասնյակ մարդ է զոհվել ռմբակոծությունից հետո: Զոհերի մեծ մասի մոտ եղել են քիմիական ծանր թունավորման ախտանիշներ:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը դատապարտել է խաղաղ բնակիչների սպանությունը: «Դա անարգանք էր մարդկության հանդեպ: Երբ սպանում են երեխաների, նորածինների, անցնում են սահմանագիծը»,-ասել է Թրամփը: