Լրահոս
Օրվա լրահոսը

Օպերայում ռեստորան բացելը սրբապղծություն չէ

Ապրիլ 06,2017 01:32

Ամենայն անկեղծությամբ` չհասկացա այն ողջ աղմուկը, որ բարձրացավ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանի` Օպերայում ռեստորան հիմնելու մասին հնչած հայտարարությունից հետո: Տարբեր մարդիկ` մշակույթի գործիչներ եւ մշակույթից բավականին հեռու անձինք, իրենց պարտքը համարեցին փնովել նախարարի այս նախաձեռնությունն այնքան, որ նա ստիպված էր բացատրություններ տալ :

Սակայն երբեւէ արեւմուտքի հայտնի օպերային թատրոններում եղած մարդիկ կփաստեն` ռեստորաններ, սրճարաններ կան գրեթե բոլոր օպերային թատրոններում, դասական երաժշտության այլ սրահներում: Կան, բայց հիմնականում չափից դուրս թանկ են` սովորական մահկանացուների համար:

Նյու Յորքի աշխարհահռչակ Քարնեգի հոլլն, օրինակ, ավելի է առաջ գնացել, նա առաջարկում է իր տարածքում անցկացնել կորպորատիվ միջոցառումներ, բարեգործական ճաշկերույթներ, անգամ` … հարսանիքներ:

Փարիզի Գրանդ օպերայում տեղակայված է ճարտարապետ Օդիլ Դեքի հեղինակած Օպերա ռեստորանը  , որը հպարտանում է իր հայտնի շեֆ խոհարարով, շքեղ ճաշացանկով, շքեղ Մարտինի բարով:

Դանիայի մայրաքաղաք Կոպենհագենում գտնվող Թագավորական օպերայում նույնպես գործում է շքեղ ռեստորան` «Կոստ եւ Մասկ», որի ճաշացանկը ներկայացված է օպերայի կայքում: Բացի դրանից` այստեղ գործում են նաեւ Օֆելիա կաֆե-ռեստորանը եւ «Ավգուստ Բ-ն հին բեմի վրա»  սրճարանը:

Լոնդոնի աշխարհահռչակ Քովենթ Գարդենում` Արքայական օպերային թատրոնում, եւս ոչ թե մեկ, այլ մի քանի ռեստորան, բար եւ սրճարան են գործում:

Աշխարհահռչակ «Լա Սկալա» օպերային թատրոնում` Միլանում, գործում են 5 բար եւ մեկ շքեղ ռեստորան` հայտնի շեֆ խոհարարով:

Մադրիդի թագավորական օպերայում տեղակայված է խոհարարական արվեստի ոլորտում գլխավորը համարվող «Միշլենի» երկու աստղ ստացած շեֆ խոհարար Ռամոն Ֆրեիքսայի ռեստորանը: Ի դեպ, օպերայի կայքում նշվում է, որ այս ռեստորանում խոհարարական արվեստի հրաշքները վայելելու համար օպերայի տոմս ունենալը պարտադիր չէ:

Նյու Յորքի Մետրոպոլիտեն օպերայի կայքում  առանձին «ընթրիք» բաժին կա, որը բացելուն պես հայտնվում ես խոհարարական բարձրակարգ արվեստի աշխարհում (լուսանկարում), ընդ որում այստեղ մատուցվում է ոչ միայն ընթրիք, այլեւ բրանչ` նախաճաշի եւ ճաշի միջանկյալը:

Այսպես կարող ենք հերթով թվարկել շատ ու շատ այլ օպերաներ, բայց փաստը մնում է փաստ` Երեւանի Օպերային թատրոնում ռեստորան բացելու գաղափարը ոչ արտառոց է, ոչ սարսափելի է, ոչ առավել եւս` սրբապղծություն: Անշուշտ, պետք է լինի հստակ մոտեցում` դա պետք է լինի ոչ թե «օբէկտ»` էժանագին սննդի կետ, որտեղից կբուրա «պեռաշկու» կամ «քյաբաբի» հոտը, այլ բարձրակարգ եւ ընդ որում` թանկարժեք ռեստորան:

 

Մելանյա ԲԱՐՍԵՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (4)

Պատասխանել

  1. Նունե says:

    Բայց Ո՞ՐՏԵՂ։ Այդ զարգացած երկրներում, այլ ՈՉ ԹԵ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ՝ ԱՂՔԱՏ, ՍՈՎԱԾ երկրում։ Եվ այդ թանկ տեղը ո՞վ կայցելի։ Ժողովրդի փողերը գողացած մի օլիվարխ… ու մարդկանց զրկում եք օպերա գնալու միակ հաճույքից, որ իրենց նվաստացած զգան այդ հղբացածների կողքը գտնվելիս։ Իսկ որ հետո ցածրորակ մի վետերոկի կվերածվի՝ դրանում կասկած չունեմ։

  2. Zaven says:

    Հարգելի Մելանյա, պատկերացնում եք,Օպեռայի երգիչը մտնում է շենք, պատրասովում է ներկայացման, իսկ այնտեղ, մեր հարգարժան օլիգարխները, կնունք ծնունդ են նշում Սպիտակցի Հայկոյի կլկոցի տակ.Թե կարծում եք,որ կոնկրետ այդ ռեստորանում պետք է ցենզուրա լինի?

  3. Մելանյա ԲԱՐՍԵՂՅԱՆ says:

    Հարգելի Նունե եւ Զավեն, անշուշտ, հասկանում եմ ձեր մտահոգությունները, սակայն, որքանով ես գիտեմ մեր օլիգարխներին` նրանց ատրճանակի սպառնալիքով անգամ չես ստիպի օպերա մտնել, անգամ` եթե այնտեղ ռեստորան կա: Վստահ եմ, որ այն մարդիկ, ովքեր հաճախում են օպերա, այդ թվում` զբոսաշրջիկները, երբեք իրենց թույլ չեն տա ձեր նկարագրածի պես պահել իրենց:

  4. Ara Shahbazian says:

    Ինչու? է ոմանց թվում, թե ռեստորանը միայն օլիգարխների համար է… Եթե Օպերայի ռեստորանը իր բարձրության վրա լինի, լիսկաներն ու չոռնիներն այնտեղ չեն գնա… Իսկ եթե գնան էլ, ստիպված կլինեն իրենց մարդավայել պահել… Եվ հետո, ոչ թե սպասարկման օբյեկտներն է պետք իջեցնել չունևորի հնարավորությունների մակարդակին, այլ մարդկանց հնարավորություններն է պետք բարձրացնել…

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930