Լրահոս
Օրվա լրահոսը

Ելք կա` ըստ դերասանուհի Տաթեւ Ղազարյանի կերպարի

Ապրիլ 06,2017 15:00

Սանթրոսյան գերդաստանի կրտսեր
ներկայացուցիչը չի շեղվել «գենետիկ» ուղուց

Շուրջ 20 տարի է՝ Համազգայինի բեմում է Սանթրոսյան գերդաստանի կրտսեր ներկայացուցիչը՝ դերասանուհի Տաթեւ Ղազարյանը (լուսանկարում): Նա անվանի դերասան, ՀՀ ժողովրդական արտիստ Պարույր Սանթրոսյանի թոռնուհին է, ՀՀ վաստակավոր արտիստ Արեւ Սանթրոսյանի դուստրը, մորեղբայրն էլ ՀՀ ժողովրդական արտիստ Արմեն Սանթրոսյանն է: Այս անունները դասվում են Պատանի հանդիսատեսի թատրոնի երախտավորների թվում: Անցյալ տարի լրացավ Պարույր Սանթրոսյանի 105-ամյակը, այս տարին հոբելյանական է Տաթեւի մոր եւ մորեղբոր համար՝ Արեւ Սանթրոսյանի 65-ամյակն է, եղբոր՝ 70:

Մասնագետները խոսելով Տաթեւ Ղազարյան դերասանուհու մասին, մշտապես նշում են բնույթով իրար հակասող, ավելին՝ մերժող կերպարների նրա հիանալի մեկնաբանումները: Հաճախ հիշեցնում են Համազգայինում Դավիթ Հակոբյանի ռեժիսուրայով Մկրտիչ Խերանյանի «Շխոնց Միհրան» ներկայացման մեջ նրա կերտած մոր կերպարը, հետո օրինակ բերում Նիկոլայ Ծատուրյանի բեմադրությամբ Վիլյամ Սարոյանի «Փրկության կղզին», որտեղ Տաթեւը մարմնավորում է տղային՝ Քլեյին եւ այլն:

Օրերս իր թատրոնում Տաթեւ Ղազարյանը հանդես եկավ մոնոներկայացմամբ՝ Ջուլիայի կերպարով՝ իտալացի ճանաչված թատերագիր, Նոբելյան մրցանակակիր Դարիո Ֆոյի եւ նրա տիկնոջ՝ դերասանուհի Ֆրանքա Ռամենի «Սովորական օր» տրագիկոմեդիայում: Ռեժիսորն է Սերժ Մելիք-Հովսեփյանը, որը բազմաթիվ բեմադրություններ է իրականացրել Թեհրանում, ապա Ֆրանսիայում, 2009-ից էլ Հայաստանում է, հիմնել է իր «Ագորա» թատերախումբը, եւ ինչպես ինքն է հաճախ հիշեցնում՝ «նպատակս է ներկայացնել ժամանակակից համաշխարհային դրամատուրգիա»:

Առաջին անգամ հանդիպեցինք մոնոներկայացման, որտեղ ընդգրկված է 6 դերասան՝ Համազգայինի արտիստներ Նարինե Գրիգորյանը, Արմինե Անդրիասյանը, Մարիա Սեյրանյանը, Վարշամ Գեւորգյանը, Ստեփան Ղամբարյանը, Արման Նավասարդյանը, որոնց մի մասը ներկայացման ընթացքում ցուցադրվող ֆիլմում են, մի մասն էլ հեռախոսից հնչող ձայներ են: Նրանք փորձելով կապվել հոգեբանի հետ, սխալմամբ միացել են Ջուլիային: Վերջինս կենտրոնացած է իր սեփական խնդիրների վրա, մոռանալով շրջապատը: Բայց ստեղծված իրավիճակից ելնելով, Ջուլիան տեսնում է, թե իր նման ինչքա՜ն մարդիկ կան եւ մտածում՝ գուցե նրանց հետ հնարավոր լինի ինչ-որ բան փոխել: Այդ միտքն էլ ի վերջո Ջուլիային ետ է պահում ինքնասպանությունից: Հերոսուհին այսպիսի միտք է արտահայտում. «Կյանքը պոկերի պես ա, վերցնում ես անհաջող խաղաքարտերը՝ կամ պիտի խաբեություն անես, կամ վայր դնես խաղաքարտերը…»:
«Առավոտի» հետ զրույցում Տաթեւ Ղազարյանն ասաց, որ նշյալ տրագիկոմեդիայի թեման համամարդկային է. «Իսկապես, մեզանում էլ կան նեւրոզով տառապողներ: Հերոսուհուս օրինակով, ցավոք, կան կանայք, որոնց ամուսինները ոտնահարում են կնոջ իրավունքները, նույնիսկ անընդհատ փնթփնթում, որ գիրացել են, տեսքից ընկել, անհապաղ պետք է դիետա պահել եւ այլն: Բայց, դարձյալ հերոսուհուս օրինակով, ելք կա: Ինչպես Ջուլիան լսելով ուրիշների խնդիրները, ի վերջո սթափվեց…»:

Հետաքրքրությանը՝ ինչու գերդաստանի ավագների օրինակով չի ընտրել Պատանի հանդիսատեսի թատրոնը, Տաթեւ Ղազարյանը «արդարացավ». «Սովորել եմ Սոս Սարգսյանի արվեստանոցում»:

Հարցին՝ կառանձնացնե՞ք թատերարվեստի գործիչների, որոնց կարծիքը կարեւորում եք, արվեստագետը պատասխանեց. «Միանշանակ՝ ընտանիքիս անդամները, հետո Դավիթ Հակոբյանը, որն ինձ դերասանի վարպետություն է դասավանդել ինստիտուտում, իհարկե՝ Նիկոլայ Ծատուրյանը»: Հետո էլ հավելեց. «Պարոն Ծատուրյանն ինձ ասաց, որ մինչ այս ներկայացման պրեմիերան 15 օր Մոսկվայում դիտել է ավելի քան 10 ներկայացում եւ, իր խոսքերով՝ հիասթափվել: Պրեմիերայից հետո ասաց, թե ոգեւորվել է եւ ում հանդիպում է՝ հրավիրում է «Սովորական օրը» դիտելուն: Չգիտեմ՝ սա կարելի՞ էր ասել, թե՞ ոչ…»:
Նշենք, որ Սերժ Մելիք-Հովսեփյանը մշտապես իր հարցազրույցներում ասել է, թե դեկորներ գրեթե չի օգտագործում, քանի որ դերասանն է ներկայացման կենտրոնում, եւ արտիստը ոչ թե պետք է խաղա, այլ զգա կերպարը ու կենդանի մատուցի: «Սովորական օր»-ի դեպքում դա այդպես էր:

 

ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ

Լուսանկարներում. Դերասանուհին՝ Սոս Սարգսյանի, Դավիթ Հակոբյանի, Նիկոլայ Ծատուրյանի հետ:

 

«Առավոտ»

05,04.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930