Լրահոս
Օրվա լրահոսը

«Ապագայում մենք կունենանք խաղաղություն, իսկ հակաքարոզչություն անողները կամաչեն իրենց արածներից»

Ապրիլ 06,2017 16:30

Վեցերորդ գումարման Ազգային ժողովի կազմից «Կոնգրես-ՀԺԿ» դաշինքի դուրս մնալը քաղաքագետները հիմնավորում են այս դաշինքի «Խաղաղություն, հաշտություն, բարիդրացիություն» գաղափարի քարոզչությամբ: Օրինակ՝ երեկ քաղաքագետ Սերգեյ Մինասյանը կարծիք է հայտնել, որ ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանն իր հարցազրույցով ամեն ինչ արեց, որ ՀԱԿ-ը չանցնի: Քարոզարշավի ընթացքում էլ մի շարք քաղաքագետներ կանխատեսում էին, որ այս դաշինքի նշանաբանը հօգուտ իրենց չի աշխատի:

Սակայն Կոնգրեսի անդամ եւ պատգամավորության թեկնածու Զոյա Թադեւոսյանը վստահեցնում է՝ ոչ թե իրենց քարոզչությունն էր սխալ, այլ հակաքարոզչությունն ավելի ուժեղ եղավ:

«Գրեթե բոլոր քաղաքագետները միաբերան չէին հասկանում Լեւոն Տեր-Պետրոսյանի խաղաղության կարգախոսի բուն իմաստը, եւ ընդհանրապես՝ ինչպե՞ս հասնել խաղաղության, ո՞վ է խաղաղություն պարտադրողը, եւ ինչո՞ւ պետք է խաղաղություն հաստատել: Այ, դա չէին հասկանում եւ քարկոծում էին ՀԱԿ-ին»,- «Առավոտի» հետ զրույցում ասաց տիկին Թադեւոսյանը: Նրա խոսքով՝ քաղաքագետները, քաղաքական մյուս գործիչները, քաղաքական ուժերի առաջնորդներն ու անդամներն ամեն ինչ անում էին, որպեսզի ժողովուրդն ընկալի «Կոնգրես-ՀԺԿ» դաշինքը որպես հող հանձնող, եւ հասնեին իրենց ուզածին. «Իսկ հող հանձնելն այն իմաստով, որ դա դավաճանություն է դիտարկվում իրենց մոտ, իհարկե, նորմալ է, որ ժողովուրդը կարող էր մեզ այդպես ընկալել, դավաճանին ո՞վ ձայն կտա: Մյուս կողմից էլ՝ դրանից օգտվեցին այլ քաղաքական ուժերը եւս, որոնք ժողովրդին այդ հող հանձնողի պատրվակով շարունակեցին իրենց ավանդական կեցվածքը՝ բաժանեցին գումարներ: Նկատի ունեմ՝ ՀՀԿ-ին ու «Բարգավաճին», եւ ժողովրդին տարան ընտրության: Ավելի վաղ ասել էի՝ 2 ցուցակ է կազմվել՝ ընտրողների քվեների 40%-ը՝ ՀՀԿ-ին, 40%-ը՝ «Ծառուկյան» դաշինքին, 20%-ը՝ մնացածներին, ինչն էլ տեղի ունեցավ»:

Թադեւոսյանը վստահեցնում է՝ «Այդ քաղաքական ուժերի ընտրողների գոնե 60%-ը հաստատ փողով ընտրողներն են»:

ՀԱԿ ներկայացուցիչն ասաց, որ բազմաթիվ ականատեսներ ու տեսանյութեր կան, որոնք փաստում են՝ ընտրության էին գնում մարդիկ, որոնք չէին էլ հասկանում՝ ուր են գնացել, ինչպես պետք է քվեարկեին. «Մեր երկրում հաշմանդամություն ունեցող անձինք, մտավոր խնդիրներ ունեցողների այդպիսի մեծ քանակ մեկ օրում տեսնել հնարավոր չէ: Ում հնարավոր էր, միայն թե շարժվեին՝ տանում էին ընտրատեղամասեր: Կոպիտ ասած՝ ինչքան շարժվող բան կար, գնացին ընտրեցին»:

Արդյոք Կոնգրեսի թերացումը չկա՞ր, բազմաթիվ քաղաքացիներ պնդում են, որ այլընտրանք չունեն, ասում են՝ ընդդիմությունն էլ ընդդիմություն չէ. մեր այս հարցին ի պատասխան՝ տիկին Թադեւոսյանն ասում է. «Ես չգիտեմ, թե ՀԱԿ-ին ինչի համար են մեղադրում, որ էդպես են ասում: Մեր քարոզչությունը ազգային էր, հայրենասիրական էր, բոլոր հնարավոր քարոզչամիջոցներն օգտագործել ենք, շատ ազնիվ էինք, իսկ ազնիվ մտադրությունները ազնվորեն դրսեւորող քաղաքական ուժերը շատ քիչ էին: Մենք ոչ մեկի խաղը չէինք խաղում, չնայած մեզ մեղադրում էին, որ Սերժ Սարգսյանի հետ համագործակցում էինք: Հակաքարոզչությունն այնքան շատ էր, որ ազնիվ ընտրողին մեղադրել չես կարող, որովհետեւ երբ հեռուստացույցով են տեսնում մեղադրանքը, ասում են՝ հեռուստացույցով ասացին: Ցավոք, մեր ժողովուրդը դեռ հավատում է այդպիսի քարոզչությանը, դեռ չեն անցել խորհրդային ժամանակները, որի մասին Սոլժենիցինն ասել էր՝ «Պահանջվում էր ընդամենը մեկ օր, եւ հեռուստատեսությունն ու ռադիոն, թերթերը գրում են մի սուտ, որը հաջորդ օրը դառնում էր ժողովրդի ընկալած ճշմարտությունը»: Այդ քարոզչությունն այնպես է աշխատում, որ ժողովուրդն ինչ լսում է կամ կարդում՝ դրան հավատում է, ցավոք սրտի»:

Տիկին Թադեւոսյանը պատմեց, որ հակաքարոզչությունն իրենց ուժի հանդեպ այնպես է աշխատել, որ երբ գնում էին ընտրողների հետ հանդիպումների, շատերը տանից դուրս չէին գալիս, որ գոնե իրենց հուզող հարցերի վերաբերյալ պարզաբանումներ լսեին. «Քարոզարշավի ընթացքում մարդիկ վախենում էին նույնիսկ ընդդիմադիր ուժերի հանրահավաքներին մասնակցել, պատուհանները նույնիսկ չէին բացում: Ավանում մենք հանրահավաք էինք արել, պատուհանները չէին բացել մեզ լսելու համար: Հասկանում եք՝ այդ վախի մթնոլորտում, աշխատանք կորցնելու, հալածվելու խնդիրներն անընդհատ հետապնդում են մարդկանց, մարդը դարձել է վախկոտ էակ: Չեմ հասկանում՝ ժողովրդավարությունն ու վախկոտությունն ինչպե՞ս կարող են համատեղվել, դա անհնար է: Այստեղ ընդդիմությունը ոչինչ անել չի կարող, ընդդիմությունը չունի հակազդեցության մեխանիզմ»:

Տիկին Թադեւոսյանի կարծիքով՝ Կոնգրեսին կարելի էր մեղադրել թերացման մեջ, եթե ոչինչ չանեին, բայց եթե, Թադեւոսյանի խոսքերով ասած՝ հասարակության՝ իրականում ազնիվ կամ երկրում փոփոխության հակված հատվածը կանգներ ընդդիմության կողքին, ինչը չի արել, գուցե Կոնգրեսն այլ արդյունք ունենար. «Ցավոք սրտի, մեզ ավելի շատ մեղադրում են, քան օգնում: Ավելի շատ չօգնողներն են դժգոհում մեզանից: Սա սխալ մոտեցում է»:

«Կոնգրես-ՀԺԿ»-ն 25 հազար 975 քվե է ստացել. Կոնգրեսն ավելի՞ն էր ակնկալում՝ մեր այս հարցին ի պատասխան տիկին Թադեւոսյանն ասաց. «Անկեղծ ասած՝ սպասում էի հաղթանակ, շատ անկեղծ եմ ասում, որովհետեւ ես չեմ շփվում այն զանգվածի հետ, որն ակնկալում է փող, չգիտեմ՝ հեռուստաքարոզ, որի ազդեցությամբ պետք է քաղաքացիական հայացքները փոխեի: Ես պատկերացում էի կազմել այն մարդկանց մոտեցման հիման վրա, որոնց հետ ամենօրյա շփում ունեմ: Այն մարդկանց, որոնք ընկալել էին մեր քարոզչության գաղափարը: Բայց 25 հազարն էլ փոքր թիվ չէ, եթե այդքան մարդ հասկանում է, որ մեր փրկությունը խաղաղությունն է, սա արդեն լուրջ ակնկալիքների տեղիք է տալիս, որովհետեւ ապագայում մենք կունենանք խաղաղություն, բայց հակաքարոզչություն անողները հետո կամաչեն իրենց արածներից»:

 

ՆԵԼԼԻ ԲԱԲԱՅԱՆ

«Առավոտ»

05,04.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Ara Shahbazian says:

    Բոլորը մեղավոր են, բացի իրենցից… Ինքնասիրահարվածների կուսակցություն…

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930