Լրահոս
Օրվա լրահոսը

Երբեք չեմ աջակցի զինված խմբի գործունեությանը, եւ դա չի նշանակում լինել Սերժ Սարգսյանի աջակից

Ապրիլ 06,2017 12:00

«Առավոտ»-ի զրուցակիցն է Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի (CCAF) համանախագահ, «Nouvelles d՚Armռnie» ամսագրի խմբագիր Արա Թորանյանը:

-Պարոն Թորանյան, Երեւանում եք` ընտրությունների ընթացքի՞ն եք հետեւում, ինչպես Հայաստան ժամանած մյուս հայտնի սփյուռքահայերը: Ինչպե՞ս եք գնահատում ընտրական մթնոլորտը Հայաստանում:

– Ֆրանսիայի հայ համայնքը բավական ուշադրությամբ, աչալուրջ հետեւում էր ընտրական մթնոլորտին եւ ընդհանրապես այսօր Հայաստանի անցուդարձին: Գիտակցում ենք, որ այս ընտրությունները կարեւոր էին երկրի համար: Եկել եմ Հայաստան, որպեսզի հասկանամ, թե ինչ է տեղի ունենում, խոսեմ ժողովրդի հետ, հասկանամ մարդկանց սպասումները: Ընդհանուր առմամբ, տպավորություն ունեմ, որ ընթացքը դեպի լավն է գնում, չնայած միջազգային չափանիշներից դեռ հեռու ենք, բայց այն տպավորությունն է, որ թե իշխանությունները, թե ընդդիմադիր ուժերը ձգտում են դեպի ավելի ժողովրդավարական համակարգի:

– Մի քանի ամիս առաջ Երեւանում ՊՊԾ գնդի նկատմամբ հարձակում տեղի ունեցավ, ոստիկաններ զոհվեցին: Այդ օրերին Սփյուռքի ներկայացուցիչներ կային, որոնք աջակցում էին այստեղ` Երեւանում տեղի ունեցող ակցիաներին, չէին թաքցնում իրենց համակրանքը «Սասնա ծռերի» նկատմամբ, մասնավորապես՝ զենքով հարցեր լուծելու, իշխանության դեմ պայքարելու մեթոդներին: Օրինակ՝ Ֆրանսիայում բնակվող մի քանի հայեր կային` ակտիվ էին այդ օրերին, հայաստանցիներին առցանց «ցուցումներ» էին տալիս: Հետաքրքիր է՝ Դուք, որպես սփյուռքահայ, ի՞նչ դիրքորոշում ունեք նման մեթոդների նկատմամբ:

– Իմ դիրքորոշումը հետեւյալն է. ես չեմ ընդունում զինյալ խմբերի գործունեությունը, գտնում եմ, որ առավել ժողովրդավարական միջոցներ կան, որոնց օգնությամբ կարելի է պայքարել երկրում տարբեր խնդիրների լուծմանը հասնելու համար, եւ դա չպետք է ամենեւին տեղի ունենա զենքի ուժով: Գուցե Ֆրանսիայում էլ մի քանի հայեր են եղել, որոնք այդ հարցում «պարտիզան» են եղել, բայց դա չի արտահայտում Ֆրանսիայում հայկական համայնքի դիրքորոշումը:

Մենք, իհարկե, իրատես ենք, գիտակցում ենք, որ Հայաստանը դեռեւս բավական ճանապարհ ունի անցնելու դեպի ժողովրդավարության հաստատում: Այս առումով վստահում ենք թե՛ Հայաստանի քաղաքական ուժերին, թե՛ հասարակությանը, որ առաջ կընթանան ժողովրդավարական ուղով` գիտակցելով, որ ժողովրդավարության հասնելու ուղին ընդհանրապես երկար է, մենթալիտետի փոփոխության անհրաժեշտություն կա:
Ինչ վերաբերում է կոնկրետ իմ դիրքորոշմանը, ապա երբեք չեմ աջակցի զինված խմբի գործունեությանը: Մասնավորապես, ՊՊԾ գնդի գրավման եւ զոհերի համար շատ ափսոսում եմ ու տխուր եմ: Աշխարհի ոչ մի պետություն չի հանդուրժի, որ մարդիկ զինված մտնեն ոստիկանական կենտրոն, ոստիկաններ սպանեն ու մարդկանց պատանդ վերցնեն: Սա չի նշանակում լինել Սերժ Սարգսյանի աջակից կամ ընդդեմ նրա:

Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի (CCAF) համանախագահ, «Nouvelles d՚Armռnie» ամսագրի խմբագիր Արա Թորանյանը

– Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի ձեռքբերումների մասին խոսենք: Ի՞նչ դեր ունի կազմակերպությունը Հայաստան-Ֆրանսիա հարաբերություններում:

– CCAF-ը շատ լավ հարաբերություններ ունի ֆրանսիական իշխանությունների հետ: Հինգ տարի է, ինչ գործունեություն ենք ծավալել, դեռեւս նախագահ Սարկոզիի նախագահության օրոք: Այդպիսով, Ֆրանսիայի հայկական գաղութը կարգավիճակ ունի: Օրինակ՝ ապրիլի 24-ը Ֆրանսիայի Հանրապետության կողմից պաշտոնապես նշվում է նախագահի ներկայությամբ, եւ նախագահ Օլանդը ներկա է գտնվելու այս ապրիլի 24-ին հիշատակի միջոցառմանը, ելույթ է ունենալու: Մենք տարեկան ընթրիք ենք կազմակերպում, որին մասնակցում են երկրի նախագահը, նախարարներ, մտավորականներ: Այսպիսով, Ֆրանսիայի հայկական համայնքը պաշտոնական կարգավիճակ ունի, եւ կարծում եմ, որ Ֆրանսիայի եւ Հայաստանի հարաբերություններն անցնում են CCAF-ի միջոցով:

Հայաստանը մեծ կարեւորություն ունի Ֆրանսիայի համար այն պատճառով, քանի որ Ֆրանսիայում կազմակերպված գաղութ կա: Օրինակ՝ «Nouvelles d՚Armռnie» ամսագրի վերջին համարում Ֆրանսիայում նախագահական առաջիկա ընտրություններում նախագահի բոլոր թեկնածուների հետ հարցազրույցներ ունենք, որոնք ներկայացրել են իրենց դիրքորոշումները, թե Հայաստանի հետ հարաբերություններն ինչպես են պատկերացնում, ինչ դիրքորոշում ունեն Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում, Հայոց ցեղասպանության առնչությամբ:

– Միասնական դիրքորոշում կա՞ Ֆրանսիայի հայ համայնքում, թե Ֆրանսիայի նախագահական ընտրություններում որ թեկնածուին պետք է ձայն տալ:

– Ֆրանսիայի հայկական գաղութն առայժմ դիրքորոշում չի արտահայտել: Առայժմ ուսումնասիրում են, թե որոնք են նախագահի բոլոր թեկնածուների դիրքորոշումները` մեր հարցերի առնչությամբ: Այդ իսկ պատճառով առայժմ որեւէ որոշում չկա այս կամ այն թեկնածուին աջակցելու հարցում, CCAF-ը որոշում չի կայացրել որեւէ թեկնածուի սատարելու հարցում:

– Ողջ աշխարհում, այդ թվում եւ Եվրոպայում, պոպուլիզմի դրսեւորումների մասին են այսօր խոսում: Ի՞նչ է կատարվում նախընտրական Ֆրանսիայում, ի՞նչ մթնոլորտ է:

– Ֆրանսիան, ինչպես եւ եվրոպական մյուս երկրները, անցնում է այդ ճանապարհով, նույն բարդություններով, տնտեսական դժվարություններով, փախստականների ճգնաժամի խնդրով, եւ ավանդական քաղաքական կուսակցությունների դիրքերը թուլանում են: Տեսնենք, թե ինչ արդյունքներ կգրանցվեն ընտրություններում, բայց այժմ, դժբախտաբար, առաջին հորիզոնականն է զբաղեցնում պոպուլիստ կուսակցություն: Ֆրանսիայի հայերն էլ ապրում են այս իրականությունում, ինչպես մյուս ֆրանսիացիները: Կարծում եմ՝ ֆրանսահայերի ընտրության հարցում որոշիչ կլինի թեկնածուների դիրքորոշումը հայության հարցերի վերաբերյալ: Ֆրանսիայի նախագահական ընտրություններում բոլոր թեկնածուները մեր հարցերի վերաբերյալ բավական կոռեկտ դիրքորոշում ունեն: Օրինակ՝ նման հարցերից մեկը Թուրքիայի` ԵՄ-ին անդամակցելու հարցն է: Մենք չենք ցանկանում, որ ժխտողական Թուրքիան մտնի Եվրոպա, եւ լուրջ ջանքեր ենք գործադրում, լոբբինգ ենք անում, որպեսզի թե իշխանությունները, թե նախագահի թեկնածուների կուսակցություններն այդ հարցում խիստ լինեն:

– Պարոն Թորանյան, Ադրբեջանը եվրոպական երկրներում լուրջ լոբբիստական աշխատանք է տանում: Միջազգային մամուլի էջերում անգամ տեղեկություններ են հրապարակվում, որ Եվրախորհրդարանի այս կամ այն պատգամավորին են կաշառել, «գնել»: Ապրիլյան պատերազմից հետո հատկապես CCAF-ը տանո՞ւմ է որեւէ աշխատանք ԼՂ խնդրի առնչությամբ, Ադրբեջանի իշխանությունների ռազմատենչ քաղաքականության վերաբերյալ ավելի հստակ ու ճշգրիտ պատկերացումներ ներկայացնելու ուղղությամբ:

– Հստակ է, որ Ադրբեջանը գնալով ավելի է կազմակերպվում, նրանք բավական միջոցներ ունեն, շատ ակտիվ են նաեւ Ֆրանսիայում: Ադրբեջանի եւ Ֆրանսիայի միջեւ կարեւոր առեւտրատնտեսական պայմանագրեր կան, եւ, անշուշտ, Ադրբեջանը փորձում է չարաշահել տնտեսական այդ հարաբերությունները` որպես լծակ քաղաքականության նկատմամբ: Փորձում ենք ընդդիմանալ այդ քաղաքականությանը, Ֆրանսիայի իշխանությունների հետ մեր բոլոր հանդիպումներում աջակցում ենք Լեռնային Ղարաբաղին: Բայց չպետք է խաբվենք` միլիարդների ներդրումների ծրագրեր կան: Սակայն, իհարկե, մեր ուժը մեր գաղութն է: Անշուշտ, պետք է պարկեշտորեն արձանագրենք, որ չենք հաջողել Ադրբեջանի եւ Ֆրանսիայի միջեւ հարաբերությունները կասեցնել, բայց հաջողել ենք Հայաստանի համար մի շարք ձեռքբերումների հասնել, օրինակ՝ Հայոց ցեղասպանության նկատմամբ դիրքորոշման հարցում:

– Ապրիլի քառօրյա պատերազմից հետո ոչ ոք չի բացառում նոր բախումները, լայնածավալ ռազմական գործողությունների կրկնությունը Արցախում: Տարեվերջից խոսակցություններ կային, որ Ֆրանսիան կարող է կազմակերպել Սարգսյան-Ալիեւ հանդիպում, բայց առայժմ դա չի իրականանում: Ի՞նչ տեղեկություններ ունեք Ֆրանսիայի իշխանությունների կողմից տարվող աշխատանքի մասին ԼՂ խնդրի կարգավորման ուղղությամբ:

– Պարզ է, որ մտահոգ ենք, դժվարությամբ ենք հաշտվում այն մտքի հետ, որ մեր քսանամյա երիտասարդներն ամեն օր մահվան առջեւ են կանգնած: Մենք գործի ենք դնում մեր ձեռքի տակ եղած բոլոր միջոցները, որպեսզի նեցուկ կանգնենք Ղարաբաղին: Երբ Ալիեւը Ֆրանսիա ժամանեց` բողոքի ցույցեր կազմակերպեցինք Փարիզում, Լիոնում եւ Մարսելում: Կապի մեջ ենք Ֆրանսիայում Հայաստանի դեսպանության եւ Լեռնային Ղարաբաղի ներկայացուցչության հետ, փորձում ենք նրանց կապերն ուժեղացնել ֆրանսիական շրջանակների հետ: Օրինակ՝ մեր կապերը Ֆրանսիայի քաղաքական էլիտայի հետ օգտագործեցինք, որպեսզի նրանցից ոմանք այցելեն Ղարաբաղ, ֆրանսիական մամուլում հրապարակումներ լինեն Ղարաբաղի վերաբերյալ, որը չափազանց կարեւոր է: Պարզ է, որ Ադրբեջանի միջոցները չունենք, որը դրամով ուղղակի «գնում» է եվրոպացի պատգամավորների: Մենք տեսնում ենք, որ նրանք շատ ակտիվ են նաեւ Ֆրանսիայում, եւ որ Ֆրանսիան նրանց համար մեծ կարեւորություն ունի:

– Այս տարի նախատեսվում է Հայաստանի եւ ԵՄ-ի միջեւ նոր փաստաթղթի ստորագրումը: ՀՀ-ԵՄ հարաբերությունները, Ձեր կարծիքով, որքանո՞վ արդյունավետ կլինեն՝ նկատի ունենալով այն հանգամանքը, որ Հայաստանն անդամակցում է ԵԱՏՄ-ին:

– Շատ կարեւոր հարց է: Ես գտնում եմ, որ Ֆրանսիան, մասնավորապես՝ Ֆրանսուա Օլանդը մեծ ջանքեր գործադրեց, որպեսզի Հայաստանը նորից կարողանա կապեր հաստատել ԵՄ-ի հետ` ԵԱՏՄ-ին անդամակցելով հանդերձ: Օլանդը երբ եկել էր Հայաստան` նա դա խոստացել էր, այդ ժամանակ ԵՄ-ի հետ բոլոր բանակցությունները կասեցված էին, քանի որ Հայաստանն անդամակցել էր ԵԱՏՄ-ին: Ֆրանսիան, մասնավորապես` Օլանդը փորձեց գտնել մի ուղի, որով հնարավոր կդառնա համատեղումը, որպեսզի Հայաստանը կարողանա իր պատմական նշանակությունն ու դիրքն ունենալ այս բարդ տարածաշրջանի խաչմերուկում:

ԷՄՄԱ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

Հ.Գ. Արա Թորանյանի հետ հարցազրույցն արվել է ապրիլի 2-ին, երբ դեռ հայտնի չէին խորհրդարանական ընտրությունների արդյունքները, եւ չէին հնչել դրանց ընթացքի վերաբերյալ նախնական գնահատականներ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930