Լրահոս
Օրվա լրահոսը

Կառավարության ծրագրով հաստատված միջոցառումների և գերակա խնդիրների կատարման վերաբերյալ հաշվետվություն կներկայացվի

Ապրիլ 06,2017 14:15

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը: Նախքան օրակարգային հարցերի քննարկումը վարչապետը մի շարք հանձնարարականներ է տվել:

Կառավարության ծրագրով հաստատված միջոցառումների և գերակա խնդիրների կատարման հաշվետվության վերաբերյալ գործադիրի ղեկավարը նշել է. «2016 թվականի հոկտեմբերի 21-ին ՀՀ Ազգային ժողովը հավանություն տվեց մեր կողմից մշակված ՀՀ կառավարության ծրագրին: Հաշվի առնելով, որ կարճաժամկետ միջոցառումների համար սահմանված ժամկետն ավարտվել է, և առկա է նոր միջոցառումների և գերակա խնդիրների մշակման անհրաժեշտություն՝ հանձնարարում եմ հանրապետական գործադիր մարմինների ղեկավարներին 1-շաբաթյա ժամկետում կառավարության աշխատակազմ ներկայացնել 2016 թվականի կառավարության ծրագրով հաստատված միջոցառումների և գերակա խնդիրների կատարման վերաբերյալ հաշվետվություն»: 1-ամսյա ժամկետում կառավարության աշխատակազմ կներկայացվի ոլորտային զարգացման 5 տարվա ծրագիր՝ մանրամասնելով առաջիկա տարվա հիմնական ուղղությունները, միջոցառումները և գերակա խնդիրները, հստակ նշելով դրանց կատարման իրատեսական ժամկետները:

Հաշվի առնելով հանրության հետ հետադարձ կապի կարևորությունը և անհրաժեշտությունը՝ վարչապետը հանձնարարել է ոլորտային զարգացումների և իրականացված գործողությունների վերաբերյալ հանրությանը պարբերաբար ներկայացնել համապատասխան տեղեկատվություն։

Նախատեսվում է լուծել 97 բնակավայրերի՝ ներմարզային երթուղիներով, ժամանակակից և հարմարավետ տրանսպորտային միջոցներով սպասարկման հարցը
Անդրադառնալով ներմարզային նոր երթուղային ցանցի և ճանապարհաշինության խնդրին՝ Կարեն Կարապետյանը նշել է. «Հայաստանի Հանրապետության բնակավայրերի տրանսպորտային հասանելիության մակարդակը բավարար չէ. 97 համայնք չի սպասարկվում ներմարզային երթուղիներով։ Այդ իսկ պատճառով խիստ անհրաժեշտ եմ համարում հանրապետությունում երթուղային ցանցի, մասնավորապես՝ ներմարզային ցանցի արդիականացմանն ուղղված աշխատանքների անհապաղ իրականացումը: Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարն արդեն ստացել էր համապատասխան հանձնարարական, սակայն հարկ է նշել, որ տրանսպորտային համակարգի բարեփոխումները սերտորեն կապված են նաև միջպետական, հանրապետական նշանակության և համայնքային ճանապարհների տեխնիկական վիճակի հետ: Տվյալ խնդրի շուրջ ունեցել ենք քննարկումներ, բայց կարծում եմ՝ ժամանակն է սահմանել խնդրի լուծման հստակ վերջնաժամկետները»: Այդ նպատակով գործադիրի ղեկավարը ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարին հանձնարարել է 3-շաբաթյա ժամկետում ամփոփել և կառավարության աշխատակազմ ներկայացնել հանրապետության և մարզերի համար նախատեսված ուղևորափոխադրման երթուղային ցանցի նոր տարբերակ, որի պարագայում կլուծվի նշված 97 բնակավայրերի՝ ներմարզային երթուղիներով, ժամանակակից և հարմարավետ տրանսպորտային միջոցներով սպասարկման հարցը:

Հանձնարարվել է 3-շաբաթյա ժամկետում ակտիվացնել ՀՀ-ում միջպետական և հանրապետական նշանակության ճանապարհների պետբյուջեից և վարկային ծրագրերով ֆինանսավորվող շինարարական և վերականգնողական աշխատանքները, և կառավարության աշխատակազմ ներկայացնել տվյալ աշխատանքների վերաբերյալ ամփոփ տեղեկատվություն 2017թ. նախատեսված աշխատանքների վերաբերյալ: 1-ամսյա ժամկետում կմշակվի և կառավարության աշխատակազմ կներկայացվի «ՀՀ ճանապարհների շինարարության և պահպանման» հիմնադրամի ստեղծման անհրաժեշտության վերաբերյալ հիմնավորումը՝ հաշվի առնելով միջազգային լավագույն փորձը: Առաջարկություն կներկայացվի նաև նշված հատուկ հիմնադրամը ֆինանսական ռեսուրսների ապահովման և հնարավոր աղբյուրների վերաբերյալ:

«Մենք պետք է միջպետական 1800 կմ, հանրապետական 1900 կմ, համայնքային 3800 ճանապարհների հստակ ռանգավորում ունենանք, յուրաքանչյուրի գնահատականը տանք: Պետք է ունենանք յուրաքանչյուր հատվածի վերաբերյալ համապատասխան էլեկտրոնային տեղեկատվություն: Երկրորդ՝ բոլոր վերանորոգման, շինարարական աշխատանքները կազմակերպելու ժամանակ քննարկեք տարբերակ, որ շինարարներին մենք պատվիրակելու ենք ճանապարհի հսկողությունն ու շահագործումը, որպեսզի իմանան, որ հետագայում առաջացած խնդիրներն իրենք են լուծելու: Այդ ամենը պետք է անել առավելագույնս բաց ու թափանցիկ»,- ասել է Կարեն Կարապետյանը՝ հավելելով, որ պետք է տրանսպորտային ցանցը բաժանել լոտերի՝ ըստ շահութաբերության, որպեսզի պոտենցիալ ներդրողը հասկանա իր գործողությունը, բիզնեսի երկարատևությունը, պայմանը: «Պետք է խաղի կանոնները սահմանել սկզբունքային, ռադիկալ և երկարատև: Ձեզանից շատ արագ լուծումներ եմ սպասում»,-նշել է վարչապետը՝ դիմելով ՀՀ տրանսպորտի նախարար Վահան Մարտիրոսյանին:

Կընտրվեն և կքննարկվեն համայնքային զարգացման լավագույն ծրագրերը

Տարածքային կառավարման վերլուծական կենտրոնի վերաբերյալ Կարեն Կարապետյանը նշել է. «Շատ ենք խոսել տեղական ինքնակառավարման ինստիտուտների մասին: Եթե այնտեղ չունենանք էֆեկտիվ կառավարում, մենք ընդհանրապես վիճակը չենք կարողանալու փոխել: Այդ իսկ պատճառով ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարությունում արդեն 1 ամիս է, ինչ ստեղծել ենք Տարածքային կառավարման հատուկ վերլուծական կենտրոն, որի նպատակն է իրականացնել ՀՀ մարզերում ֆինանսական գործունեության վերլուծություն, մոդելավորում, համեմատություն»:
Ելնելով ՀՀ մարզերի զարգացման ռազմավարությանն ու զարգացման ծրագրերին վերաբերող նախկինում տրված հանձնարարականների բովանդակությունից և հաշվի առնելով վերոնշյալը՝ վարչապետը հանձնարարել է ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարին 1-շաբաթյա ժամկետում ընտրել համայնքային զարգացման լավագույն ծրագրերը, և կառավարության աշխատակազմում կազմակերպել դրանց քննարկումը: «Խոսքը յուրաքանչյուր մարզից ընտրված 2-3 չեմպիոն համայնքների մասին է: Խորհրդակցությանը, որին ներկա կլինեն նաև ՀՀ մարզպետերը, տեղեկացնելու ենք Գերմանիայի կառավարության հետ համատեղ իրականացվեիք դասընթացներին մասնակցող համայնքապետերի ընտրության սկզբունքը: Հայտնելու ենք ,թե երբ են սկսվելու դասընթացներն Ամերիկյան համալսարանում»,-նշել է գործադիրի ղեկավարը:
Հանձնարարվել է նաև 1-շաբաթյա ժամկետում կառավարության աշխատակազմ ներկայացնել առաջին վերլուծական նյութը՝ համայնքային ենթակայության տակ գտնվող մանկապարտեզների ֆինանսական գործունեության ուսումնասիրության արդյունքները։ 3-շաբաթյա ժամկետում կառավարության աշխատակազմ կներկայացվեն համայնքային ենթակայության տակ գտնվող դպրոցների ֆինանսական գործունեության և մարզերում աղբահանության և սանմաքրման ոլորտի վերաբերյալ ուսումնասիրության արդյունքները:

Հակակարկտային միջոցառումների արդյունավետության բարձրացմանն ուղղված առաջարկություններ կներկայացվեն

Անդրադառնալով հակակարկտային միջոցառումների իրականացմանը՝ Կարեն Կարապետյանը նշել է, որ նախորդ ամիսների ընթացքում բազմիցս քննարկվել է հակակարկտային կայանների աշխատանքների որակի բարձրացման հարցը: Ելնելով դրանից և բխող ռիսկերից՝ գործադիրի ղեկավարը հանձնարարել է ՀՀ արտակարգ իրավիճակների և գյուղատնտեսության նախարարներին 2-շաբաթյա ժամկետում, համատեղ քննարկելով նախկինում ներկայացված առաջարկությունները, կառավարության աշխատակազմ ներկայացնել առաջիկայում հակակարկտային միջոցառումների արդյունավետության բարձրացմանն ուղղված առաջարկություններ՝ միաժամանակ քննարկման առարկա դարձնելով հնարավոր այլընտրանքային լուծումները, այդ թվում նոր տեխնոլոգիաների ներմուծումը, ցանցային միջոցները և այլն: Ըստ անհրաժեշտության՝ հարցը քննարկել նաև տեխնիկական հնարավոր օժանդակություն տրամադրող այլ գերատեսչությունների հետ:

***

Անդրադառնալով առաջիկայում նախատեսվող թուրքմենական պատվիրակության այցին՝ վարչապետը դիմել է ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկյանին. «Ամփոփում եք ամբողջ նյութերը: Ես ազդակներ ունեմ, որ իրենք շատ լուրջ աշխատում են: Արտաքին գործերի նախարարության միջոցով ճշտում եք թուրքմենական պատվիրակության այցի ժամկետները, կազմը և նախապատրաստվում եք»:

Վարչապետը տեղեկացրել է նաև, որ հաջորդ շաբաթվանից սկսվելու են այցելություններ նախարարություններ, որտեղ կներկայացվեն գերատեսչությունների խնդիրներն ու անելիքները:

 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ
 ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ
ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ
 ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930