Լրահոս
Օրվա լրահոսը

Ամերիկյան վիզաներ ստանալը բարդանում է. «Հայոց Աշխարհ»

Ապրիլ 06,2017 12:40

Ոչ այնքան հաճելի լուր Միացյալ Նահանգներ այցելել ցանկացող մեր համաքաղաքացիների համար. ամերիկյան վիզա ստանալն աստիճանաբար բարդանում է։
Պետքարտուղար Ռեքս Թիլերսոնի չորս շրջաբերականներում շարադրված նոր կանոնները, որոնք ուղարկվել են ամերիկյան բոլոր դեսպանատներ, չեն տարածվում միայն 38 երկրների քաղաքացիների վրա, որոնց հետ ԱՄՆ-ը համաձայնագրեր ունի ստորագրած առանց վիզայի կամ պարզեցված մուտքի մասին (Visa Waiver Program)։ Դրանց թվին են պատկանում Եվրամիության անդամները եւ Միացյալ Նահանգների ավանդական դաշնակիցները՝ Ավստրալիան, Նոր Զելանդիան, Ճապոնիան եւ Հարավային Կորեան։
Այժմ ԱՄՆ դեսպանատան հյուպատոսական բաժնում ձեզանից կարող են պահանջել նշել ինտերնետում սոցիալական ցանցերը, որտեղ գրանցված եք եղել, եւ էլեկտրոնային փոստի հասցեները։ Եթե խոստովանեք, որ այցելել եք ծայրահեղական կայքեր, ապա ԱՄՆ վիզայի վրա կարելի է խաչ քաշել։

Հարկ է նշել, որ իր նախընտրական խոստումը կատարելու եւ արտասահմանից մուտք գործող հավանական բոլոր ահաբեկիչների համար սահմանի վրա «արտակարգ ստուգման» ռեժիմ մտցնելու նախագահ Թրամփի առաջին փորձը ձախողվեց։ Յոթ երկրի՝ Սիրիայի, Իրանի, Իրաքի, Լիբիայի, Սոմալիի, Սուդանի եւ Եմենի քաղաքացիների մուտքն ԱՄՆ 90 օրով արգելելու եւ Սիրիայից փախստականների մուտքն «անորոշ ժամկետով» արգելելու վերաբերյալ հունվարի 27-ի նախագահական հրամանագիրը դաշնային դատավորների պահանջով միանգամից մի քանի նահանգներում վիճարկվեց եւ կասեցվեց։ Ընդունվեց, որ հրամանագրի դրույթները խախտում են սահմանադրության միանգամից մի քանի հոդված։
Սակայն Թրամփը չհանձնվեց եւ մարտի 6-ին արձակեց հրամանի նոր տարբերակ։ Միաժամանակ նախագահը կարգադրեց պետքարտուղարին, գլխավոր դատախազին եւ ներքին անվտանգության նախարարին՝ հաստատել վիզաների տրման ստուգումը բարելավելու վերաբերյալ նոր արձանագրություններն ու ընթացակարգերը։
Մարտի 10-17-ն ընկած ժամանակահատվածում պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը դիվանագիտական չորս ճեպագիր ուղարկեց՝ ամերիկյան վիզաների տրման նոր կարգի վերաբերյալ պարզաբանումներով։

Վիզայի տրման պահանջների խստացման գլխավոր չափարոշիչը «սեւ ցուցակի» պետություններ այցելելն է։ Բացի դրանից, հատուկ ստուգման ռեժիմի տակ ընկնող օտարերկրացիների կատեգորիայում ընդգրկվում են նաեւ նրանք, ովքեր այցելել են ԻՊ-ի կողմից վերահսկվող տարածքներ։

Այժմ, ինչպես հաղորդում է Reuters գործակալությունը, հյուպատոսական աշխատակիցների խնդիրը կդառնա «սոցիալական ցանցերի պարտադիր վերահսկումը», որտեղ նախկինում գրանցված է եղել վիզայի հայցորդը։
Իրավապաշտպանները խորին կասկածներ ունեն նման ստուգումների սահմանադրականության վերաբերյալ։ Ստուգման կարող են ենթարկվել նույնիսկ մշտական բնակության իրավունքի, «գրին քարտի» տերերը՝ Ամերիկա կատարած կրկնակի այցելության ժամանակ։

Դեռեւս Օբամայի օրոք ներքին անվտանգության նախարարության (DHS) մաքսային եւ սահմանային հսկողության վարչությունը (CBP) 2016 թվականի հունիսին ստեղծեց Ամերիկա ժամանող օտարերկրացիների սոցիալական ցանցերի մասին տեղեկատվություն հավաքելու ծրագիրը։ Սակայն այդ ծրագիրը Օբամայի օրոք ընտրովի բնույթ ուներ։ Այժմ սոցիալական ցանցերը պարտադիր կստուգվեն վիզայի տրամադրման ընթացքում։
Ի դեպ, ստուգումների ընթացքի երկարաձգման պատճառով մնացած բոլորի համար էլ վիզաների տրամադրումը կարող է դանդաղել։ Վիզաների տրման արագությունը կարող է անդրադառնալ նաեւ նրանց վրա, ովքեր չեն հայտնվել հատուկ կատեգորիայում, չեն այցելել «սեւ ցուցակի» երկրներ, ծայրահեղական կայքերի տվյալների բազայում չեն եղել։

 

Հոդվածն ամբողջությամբ կարդացեք «Հայոց Աշխարհ» օրաթերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930