Սոցիոլոգ Սամվել Մանուկյանի կարծիքով, հանրության մոտ ութսուն տոկոսը, մի քիչ ավելի, մի քիչ պակաս, մտածում են, որ քաղաքական գործիչներն ավելի շատ մտածում են իրենց կուսակցական առաջնորդի մասին, ոչ թե հասարակության: Հասարակության նույն քանակը նաեւ կարծում է, որ պետությունը ավելի շատ մտածում է հարուստների, ոչ թե հասարակության մասին, որ ՀՀ-ի զարգացմանը խոչընդոտում են հենց հարուստները: Սա նշանակում է, որ ՀՀ բնակչության 80 տոկոսն իրեն օտարված է զգում պետությունից: Այսօր «Մեդիա կենտրոնում» կազմակերպված հետընտրական քննարկման ժամանակ սոցիոլոգն անդրադառնալով նրան, որ ապրիլի 2-ին կայացած ընտրություններից հետո հետընտրական զարգացումներ այս անգամ չեղան, ասաց`հասարակությունը շատ լավ գիտի`հետընտրական զարգացումներն ավարտվում են ոչնչով:
Վերլուծելով ընտրական գործընթացները, Սամվել Մանուկյանն ասում է, որ մարդիկ շատ լավ գիտեն, որ նախընտրական խոստումները չեն կատարվում, ուստի, իրենց համար էական է, թե ի՞նչ են անում հիմա քաղաքական ուժերը կամ թեկնածուները. «Ժողովուրդը շատ լավ տեսնում է, որ կուսակցությունները զբաղված են քաղաքական առեւտրով: Ի՞նչ է, դա միայն իրե՞նց մենաշնորհն է: Այդ պատճառով ժողովրդին ասել`գնացին, ծախվեցին, եւ այլն, չի կարելի: Ասեք նաեւ ինքներդ ձեզ»:
Մոտակա 5-6 տարիների կտրվածքով մտածողության եւ մոտեցումների փոփոխություն, սոցիոլոգը չի կանխատեսում:
Կարդացեք նաև
Ընտրություններում «Հայկական վերածնունդի» կրած պարտության հարցում քաղաքագետներ Ալեքսանդր Իսկանդարյանը եւ Արմեն Բաղդասարյանը միակարծիք են` նույն դաշտում էր խաղում ՀՀԿ-ի եւ «Ծառուկյան» դաշինքի հետ, չդիմացավ մրցակցությանը: «Կոնգրես-ՀԺԿ»-ի համար ամենակարեւոր հարցն էլ, Արմեն Բաղդասարյանի համոզմամբ, խորհրդարան անցնելը չէր, այլապես իրենք այլ հռետորաբանություն եւ մարտավարություն կընտրեին: Կարծում է, որ դաշինքն առաջ էր մղել խաղաղության դիսկուրսը հասարակություն բերելու գաղափարը, բայց իր կարծիքով, դա էլ չհաջողվեց:
Արմեն Բաղդասարյանը համարում է նաեւ, որ «ԵԼՔ»-ի հավաքած 8 տոկոսը իբրեւ նոր դաշինքի`լավ էր, բայց շատ քիչ է, որպես առանցքային ընդդիմադիր ուժի: Նա հիշում է`ոչ մի առանցքային ընտրության ժամանակ այսպես չի եղել: Ուստի, կարծում է, որ հետագա պայքարի առումով «ԵԼՔ»-ի ստարտային պայմանները շատ վատն են, թեեւ նրանք լավ ներուժ ունեն: «Նրանք պիտի մտածեն, թե մինչեւ մյուս ընտրություններ ի՞նչ են անելու, որպեսզի Րաֆֆի Հովհաննիսյանի նման իրենց տոկոսները զրո չդարձնեն»,- ասաց քաղաքագետը:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ