Լրահոս
Օրվա լրահոսը

«Տեսա՞ք, թե ժողովուրդն ինչ է մտածում իմ մասին»

Ապրիլ 06,2017 17:00

Վարդան Ղուկասյանն ասում է, որ «Ծառուկյան» դաշինքի ստացած
30 մանդատը ոնց որ թե հնարավորություն չի տա իրենց խոստումներն իրագործելու:

«Ծառուկյան» դաշինքի անդամ, նախկին ՀՀԿ-ական Վարդան Ղուկասյանը ռեյտինգային ընտրակարգով Շիրակի մարզի թիվ 11 ընտրատարածքում ստացել է 12.452 ձայն:
«Առավոտի» հետ զրույցում Վարդան Ղուկասյանն ասաց, որ գոհ է իր ստացած ձայներից, ավելին՝ լրագրողներին երեսով տվեց. «Որ էդքան իմ մասին գրում էիք, ինձ վարկաբեկում էիք, տեսա՞ք, թե ժողովուրդն ինչ է մտածում իմ մասին, տեսա՞ք, որ այլ բան է մտածում, թե ես ինչ կյանքով եմ ապրում: Դուք որ մշտական ներկայացնում էիք իմ մասին վատ բաներ՝ դա էլ չօգնեց: Նկատի ունեմ բոլոր ձեր լրատվական կառույցներին: Որ էդքան-էդքան տարիներ ինչ ասես՝ արեցիք, ինչ ձեւ ասես՝ վարկաբեկեցիք, բայց տեսա՞ք՝ ինչ եղավ»:
Մենք հետաքրքրվեցինք, թե «Ծառուկյան» դաշինքի ստացած 30 մանդատով ի՞նչ է հնարավոր երկրում փոխել: Վարդան Ղուկասյանը պատասխանեց. «Կգամ Ազգային ժողով՝ կասեմ»: Հարցին՝ դա հնարավորություն կտա՞ այն ծրագրերն իրագործելու, որոնց խոստումները տվել է դաշինքը, նա պատասխանեց. «Ոնց որ՝ չէ, ընթացքում կերեւա ամեն ինչ»:

Մեր հարցին՝ կոալիցիա հնարավո՞ր է կազմեք, Վարդան Ղուկասյանը պատասխանեց. «Ընթացքում կերեւա, ես ոչ մի բան հիմա չեմ կարող ասել»:

«Ծառուկյան» դաշինքի համամասնական ցուցակով պատգամավոր դարձած Վարդան Բոստանջյանն էլ մեր հարցին՝ գո՞հ եք ընտրությունների արդյունքներից, պատասխանեց. «Բոլոր դեպքերում՝ այո: Եթե ասեմ՝ ոչ, ի՞նչ կարող ենք անել: Այդուհանդերձ, ունենք այն, ինչ ունենք: Բոստանջյանն էն մարդկանցից չի, որ տեղի կամ անտեղի կուրծքը թափահարի ու ասի՝ դժգոհ ենք: Բոլոր դեպքերում հասկանում եմ, որ գոնե մենք մտածում էինք, որ ամենայն հավանականությամբ կունենանք ավելի շատ ձայներ, բայց գրանցվեց այն, ինչ տեսաք»:

Սա այն բացառիկ ընտրություններից էր, որ խորհրդարանի անցողիկ շեմը հաղթահարած քաղաքական ուժերը բոլորն ընդունում են ընտրությունների արդյունքները, սա ինչի՞ մասին է խոսում, որ այդպես փայլո՞ւն են անցել ընտրությունները, թե՞ բողոքարկման ինստիտուտները սպառել են իրենց, անիմաստ են համարում բողոքել, Վարդան Բոստանջյանը պատասխանեց. «Ընտրությունները, ըստ էության, այդպես ցցուն կամ առերեւույթ մեծ խոցելիություններ չեն ունեցել: Այլ բան է, որ ընդերքային շահագրգռվածություն է ունեցել ընտրողների համար, բայց դա այն տարբերակներից է, որ քաղաքական ուժն իրավունք չունի, չի կարող դրանց վերաբերյալ հուզմունքներ արտահայտել»:

Թե 30 մանդատով «Ծառուկյան» դաշինքը ի՞նչ կարող է անել՝ Վարդան Բոստանջյանը պատասխանեց. «Շատ բան է հնարավոր անել: Մասնավորապես, եթե այն սկզբունքը գործի երկրում, համաձայն որի՝ 30 հոգին 55 հոգու թշնամին չի, 4 քաղաքական ուժերի առումով էլ ԱԺ-ն կլինի ընտրյալների հավաքատեղի, որոնք իրականում պետք է մտածեն երկրի անվտանգության, քաղաքացու բարեկեցության մասին: Անկախ այն հանգամանքից, թե ով քանի մանդատ է ստացել, նման ընդհանուր հայտարար ունենալու պարագայում պարզ է, որ շատ բան է հնարավոր անել»:

Հարցին՝ կոալիցիա հնարավո՞ր է կազմեք, պարոն Բոստանջյանը պատասխանեց. «Մենք այս պահին դրա հավանականությունը չենք տեսնում»:

Վարդան Բոստանջյանի համար այս ընտրություններին անակնկալ է եղել «Հայկական վերածնունդ» կուսակցության՝ խորհրդարան չմտնելը: Ըստ նրա՝ ՀՎԿ-ի անդամները մեր երկրի համար աշխատած, որակներ դրսեւորած մարդիկ են, նույնն էլ ՀԱԿ-ի դեպքում է. «Այնտեղ գտնվել են մարդիկ, որոնք իրենց գրագիտության, իրենց մոտեցումների առումով հանրապետության համար պետք են, որովհետեւ այդքան ճոխ չեն մեր հնարավորությունները»:

 

ՀՌԻՓՍԻՄԵ ՋԵԲԵՋՅԱՆ

«Առավոտ»

05,04.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930