Լրահոս
Օրվա լրահոսը

Հայ թեկնածուներն աննախադէպ յաղթանակներ տարան Գլենդելի ընտրութիւններում. «Ասպարեզ»

Ապրիլ 06,2017 12:12

Հայ Դատի Գլենդելի յանձնախմբի կողմից զօրակցութիւն ստացած բոլոր թեկնածուները յաղթեցին Գլենդելի քաղխորհրդի, Համայնքային քոլեջի խնամակալ մարմնի եւ Միացեալ կրթաշրջանի խորհրդի համար Ապրիլի 4ին կայացած ընտրութիւններում։
Առաջին անգամ ըլլալով, Միացեալ Նահանգների քաղաքներից մէկի կառավարող մարմնում հիմնական մեծամասնութիւն կը կազմեն հայերը՝ քաղխորհրդի հինգ տեղից զբաղեցնելով 4ը: Քուէաթերթիկների նախնական հաշուարկով, թեկնածուներ Արա Նաջարեանը (8305 ձայն) եւ Զարեհ Սինանեանը (7892), որ ունեն Հայ Դատի զօրակցութիւնը, ու Վրէժ Աղաջանեանը (7885) առաջ անցան քաղխորհրդի երեք թափուր տեղերի համար պայքարող միւս եօթ մրցակիցներից (Քաղխորհրդի անդամ է նաեւ Վարդան Կարապետեանը):

Միաժամանակ, Գլենդելի քաղաքապետարանի քարտուղար վերընտրուեց Արտի Քասախեանը (12,630), իսկ գանձապահ՝ Րաֆֆի Մանուկեանը (12,123):
Գլենդելի Համայնքային քոլեջի խնամակալ մարմնի ընտրութիւններում եւս, հայ անդամներից կազմուած մեծամասնութիւն կը լինի: Արդարեւ, վեց անդամից կազմուած խնամակալ մարմնի համար յաղթողներն են՝ Արմինէ Յակոբեանը (3075), Իվետ Վարդանեան-Դեւիսը (1685) եւ Էն Ռենսֆորդը (3539): Ներկայի հայազգի անդամներն են Վահէ Փիրումեանը եւ Էմին Ազարեանը: Նաեւ, առաջին անգամ հայկական մեծամասնութիւն կը լինի Գլենդելի Միացեալ կրթաշրջանի ղեկավար խորհրդում եւս. մրցակիցների նկատմամբ ձայների մեծ առաւելութեամբ խորհրդի անդամ վերընտրուեցին Գրեգ Գրիգորեանը (3030 ձայն), Արմինա Կարպետեանը (3165) ու առաջին անգամ այս պաշտօնում ընտրուեց Շանթ Սահակեանը (1891): Նայիրի Նահապետեանը խորհրդի ներկայի փոխնախագահն է:

Նշենք, որ ընտրութիւնների պաշտօնական արդիւնքները կը յայտարարուեն Ապրիլի 21ին: Հաշուի առնելով, որ հայ թեկնածուները, բոլոր պաշտօնների համար, առաջ անցան իրենց մրցակիցներից գերակշռող ձայներով, վերջնահաշուարկը էական նշանակութիւն չի ունենայ:

Ապրիլի 4ի երեկոյեան, քուէարկութեան աւարտից յետոյ, թեկնածուներն արդիւնքների հաշուարկին հետեւում էին իրենց համակիրների ու համայնքի ներկայացուցիչների հետ միասին: «Վերթիգօ» սրահում հաւաքուած Զարեհ Սինանեանի հիւրերի թւում էին քաղաքական, հասարակական, մշակութային գործիչներ ու ընտրուած պաշտօնեաներ: Մեծ էր նրանց ուրախութիւնը, երբ պարզ դարձաւ իրենց թեկնածուի յաղթանակը: Ներկաները համոզում յայտնեցին, որ առաջիկայ տարիներին ականատես են լինելու նշանակալի բարեփոխումների, ինչպէս տեղի ունեցաւ Սինանեանի՝ քաղխորհրդի անդամ եւ քաղաքապետ լինելու տարիներին։

ՆԱՆԷ ԱՒԱԳԵԱՆ

Նյութի մանրամասները կարդացեք «Ասպարեզ»ի  կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930