Լրահոս
Օրվա լրահոսը

Եթե հասարակությունը համատարած նայում է հայկական եւ հնդկական սերիալներ, պետք է անի նաեւ համապատասխան ընտրություն. Ռուբեն Բաբայան. «Հրապարակ»

Ապրիլ 06,2017 12:07

Ապրիլի 2-ին կայացած խորհրդարանական ընտրություններն ու դրանց արդյունքներն անակնկալի չեն բերել Տիկնիկային թատրոնի գեղղեկավար, բեմադրիչ Ռուբեն Բաբայանին, ավելին՝ նման պատկերը սպասելի էր։ Բաբայանը մեծ փոփոխությունների ցանկությունն այդքան էլ չի կապում ընտրությունների հետ. «Կարծում եմ՝  մի շատ կարեւոր բան տեղի ունեցավ, հանրությունը միգուցե հնարավորություն ունեցավ սեփական պատկերը սթափ տեսնելու հայելու մեջ, եւ լուրջ պետք է աշխատել այդ ուղղությամբ, նկատի ունեմ հասարակության հետ աշխատանքը, որովհետեւ երկրում տեղի է ունենում  ահավոր լյումպենացում, սա օրենք է. լյումպենը երբեւիցե մտահոգված չէ ոչ երկրի, ոչ ժողովրդի, ոչ էլ նույնիսկ սեփական ճակատագրով, նա միշտ լուծում է օրվա, րոպեի հարց։ Եվ երբևիցե պետք չէ շատ ուրախանալ եւ մեծ հույսեր կապել նրա հետ, որ լյումպենը քեզ աջակցում է, որովհետեւ լյումպենն ունի նաեւ հատկություն՝ գնալ-քվեարկել կողմ եւ 2-րդ օրը վերցնել կացին ու կացնահարել նրան, ում կողմ է քվեարկել։ Սա էլ է օրինաչափություն»։

Ռուբեն Բաբայանը կարծում է, որ պետք է պարզապես շատ մեծ ուշադրություն դարձնել՝ վերականգնելու կամ ստեղծելու արժեքային համակարգ, հատկապես այն բանից հետո, ինչ լսեցինք ու տեսանք այս ընտրությունների ժամանակ։ «Երբ խորհուրդ էր տրվում գումար վերցնել, բայց գնալ-քվեարկել համաձայն խղճի, այստեղ արդեն հարց է ծագում՝ ի՞նչ խղճի մասին է խոսքը, երբ խորհուրդ է տրվում փող վերցնել։ Այդպես չի լինում, որ խիղճը 5 րոպեն մեկ զարթնում է ու քնում, հետո նորից զարթնում է։ Կարծում եմ՝ եւս մի բան ցույց տվեցին այս ընտրությունները, այն, որ պետք է աշխատել բոլոր դեպքերում, աշխատանքը մշտապես տալիս է արդյունք, եւ պետք է զբաղվել սեփական անձով, սեփական հասարակությունով՝ հույսեր չկապելով արտաքին ուժերի, տեխնիկական հնարքների հետ, որովհետեւ եթե մենք ներսից պատրաստ չենք իրականացնել արդար, ազատ ընտրություններ եւ կատարել քաղաքակիրթ ընտրություն, ապա որեւէ դրսի ուժ չի կարող դա մեզ պարտադրել, մի խոսքով՝ զոռով երջանիկ չեն լինի»,- ասում է նա ու շեշտում, որ մարդիկ, ովքեր ունեն որոշակի հասարակական ազդեցություն, պետք է ավելի ակտիվ լինեն, բացատրական աշխատանք կատարեն եւ սեփական օրինակով ցույց տան, թե քաղաքակիրթ ընտրությունը որն է։

«Հիմա ամենահեշտ ճանապարհը հասարակությանը մեղադրելն է, թե ինչու ես այդպես, բայց եթե նա այդպես է, ուրեմն մեր մեղավորությունն էլ կա։ Եթե հասարակությունը համատարած նայում է հայկական եւ հնդկական սերիալներ, պետք է անի նաեւ համապատասխան ընտրություն, մեկը մյուսի հետ կապված է»,- կարծում է Բաբայանը։

Սոնա ԱԴԱՄՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930