Քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանի համար ի սկզբանե էլ պարզ էր, որ խորհրդարանական ընտրություններում ՀՀԿ-ն 40 տոկոսից ավել ձայն կհավաքի, «Ծառուկյան» դաշինքը երկրորդ տեղում կլինի, ԵԼՔ-ը շատ լավ էր աշխատում ու պարզ էր, որ լավ արդյունք պետք է գրանցեր, ինչպես նաեւ, հստակ էր, որ ՀՅԴ-ն պետք է լինի հաջորդ խորհրդարանում:
Գլխավոր դասը, որը քաղաքագետը քաղել է կայացած ընտրություններից, հետեւյալն է. «Ստամոքսով քվեարկելու տրենդը հաղթել է սրտով քվեարկելու տրենդին»:
«Մեդիա կենտրոնում» այսօր հետընտրական թեմաներով կազմակերպված քննարկման ժամանակ, քաղաքագետը նաեւ փաստեց`մեզ մոտ վաղուց է`ոչ գաղափարական մեթոդները հաղթում են գաղափարական կուսակցություններին եւ մեթոդներին:
Ամենահետաքրքիրը եւ նորը հայաստանյան քաղաքական կյանքում Ալեքսանդր Իսկանդարյանը համարում է այն, որ հանրությունը քաղաքական ուժերին մանդատ չտվեց հետընտրական զարգացումներ կազմակերպելու համար: «Այն քաղաքական ուժերը, որոնք պետք է հանրահավաքներ կազմակերպեին, լավ գիտակցում են, որ հինգ հազար մարդուց ավելի չեն կարող հավաքել, իսկ դա շատ արագ կմարի եւ կփոշիանա»,- ասաց նա:
Կարդացեք նաև
Քաղաքագետ Արմեն Բաղդասարյանի համար ևս ընտրությունների արդյունքները միանգամայն կանխատեսելի էին: Նրա կարծիքով, հայաստանյան ընտրությունների պատմության մեջ հետընտրական գործընթացներ էին լինում, քանի որ քաղաքական ուժերի ձայները գողանում էին. «Հիմա չեն գողացել, գնել են: Համաձայնությամբ է եղել իշխանության եւ հասարակության միջեւ: Ո՞ւմ դեմ բողոքեին այդ քաղաքական ուժերը, հասարակությա՞ն»:
Արմեն Բաղդասարյանը կարծում է, որ հիմնական ընդդիմադիր ուժ «Ելք»-ում փորձառու քաղաքական գործիչներ կան, որոնք գիտակցում են, որ հետընտրական գործընթացով կմաշեցնեն իրենց ձայները: Կարծում է, որ իրենք ընտրել են մինչեւ հաջորդ ընտրություն իրենց ընտրազանգվածն աճեցնելու տարբերակը եւ ճիշտ էլ արել են:
Մանրամասները` տեսանյութում
Արմեն Բաղդասարյանը նաեւ ուռճացված է համարում այս ընտրություններում վարչապետ Կարեն Կարապետյանի դերակատարումը`հօգուտ ՀՀԿ-ի: Նա համոզված է, եթե որեւէ ընտրատարածքում Կարեն Կարապետյանը վարկանիշային կարգով առաջադրվեր, 42 հազար ձայն չէր հավաքի, ինչպես Սամվել Ալեքսանյանը, եթե փող չբաժաներ: Եվ հակառակը`եթե Սամվել Ալեքսանյանը լիներ վարչապետ ու փող չբաժաներ, դարձյալ այդքան ձայն չէր հավաքի: Ընտրությունների մասնակցության աննախադեպ ցուցանիշը նա բացատրում է հենց փող բաժանելով:
Մինչդեռ, սոցիոլոգ Սամվել Մանուկյանը հակառակվում է. «Սովետական միությունում փող չէին բաժանում, բայց 99 տոկոսը մասնակցում էր ընտրության»: Նա դա համարում է մշակույթի հարց`«ամոթ ա, պիտի գնանք»:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ