Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչու կինոդերասանը մատ թափ տվեց դատախազին

Ապրիլ 06,2017 15:30

Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան էր ներկայացել ճանաչված կինոդերասան Վահագն Սիմոնյանի՝ Պոնչոյի գործով փաստաբան, ՀՀ փաստաբանների միության անդամ Գեւորգ Մարտիրոսյանը: Նա ասաց, որ տուժողին չի ճանաչել, իսկ քաղաքացիական մի քանի գործերով իրականացրել է Վահագն Սիմոնյանի շահերը: Ասաց, թե նախաքննության ընթացքում ցուցմունք չի տվել, ասաց նաեւ, որ «Առավոտ» օրաթերթից է իմացել, որ իր վստահորդի՝ Վ. Սիմոնյանի նկատմամբ հարուցվել է քրեական գործ եւ այն, ինչ նախաքննական մարմինն է իրականացրել, բացարձակ չի համապատասխանում իրականությանը: Հիշեցնենք, որ նախաքննական մարմինը մեղադրանք է առաջադրել Վ. Սիմոնյանին այն բանի համար, որ նա էլեկտրաշոկով մարմնական վնասվածք է հասցրել տուժող Ռ. Գասպարյանին:
Ըստ փաստաբանի՝ 2015թ. օգոստոսի 24-ին նա Վ. Սիմոնյանի հետ գնացել են աներոջ տուն՝ գույքային հարցեր լուծելու: Երեկոյան ժամը 19.45-ին մոտեցել են աներոջ շենքին, ուր կանգնած էր մի անձ: Վահագնը ասել է, թե եկել է երեխաներին տեսնելու եւ նաեւ՝ թե ինչ վատ մարդ է աները, որ 6 ամիս է՝ չի թողնում երեխաներին տեսնել:

Ըստ վկայի՝ կանգնած այդ մարդը ասես դարավոր թշնամություն ուներ, հարձակվեց Վահագնի վրա, հայհոյանքներ տվեց Սիմոնյանին, սկսվեց քաշքշուկ: Վկան ասաց, որ փորձել է թույլ չտալ, սակայն առաջին իսկ հարվածից հետո Վահագնը ընկավ: Ըստ վկայի՝ Վահագնից ու տուժողից բացի, բակում մարդ չի եղել: Տուժողը խիստ ագրեսիվ էր, հարձակվում էր Վահագնի վրա, հայհոյում կնոջը, մորը, ընտանիքին: Իսկ Վահագնը վատ էր զգում, խնդրում էր ջուր: Դեպքի վայրից 10 մետր հեռավորության վրա կար ցայտաղբյուր եւ ինքը փորձ է արել, որպեսզի ջուր հասցնի Վահագնին, սակայն հետեւել է տուժողի՝ 90 աստիճանի անկյան տակ երկրորդ հարվածը, ինչից Վահագնը ընկել է ցած:

Տուժողը հարվածել է ձեռքերով, ոտքերով եւ, ըստ վկայի՝ Վահագնը արդեն խռխռացնում էր, ուշքի չէր գալիս, իսկ այդ ընթացքում եկել էին տուժողի ընտանիքի անդամները եւ Դավիթ անունով մի անձնավորություն, որը խոչընդոտում էր ու չէր թողնում, որպեսզի ինքը զանգի շտապօգնություն: «Մի կերպ, երբ տեսա, որ Վահագնը կենդանության նշաններ է ցույց տալիս, զանգեցի շտապօգնություն: Տուժողը գոռում էր՝ դու մեռար, քո գերեզմանը փորեցիր, դու սպանվեցիր: Իր կամքից անկախ՝ Վահագնը չսպանվեց, իսկ տուժողը հավանաբար նկատում էր, որ ես ոստիկանություն էի զանգում»,- ասաց վկան: Վկան նաեւ ասաց, որ ոմն Դավիթ, որը տուժողի ազգականներից է, կարմիր վերնաշապիկով, հետագայում փախավ: Ի դեպ, վկային ստիպել էին, որպեսզի հայտնի, թե որտեղ է բնակվում եւ նա հայտնել էր իր հեռախոսի համարը. «Ինձ տուժողի որդին եւ տուժողը նստեցրին իմ մեքենան՝ BMW, վախենալով, որ իմ կյանքին վտանգ է սպառնում, առեւանգեցին այդ տարածքից, ասացին՝ քշի: 50 մետր առաջացա դեպի Իսակով… Երբ ես ասացի, որ չեմ քշում, նրանք գոռացին, թե դու հասկանո՞ւմ ես ում ես բերել, իմ տղու տարիքին ես, ինչեր ես քեզ թույլ տալիս»:

Ըստ վկայի՝ այդ ժամանակ իրենց մոտեցել է ոստիկանության մեքենան եւ տուժողն ու տղան իջել են իր մեքենայից: Եվ քանի որ իր ձեռքերն ու վերնաշապիկն արյունոտված էին, իսկ ոստիկանի ձեռքին լապտեր կար, մոտեցնելով վկային, ասել էր՝ դու էլ իջիր: Փաստաբան վկան իջել է իր ավտոմեքենայից: Վկան չգիտեր՝ ով է կանչել ոստիկաններին, սակայն իր մեքենան շրջել է եւ մոտեցել Վահագն Սիմոնյանի տաքսի մեքենային: Նա ասաց, որ այդ տարածքում եղել է տեսախցիկ: Ըստ վկայի՝ երբ ինքը մոտեցել է իր վստահորդի՝ Վահագնի մեքենային, տուժողը քարով, ոտքերով, ձեռքերով շարունակել է հարվածել Վահագն Սիմոնյանին, իսկ Վահագնը այնքան վատ էր, որ ինքը պահել է, որպեսզի չընկնի, առհասարակ գիտակցություն չկար: Ոստիկանները Վահագնին տարել են բաժին, իսկ ինքը իր մեքենայով է գնացել բաժին: Ոստիկանությունում փաստաբանը հայտնել է իր տվյալները, ասել ինչ է տեսել, իսկ նրան ասել են՝ կկանչենք: Երբ դուրս է եկել ոստիկանության բաժնից, տեսել է Վահագնին՝ սյան մոտ կանգնած, կանչել են շտապօգնության բրիգադ եւ նրան տարել թիվ 1 կլինիկական հիվանդանոց: Երբ ինքը հասել է հիվանդանոց, բժիշկն ասել է, որ Վահագնի վնասվածքը ծանր է, նա ուղեղի ցնցում է ստացել եւ հրաժարվում է բուժօգնությունից: Ինքը նույնպես համոզել է, որպեսզի Վահագնը բուժօգնություն ստանա: Վերջինս, սակայն, ստորագրել է մի փաստաթղթի տակ, որով հրաժարվել է:

Ըստ վկայի՝ ինքը փորձեր է արել Վահագնին համոզել վիրահատության, բուժօգնության հետ կապված, սակայն Վահագնը հրաժարվել է: Փաստաբան ականատեսը խնդրեց, որ իր այս հաղորդումը դիտեն հաղորդում հանցագործության մասին: Ու երբ մեղադրողը հարցրեց, որ հարուցվել է քրեական գործ, ինչո՞ւ է այս փուլում փաստաբանը դիմել դատարան, Գ. Մարտիրոսյանն ասաց. «Ուզում էի համոզվել, որ դուք ծանոթ էիք գործի նյութերին, սակայն պարզվեց, որ դուք անտեղյակ եք: Միգուցե ես էի ծեծել: Դուք չգիտե՞ք, այդպե՞ս եք դատախազական վերահսկողություն իրականացնում»: Այդ ժամանակ կինոդերասանը տեղից մատ թափ տվեց դատախազի վրա: Կինոդերասանի պաշտպան Լիանա Բալյանը խնդրեց ընդմիջում, քանի որ այդ պահին վատացել էր Վահագն Սիմոնյանի առողջական վիճակը, նա շնչահեղձ էր լինում եւ սրտի հետ կապված խնդիր ուներ:

Մոտ կես ժամ հետո ընդմիջված նիստը վերսկսվեց: Դատախազը հարցրեց վկային, թե որտեղի՞ց է իմացել քրեական գործի մասին: Ականատես վկան ասաց, որ «Առավոտ» օրաթերթից է իմացել, նաեւ հայտնեց, որ իր վստահորդը՝ Վահագն Սիմոնյանը երբեք լուրջ չի վերաբերվել քրեական գործին, նրա մտքով չի անցել, որ իրեն սպառնում է 4-7 տարվա ազատազրկում եւ որ այս գործի հետ կապված նա չի ցանկացել, որ կենցաղային խնդիրը դառնա հանրային: Փաստաբանը պնդեց, որ իրեն պետք է ճանաչեն տուժող, քանի որ սպառնալիք է եղել իր նկատմամբ, տուժողն ու իր որդին սպառնացել են իրեն, տուժողի որդու ձեռքին եղել է սեւ իր, ինչը ինքը ընկալել է որպես զենք: «Երբ ոստիկանները եկան, նա ասաց՝ տղուս թայ տղա ես, գնա ապրի՝ ասես ինձ կյանք էր շնորհում: Ինձ քաշքշել են, չեն թողել, որ շտապօգնության մեքենա կանչեմ Վահագնի համար: Իսկ քննությունը ոչինչ չի պարզել»,- ասաց փաստաբանը: Ըստ նրա՝ այդ ժամանակ այնքան մարդ էր հավաքվել դեպքի վայրում, քառասուն րոպեից ավելի է տեւել ամենը, մինչ ոստիկանության գալը: Մեղադրողին հետաքրքրեց, թե Վ. Սիմոնյանն արդյոք խմա՞ծ էր: Վկան ասաց, որ Վ. Սիմոնյանը խմում է մեկ-երկու բաժակ եւ հարցին, թե որտեղից գիտի, նա ասաց, թե Վ. Սիմոնյանը հանրային դեմք է եւ այդ մասին պատմել են, ինքն ավելին ոչինչ չգիտի:

 

ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

Հ. Գ. Ի դեպ, մեղադրողի հարցը այնքան էլ պատահական չէր: Նա անընդհատ փորձում էր դատարանում քաղգործերով փաստաբանին ներկայացնել որպես ամբաստանյալի ընկեր, որպեսզի փաստաբանի նկատմամբ կատարվածը չդիտվի փաստաբանական մասնագիտական գործունեության խոչընդոտում:

 

«Առավոտ»

05,04.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930