Լրահոս
Օրվա լրահոսը

Սյունիքի, Տավուշի ճանապարհները փոսալցում, ճաքալցում են անում, հիմնանորոգելու համար դեռ գումար չկա (Տեսանյութ)

Ապրիլ 06,2017 13:53

Հայաստանի բնակավայրերի տրանսպորտային հասանելիության մակարդակը բավարար չէ՝ 97 համայնք չի սպասարկվում ներմարզային երթուղիներով։

Այսօր կառավարության նիստում այսպիսի մտահոգություն հայտնեց վարչապետ Կարեն Կարապետյանը` նշելով, որ խիստ անհրաժեշտ է համարում հանրապետությունում երթուղային ցանցի, մասնավորապես ներմարզային երթուղիների արդիականացումը:

Ըստ Կարեն Կարապետյանի, տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարն արդեն ստացել էր հանձնարարական այդ հարցով զբաղվելու, սակայն ըստ նրա տրանսպորտային համակարգի բարեփոխումները սերտորեն կապված են նաեւ միջպետական, հանրապետական եւ համայնքային նշանակության ճանապարհների տեխնիկական վիճակի հետ:

Նա տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանին հանձնարարեց երեքշաբաթյա ժամկետում ամփոփել եւ կառավարություն ներկայացնել հանրապետության եւ մարզերի համար նախատեսված ուղեւորափոխադրման երթուղային ցանցի նոր տարբերակ:
Ըստ վարչապետի, դրանով կլուծվի նշված 97 բնակավայրերի ներմարզային երթուղիներով, ժամանակակից եւ հարմարավետ տրանսպորտային միջոցներով սպասարկման հարցը:

Անդրադառնալով վարչապետի հանձնարարականին, նիստից հետո Վահան Մարտիրոսյանը մեկնաբանելով վարչապետի որոշումն, ասաց, որ այն միտված է «կյանքը լավացնելուն»: Aravot.am-ի հարցին, թե առանց ճանապարհները բացելու հնարավո՞ր է կյանքը լավացնել, տնտեսությունն աշխուժացնել, Վահան Մարտիրոսյանը պատասխանեց. «Ո՞նց եք կարծում, մենք վաղը կարող ենք ամբողջ, 4 կողմը ճանապարհները բացե՞լ: Հնարավորինս աշխատում ենք»:

Նախարարից նաեւ հետաքրքրվեցին, թե Տավուշի, Սյունիքի մարզերի ճանապարհները, որոնք համարվում են ռազմավարական ճանապարհներ, անմխիթար վիճակում են, ինչո՞ւ կապիտալ չեն վերանորոգվում, այլ միայն փոսալցվում ու ճաքալցվում են: Ի պատասխան Վահան Մարտիրոսյանն ասաց, որ այդ ճանապարհները պետք է հիմնանորոգվեն. «Հիմի ինչ-որ կատարվում է կամ միջին նորոգում է, կամ` փոսալցման աշխատանքներ: Ճանապարհը հին է, հիմքերն արդեն թուլացել են, դրա համար հիմնանորոգման ծրագիր է պետք»:

Թե երբ կլինի այդ ծրագիրը, պարոն Մարտիրոսյանն ասաց, որ դրանք արդեն կազմվել են եւ ֆինանսների առկայության դեպքում կվերանորոգվեն:

Մանրամասները` տեսանյութում

Վարչապետը նիստում նաեւ նշեց, որ պետք է միջպետական 1800 կմ, հանրապետական 1900 կմ, համայնքային 3800 ճանապարհների հստակ ռանգավորում ունենան, յուրաքանչյուրի գնահատականը տան, ցանցը էլեկտրոնային տարբերակով ունենան՝ յուրաքանչյուր հատվածի վրա համապատասխան տեղեկատվությամբ: Բացի այդ, քննարկելու են, թե որ շինարարներին պետք է պատվիրեն վերահսկման եւ շահագործման աշխատանքները:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930