Լրահոս
Օրվա լրահոսը

Վարդան Արամյանը պարզաբանում է` մինչ ընտրությունները գնաճն արհեստակա՞ն էին զսպում, թե՝ ոչ (Տեսանյութ)

Ապրիլ 06,2017 14:37

Ֆինանսների նախարար Վարդան Արամյանն ինչպե՞ս կբացատրի ընտրություններից հետո տեղի ունեցած գնաճը:

«Գնաճը պետք է հետ գար իր բնականոն մակարդակին, այսօրվա դրությամբ մենք ունենք ինֆլյացիա եւ շատ նորմալ է, որ մեր նման տնտեսություններն ունենան շուրջ 4 տոկոսանոց գնաճ, դա նաեւ նպաստում է տնտեսական աճին»:

Պարոն Արամյանի մեկնաբանություններն առավել մանրամասն` տեսանյութում

Aravot.am-ի հարցին, թե այսինքն` գնաճը արհեստական զսպո՞ւմ էին մինչեւ ընտրությունները, Վարդան Արամյանը պատասխանեց. «Գնաճի վրա ազդում են տարբեր ցուցանիշներ: Ազդել են եւ արտաքին աշխարհից եկող բացասական ազդեցությունները եւ մեր տնտեսության պահանջարկի շուկան: Սա տնտեսագիտական կատեգորիաներ են, որ ակնհայտ է մեզ մոտ առաջացրել են ցածր գնաճային միջավայր: Բնականաբար Կենտրոնական բանկն իր ջանքերը պետք է ուղղի, հետ բերի 4 տոկոսանոց միջավայրի, ինչը որ ԿԲ-ն անում է»:

Կառավարության նիստում ֆինանսների նախարարն ասաց, որ լավ լուր ունի. Ըստ նրա, հաշվի առնելով այն, որ այս տարվա առաջին եռամսյակում հարկային հավաքագրումները գերակատարվել են, կառավարությունը լրացուցիչ գումար կուղղի կապիտալ ծախսերի իրականացմանը:

Ըստ Վարդան Արամյանի, կառավարության ջանքերի արդյունքում հարկահավաքումը շատ ավելի բարձր է, քան դրված է բյուջեի հիմքում:

«Ինչո՞ւ, որովհետեւ 3.2 տնտեսական աճը մեր թիմի ամբիցիան չէ: Մեր ամբիցիան շատ ավելի բարձր տնտեսական աճն է, եւ մենք միջնաժամկետում ակնկալում ենք ունենալ շատ ավելի բարձր տնտեսական աճի ցուցանիշներ: Իսկ դրա պայմաններում շատ ավելի կարևոր է, որ լրացուցիչ միջոցները մենք վերաուղղենք կապիտալ ծախսերին»,- ասաց պարոն Արամյանը:

Նա նշեց, որ միջազգային կառույցների հետ քննարկումների ժամանակ շուրջ 98 մլն դոլար գումար առանձնացրել են այն ծրագրերի համար, որոնք կարելի է այս տարի իրականացնել: Սակայն այստեղ պետք է հաշվի առնել մեկ հանգամանք, որ եթե արտաքին ֆինանսական կազմակերպություններից 98 մլն դոլար վերցնեն ու ծախս կատարեն, դա ազդում է պարտքի եւ դեֆիցիտի ցուցանիշի վրա:

Նախարարի խոսքով. «Կարեւոր է, որ մենք կարողանանք պարտքը միջնաժամկետում կայունացնենք»:

Ֆինանսների նախարարի տվյալներով, առաջին եռամսյակում 1 տրիլիոն 135 միլիարդի ադեկվատ ծրագիրը գերակատարել են. «Այսինքն՝ գերակատարել ենք 11.5 մլրդ դրամով: Դա նշանակում է, որ եթե այդ վարքագիծը մենք կարողանում ենք պահպանել, իսկ մենք կարծում ենք, որ ՊԵԿ մեր գործընկերները բավական ագրեսիվ են, որպեսզի բարեփոխումները իրականացնեն հարկային ու մաքսային քաղաքականության ոլորտում, մեզ համար հասանելի կլինի շատ ավելի բարձր ցուցանիշ: Շուրջ 50 միլիարդով մենք կարող ենք բարձրացնել հարկային եկամուտները եւ միեւնույն ժամանակ այդքան էլ կատարել կապիտալ ծախսեր, որպեսզի շատ ավելի բարձր տնտեսական աճի ցուցանիշ թիրախավորենք 2018 թվականին»:

Ի պատասխան Կարեն Կարապետյանը նկատեց, որ կառավարությունն այս մասին հայտարարում է ընտրություններից հետո, որպեսզի մինչ ընտրությունները այդ ամենը շահարկումների թեմա չդառնար:

«Նախ, ՊԵԿ-ի աշխատանքը առաջին կվարտալում գնահատում ենք լավ: Եվ դա է մեզ իրավունք տվել նման գործողությունների գնալ: Երկրորդ, մենք այս քայլին գիտակցաբար գնում ենք եւ հատուկ ընտրություններից հետո հաջորդ կառավարության նիստում ենք ասում, որպեսզի որեւէ մեկը մեզ չմեղադրեր, որ մենք պոպուլիզմով ենք զբաղվում: Այս լուծումը մեզ մոտ նախապատրաստված էր մինչեւ ընտրություններ: Երրորդ, մենք շատ լավ գիտակցում ենք, որ ՊԵԿ-ի առաջ դնում ենք բավական ծանր խնդիր: Սա ընդհանրապես աննախադեպ է, երբ որ տարվա մեջ պլանը գերակատարելու ժամանակ մենք պլանը փոխում ենք: Չորրորդ, մենք ՊԵԿ-ից սպասում ենք երկրորդ փուլի բարեփոխումների ծրագրի իրականացմանը»,- ասաց վարչապետը:

 

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930