Լրահոս
Օրվա լրահոսը

«Հեշտ է սեփական անհաջողությունը պայմանավորել ընտրակաշառքով». Միհրան Հակոբյան. «Հայոց աշխարհ»

Ապրիլ 06,2017 12:54

Հարցազրույց ՀՀԿ նորընտիր պատգամավոր ՄԻՀՐԱՆ ՀԱԿՈԲՅԱՆԻ հետ

-Ինչպե՞ս կգնահատեիք անցած խորհրդարանական ընտրությունները։

-Իմ կարծիքով՝ մենք ունեցանք շատ լավ ընտրություններ, դրանք ոչ թե, ինչպես ընդունված է ասել, մեկ, այլ մի քանի քայլ առաջ էին: Այս ընտրություններում բացառվեցին կրկնաքվեարկությունները, լցոնումները, հրապարակվեցին մասնակից քաղաքացիների ցուցակները: Ընտրությունները կազմակերպվեցին շատ բարձր մակարդակով։ Ես ուրախ ու հպարտ եմ մեր պետության եւ հասարակության համար, որ կարողացանք պատվով կազմակերպել նման որակի ընտրություններ: Բարձր էին նաեւ դիտորդական առաքելությունների գնահատականները:

-Այս ամենով հանդերձ, նաեւ շատ է խոսվում ընտրակաշառքների մասին։

-Ընտրակաշառքի մասին խոսակցությունները երեկ չեն սկսվել, 10 տարուց ավելի է, որ դրա մասին խոսում են, հատկապես խոսում են այն ուժերը, որոնք ձախողվում են ընտրություններում կամ իրենց չեն բավարարում արդյունքները: Անհաջողություն կրած քաղաքական ուժերը երկար տարիներ նույն մեթոդաբանությամբ փորձում են բացատրել իրենց ձախողման պատճառը:

Ամենավատն այն է, որ այդ ուժերի մի մասը փորձում է առանց լուրջ հիմնավորումների պնդել, թե ընտրություններում հաղթում է ընտրակաշառքը: Նրանք այդ կերպ փորձում են ջրից մաքուր դուրս գալ. հեշտ է սեփական անհաջողությունը պայմանավորել ընտրակաշառքով, խոսել վախի մթնոլորտից, վարչական ռեսուրսից: Եթե ընտրակաշառքն է որոշում ընտրությունների արդյունքը, կնշանակի ընտրողների մեծ մասը ծախված է. ինչո՞ւ եք վիրավորում մեր ժողովրդին։

-Հետաքրքիր պատկեր է ռեյտինգայինների դաշտում: Օրինակ, ՀՀԿ ցուցակին նայելիս համոզվում ենք՝ նախկին օդիոզ դեմքերը չկան, փաստորեն հեղափոխություն կատարվեց շնորհիվ Ընտրական նոր օրենսգրքի:

-Ես չգիտեմ, օդիոզ դեմքեր ասելով՝ ո՞ւմ նկատի ունեք, բայց կարող ենք արձանագրել, որ այս ռեյտինգային ընտրակարգն ավելի սրեց մրցակցությունը, ինչը շատ լավ է: Եթե մենք ընտրել ենք ժողովրդավարության զարգացման ճանապարհը ու հայտարարում ենք, որ չունենք այլընտրանք, ապա պետք է գործենք խիստ մրցակցային պայմաններում: Ռեյտինգային ընտրակարգը հենց դրա ապահովման լավագույն մեխանիզմներից մեկն է:

-ՀՀԿ-ին հաջողվեց ներկայանալ նոր դեմքերով, ներկայանալ սերանդափոխված: Մնում է տեսնել, թե այս փոփոխությունը որակյա՞լ է, այսինքն՝ նորացված իշխանությունն ի զորու կլինի՞ Հայաստանը դուրս բերել դժվարին վիճակից:

-Նայեք ՀՀԿ ցուցակը ու կհամոզվեք, որ սերնդափոխություն ասվածը չի նշանակում, թե եկել են նորելուկներ: Եկել են մարդիկ, որոնք անցել են լուրջ ճանապարհ, ունեն փորձառություն, ունեն հմտություններ: Այսինքն՝ սերնդափոխությունը մեխանիկական չէ, այն շատ լուրջ, մտածված գործընթաց է:

ՀՀԿ ցուցակում այնպիսի մարդիկ չեն, որոնք մինչ այս զբաղված են եղել այլ գործերով ու այսօրվանից պետք է սկսեն քաղաքականությամբ կամ պետական կառավարմամբ զբաղվել: Եկել են երիտասարդ մարդիկ, որոնք ունեն կառավարման փորձ, ունեն լավ կրթություն, ունեն կայուն գաղափարներ:

-Ընտրություններում հաղթած ՀՀԿ-ն ունի հնարավորություն միայնակ ձեւավորելու նոր կառավարություն. այս անգամ եւս կնախընտրեք կոալիցիոն կառավարության ստեղծո՞ւմը, թե՞ միայնակ կստանձնեք կառավարության գործունեության պատասխանատվությունը:

-Նախ՝ ասեմ, որ դեռ քարոզարշավի մեկնակից առաջ ու ընթացքում հայտարարվեց, որ հաղթանակի դեպքում կառավարությունը գլխավորելու է վարչապետ Կարեն Կարապետյանը: Ես սա ամենից կարեւորն եմ համարում: Իսկ կոալիցիա կլինի թե չի լինի՝ ցույց կտա ժամանակը:

ՀՀԿ-ն երբեք չի խուսափել պատասխանատվության ստանձնումից, քավ լիցի, այս տարիներին ՀՀԿ-ն ապացուցեց, որ վախեցողներից ու փախչողներից չէ: Խնդիրն այլ է՝ որքան շատ ուժեր ներգրավված լինեն պետականաշինության գործընթացում եւ պատասխանատվություն ստանձնեն, այդքան լավ կլինի մեր պետության ու ժողովրդի համար:

ՀՅԴ-ի ծրագրերը, մոտեցումները մեծ մասամբ համընկնում են ՀՀԿ-ի պատկերացրած մոտեցումներին ու տեսլականներին, այնպես որ, եթե ՀՀԿ-ն որոշի գնալ կոալիցիոն պատասխանատվության ճանապարհով, ապա գործընկեր ուժը կլինի Դաշնակցությունը:

Հեղինակ՝ Արմինե Սիմոնյան

Հոդվածն ամբողջությամբ կարդացեք «Հայոց Աշխարհ» օրաթերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930