Լրահոս
Օրվա լրահոսը

Զբոսաշրջիկները չեն ուզում գնալ այն երկիր, որտեղ միջավայրը հարմարեցված չէ

Ապրիլ 06,2017 16:00

Նախորդ շաբաթ Հայաստանից կառավարության եւ հասարակական հատվածի ներկայացուցիչներից բաղկացած մի մեծ պատվիրակություն Ժնեւում էր, որտեղ մասնակցում էր Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին ՄԱԿ-ի կոնվենցիայով ստանձնած պարտավորությունների քննարկմանը:

ՄԱԿ-ում Հայաստանի պատվիրակությունը պետք է ներկայացներ, թե կոնվենցիան վավերացնելուց ի վեր, որից անցել է 7 տարի, մեր երկիրն ի՞նչ է արել հաշմանդամություն ունեցող մարդկանց համար արժանապատիվ ապրուստ, հավասար հնարավորություններ ու մատչելի միջավայր ստեղծելու առումով:

Երեկ «Առավոտը» Հատուկ կարիքներով մարդկանց աջակցության «Ունիսոն» հասարակական կազմակերպության ղեկավար Արմեն Ալավերդյանից, որը նույնպես հայաստանյան պատվիրակության կազմում էր, հետաքրքրվեց, թե ինչպիսի արդյունքներ է արձանագրել Հայաստանը եւ ինչպիսի դիտողությունների արժանացավ` հաշվի առնելով, որ դեռեւս միջավայրն անմատչելի է, շենք-շինությունները հարմարեցված չեն հաշմանդամություն ունեցող անձանց համար, ինչի մասին տարբեր առիթներով բարձրաձայնում են հասարակական կառույցների ներկայացուցիչները, տեղաշարժման խնդիրներ ունեցող մեր քաղաքացիները: Հարցրինք նաեւ, թե ինչպիսի պարտավորություններ կան կոնվենցիայով ստանձնած, որոնք Հայաստանն այդպես էլ չի կատարել:

Արմեն Ալավերդյանի խոսքով՝ ՄԱԿ-ի պատրաստած զեկույցը դեռ վերջնական ամփոփված տարբերակով պատրաստ չէ, ուստի հրապարակվելուց հետո ավելի մանրամասն կներկայացվի: Իսկ հիմնական խնդիրները, դիտողությունները, որոնք ՄԱԿ-ի պատասխանատուները բարձրացրել են մեր կառավարության առաջ, ըստ պարոն Ալավերդյանի, առնչվել են անմատչելի միջավայրին, կրթական համակարգին, ոչ իրական ներառականությանը, սուրդոթարգմանության բացակայությանը կամ դրա ոչ բավարար կիրառությանը:

Մեր այն հարցին, թե կոնվենցիայի պահանջների չկատարումը ինչպիսի՞ խնդիրներ կառաջացնի մեր երկրի համար, Արմեն Ալավերդյանը պատասխանեց. «ՄԱԿ-ի կոմիտեն չի կարող պարտադրել երկրին ինչ-որ բան անել, կարող է ընդամենը երաշխավորել, ամեն ինչը արվում է բավականին դիվանագիտական եղանակով, այսինքն` շատ խիստ քննադատություն չի հնչում, բայց բոլոր դեպքերում, քանի որ վավերացրել ենք կոնվենցիան, նշանակում է, որ պետք է կատարենք կոնվենցիայով ստանձնած պարտավորությունները: Երկրներ կան, որոնք կա՛մ ուղղակի չեն միանում միջազգային կարեւորագույն փաստաթղթերին, կա՛մ միանում են ու ընդհանրապես ոչ մի քայլ չեն կատարում, այդ երկրների վարկանիշը կտրուկ անկում է ապրում, այդ երկրին հեռանկարային լավ բաներ չեն բերում, ուղղակի լծակներ չկան, որ կոմիտեն պարտադրի կառավարությանը կատարել ինչ-որ քայլեր, բայց դա բավականին ուժեղ գործիք է հորդորելու»:

Մեր այն դիտարկմանը, թե այդ բոլոր դիտողությունները ներառվում են միջազգային կազմակերպությունների զեկույցներում, որոնք հարմար առիթներով հնչեցվում են, պարոն Ալավերդյանը նկատեց. «Բոլոր այդ դիտողությունները, իհարկե, բացասաբար են ազդում, երբ տեսնում են, որ երկիրը լուրջ քայլեր չի կատարում տարբեր կոնվենցիաներ իրականացնելու համար, քանի որ դա մեծ պարտավորություն է, որը վերցնում է երկիրը միջազգային հանրության առջեւ: Իհարկե, դրանք մեր ընդհանուր հեղինակության վրա ազդում են, դա մեծ ազդեցություն ունի նաեւ զբոսաշրջության զարգացման վրա: Եթե գիտեն, որ երկիրը անմատչելի է, զբոսաշրջիկների մեծ մասը չի ցանկանում գնալ այդ երկիր, քանի որ, ինչպես հայտնի է, զբոսաշրջիկների մեծ մասը տարեց մարդիկ են, որոնք նաեւ տեղաշարժման խնդիրներ են ունենում:

Օրինակ` Ժնեւում մենք առանց կողմնակի օգնության կարողանում էինք տեղաշարժվել, տրանսպորտը լիովին հարմարեցված էր, հանրային կարեւոր նշանակության բոլոր շենք-շինությունները մատչելի էին տեղաշարժման դժվարություններ ունեցող մարդկանց համար»:

 

ԼՈՒՍԻՆԵ ԲՈՒԴԱՂՅԱՆ

«Առավոտ»

05,04.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930