Լրահոս
Օրվա լրահոսը

Հոլանդացի քաղաքական գործիչը՝ հայաստանյան ընտրությունների մասին. Նիդերլանդական Օրագիր

Ապրիլ 06,2017 11:41

2017թ. ապրիլի 2-ին Հայաստանի Հանրապետությունում տեղի ունեցան 6-րդ գումարման խորհրդարանական ընտրություններ։ Exit poll-ի արդյունքների համաձայն՝ ընտրություններին մասնակցող կուսակցություններից և դաշինքներից («Ելք», «Ծառուկյան», «Օհանյան-Րաֆֆի -Օսկանյան», «Կոնգրես- ՀԺԿ», Հայաստանի Հանրապետական, «Ազատ դեմոկրատներ», Հայաստանի կոմունիստական, «Հայկական վերածնունդ», «Հայ Յեղափոխական Դաշնակցություն») Ազգային Ժողով անցան 4 ուժեր՝ Հայաստանի Հանրապետական կուսակցությունը, «Ծառուկյան» դաշինքը, «Ելք» դաշինքը, Հայ Յեղափոխական Դաշնակցությունը։

ԵԱՀԿ-ի կողմից (Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպությունը հանդիսանում է աշխարհի խոշորագույն տարածաշրջանային անվտանգության կազմակերպությունը, որի գործունեության հիմքում ընկած են կայունությունը, խաղաղությունն ու ժողովրդավարությունը) Հայաստան ժամանած դիտորդների շարքում էր նաև նախկինում հոլանդերեն և անգլերեն լեզուների ուսուցիչ, այժմ արտաքին քաղաքականության և Եվրոպական միության հարցերում մասնագիտացած, Սոցիալիստական կուսակցության (Socialistische Partij) ներկայացուցիչ, հոլանդացի քաղաքական գործիչ Հարրի Վան Բոմմելը։ Թեպետ նա դեռ Հայաստանում էր, բայց սիրով համաձայնեց պատասխանել մեր հարցերին:

Ստորև «Նիդերլանդական օրագրի» բացառիկ հարցազրույցը ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի կողմից գործուղված դիտորդական առաքելության Նիդերլանդացի պատվիրակ Հարրի Վան Բոմմելի հետ:

– Պրն. Բոմել, որքան ժամանակով էիք ժամանել Հայաստան և ո՞վքեր էին Ձեր դիտորդական թիմում ընդգրկված։

– Ուղիղ մեկ շաբաթ է, ինչ Հայաստանում եմ։ Ես կարճաժամկետ դիտորդների շարքում էի. երկարաժամկետ դիտորդները 8 շաբաթ են անց կացրել ՀՀ-ում։ Իմ թիմը բաղկացած էր 10 ներկայացուցչից։ Դիտորդներ կային Եվրոպական երկրներից, ինչպես նաեւ՝ ԱՄՆ-ից և ՌԴ-ից։ ԵԱՀԿ անդամ բոլոր 57 պետությունները կարող են մասնակցել ընտրությունների դիտարկման գործընթացին, բացառությամբ այն երկրի, որտեղ ընթանում են ընտրություններ։

– Ի՞նչ աշխատանքներ են իրականացվել Ձեր և Ձեր թիմի կողմից այս յոթ օրվա ընթացքում։

– Մենք վերահսկել ենք տեղամասի բացման պահից մինչև արդյունքները տարածքային ընտրական հանձնաժողով բերվելը: Սկսել ենք աշխատել առավոտյան 7։30-ից և դադարեցրել աշխատանքները հաջորդ օրը առավոտյան ժամը 11-ին։ Ստուգել ենք ամեն ինչ՝ սկսած կնիքներից մինչեւ քվեատուփեր, քվեների գաղտնիություն: Մենք վերահսկել ենք քվեների հաշվարկը եւ հետեւել, թե ինչպես են արդյունքները ընտրատեղամասից տեղափոխվում տարածքային ընտրական հանձնաժողով։

– Դուք՝ Ձեր դիտորդական առաքելությունն իրականացրել եք Արմավիրի մարզում։ Քանի՞ ընտրատեղամաս եք այցելել, ի՞նչ տպավորություն եք կազմել և ո՞րն է Ձեր եզրակացությունն Արմավիրի մարզում տեղի ունեցած ԱԺ ընտրությունների ընթացքից։ Նկատ՞ել եք, արդյոք, խախտումներ։

– Ես աշխատել եմ հինգ ընտրատեղամասերում, դիտարկվել են մուտքային քվեատուփերը գիշերը 23։00-ից մինչեւ հաջորդ օրն առավոտյան 7։00: ԵԱՀԿ-ի եզրակացության համաձայն՝ ընտրություններն անցել են սահուն. ընտրողները հնարավորություն են ունեցել օգտվել իրենց հիմնարար ազատությունից: Այնուամենայնիվ, ԵԱՀԿ-ն գրանցել է ընտրակաշառքի արժանահավատ դիտարկումներ: Ես նաև գաղտնիության պակաս նկատեցի. ընտրողներն ինը քվեաթերթիկները ստանալու պահից մինչ քվեախցիկ մտնելը` կանգնած հերթի մեջ, նկատելի կերպով առանձնացնում էին այն թերթիկը, որով պատրաստվում էին քվեարկել:

– Որեւէ մեկը փորձե՞լ է ազդեցություն գործադրել Ձեր կամ Ձեր թիմի վրա։

– Ո՛չ, ավելին՝ մեզ ամենուր ընդունում էին սրտաբաց։

– Ի՞նչ եք կարծում, Հայաստանում, իրո՞ք, թափանցիկ է անցնում ընտրական գործընթացը, եթե համեմատենք Նիդերլանդների թագավորության հետ։ Ի՞նչ նմանություններ և տարբերություններ ունեն ընտրությունները Հայաստանում և Նիդերլանդներում։ Անձամբ Դուք ի՞նչ կփոխեիք հայաստանյան ընտրություններում։

Հայաստանում առավել լավ է իրականացվում մարդկանց ինքնության հաստատման վերահսկողությունը՝ էլեկտրոնային տարբերակով. ID քարտեր, մատնահետքեր, տեսախցիկներ։ Բոլոր ցանկացողները կարող են առցանց հետեւել ընտրությունների ընթացքին՝ ներառյալ հաշվարկը։ Հայաստանում վստահված անձդ քո փոխարեն քվեարկելու իրավունք չունի, իսկ Նիդերլանդներում ընտրության նման տարբերակը թույլատրելի է։ Նաեւ Հայաստանում կան շատ ավելի տեղական դիտորդներ, քան Նիդերլանդներում: Նիդերլանդներում մենք չենք լսել ընտրակաշառքի դեպքերի մասին. մեզ մոտ գրանցված չեն արժանահավատ զեկույցներ՝ ընտրակաշառքի վերաբերյալ, իսկ Հայաստանում` գրանցվել են: Այլ տարբերություն. Հայաստանում միշտ կնկատես տղամարդկանց խմբեր՝ հավաքված ընտրատեղամասի բակում. նման տեսարանի երբեք չես հանդիպի Նիդերլանդներում։

Նմանությունները. ընտրողները մոտիվացված են գալու ընտրատեղամաս և ընտրելու, ընտրական հանձնաժողովում և՛ Նիդերլանդներում, և՛ Հայաստանում նկատվում է գենդերային հավասարություն; ընտրական հանձնաժողովի անդամները լավ են հրահանգված և պատրաստված:

Եթե խոսենք հնարավոր բարելավումից, ապա լավ կլիներ տարածքապես մեծացնել ընտրատեղամասերը. 28.000 տեղական դիտորդներ եւ միայն 2.000 ընտրատեղամաս: Շատ ընտրատեղամասեր լեփ-լեցուն էին՝ մարդկանցով գերծանրաբեռնված։

Հարկ է նշել, որ Հարրի Վան Բոմելն ավելի, քան տասը տարի համագործակցում է Նիդերլանդներում հայկական համայնքի հետ։ 2015թ.-ին նա գլխավորել է խորհրդարանական պատվիրակությունը դեպի Հայաստան, մասնակցել է ՆԱՏՕ-ի սեմինարին Երեւանում և այլն: Նա նաեւ այցելել է Արցախ, վարպետության դաս տվել Առեւտրի միության ուսուցիչներին։

Մայիսի 13-ին ժամը 19:00 Ալմելոյում Հարրի Վան Բոմմելը հանդես կգա հայաստանյան խորհրդարանական ընտրությունների մասին իր զեկույցով։ Բոլոր հետաքրքրված անձիք հրավիրված են։

Նյութը պատրաստեց՝ ՄԱՐԻՇԱ ՇԻԿ

Նիդերլանդական Օրագիր

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930