Լրահոս
Օրվա լրահոսը

Բոլորը փակում են աչքերը, արթնանում է Շերիֆը

Ապրիլ 06,2017 14:30

Քաղաքի ամենաբանուկ հատվածներից մեկը, թերեւս, Աբովյանի պուրակն է, բայց երբեք չէի պատկերացնի, որ այդքան դժվար կլինի այդ բազմության մեջ գտնել իմ ակնարկի հերոսին: Անունն արդեն հուշում էր` որտեղ փնտրել. Պլանի գլխի շերիֆ: Իմ պատկերացումներում ինքն այնքան վառ կերպար էր, որ համոզված էի՝ բոլորը նրան ճանաչելու են, բայց կարծիքները տարբեր էին: Շատերը, գուցե, նրա արտաքինից, նրա շուրջ պտտվող առեղծվածային ու անհավանական պատմություններից վախեցած՝ շտապում էին ինձ հետ պահել նրան գտնելու մտքից, բայց հենց այդ ամենով ոգեւորված ես շարունակում էի խանութից խանութ, բակից բակ շտապել նրան գտնելու համար: Ի վերջո, երթուղային տաքսիների վարորդներից դեպի մոտակա բակը, ապա բակի դիմացի ավտոսպասարկման կետը, այնտեղից էլ մոտակա խանութը, որտեղ, իհարկե, ճանաչեցին, բայց ինձ օգնել չշտապեցին, փոխարենը՝ մատնացույց արեցին լքված ավտոլվացման կետը, որտեղ էլ բարի պահակը համաձայնեց ինձ փոխանցել Պլանի գլխի շերիֆի հեռախոսահամարը: Ամենադժվարն արդեն անցյալում էր. մոտ մեկուկես ժամ տեւած փնտրտուքներից հետո վերջապես ես ինքս իմ «հաղթանակով» ոգեւորված՝ շտապում էի նրա հետ հանդիպման:

Շենքի բակում կանգնած հին, բայց խնամքով պահպանված ավտոմեքենաներից հետո ինձ սպասվում էր նույնքան հանելուկային, փոքրիկ նկուղային արհեստանոցը ու դրա արժանի տերը` Պլանի գլխի շերիֆը: Մի փոքր վախվորած՝ բացեցի դուռը ու ներս մտա: Բարեւեցի, բայց Շերիֆը լուռ էր, կարծես չնկատեց, որ ինչ-որ մեկը խախտեց իր անդորրը, շարունակում էր հայելու դիմաց ուղղել հագուստը, զգեստապահարանից հանում, դասավորում էր իր կովբոյական հագուստները ու մի քանիսը մի կողք դրեց եւ պտտվելով դեպի ինձ՝ ասաց. «Հեսա, հագիր սրանք, որ հավասարը հավասարի հետ խոսենք (ծիծաղում է-Լ.Օ)»: Ալբերտ Սիմոնյանը՝ նույն ինքը Շերիֆը, երբեք չի սիրել խոսել իր անձնականի մասին, չնայած դրան՝ նա միանգամից դարակից հանեց փոշոտված, կիսամաշված մի տուփ եւ տալով ինձ՝ ասաց. «Շատ են գրել իմ մասին, բոլորն են լսել իմ մասին, ուսումնասիրի, բալես, բայց տես հետո բոլորն անխտիր նորից կդասավորես արկղի մեջ ու կփակես…»: Շերիֆն այս ամենն ասաց ձայնի այն տոնայնությամբ, կարծես պարտադրելու հետ մեկտեղ խնդրեր, որ փակեի արկղն այնպես, որ ոչ մեկն այլեւս չկարողանար բացել եւ, այո, գիտեք ինչու խնդրեց անխտիր բոլորը դասավորեմ, որովհետեւ արկղի մեջ նրա կյանքն էր՝ իր ամբողջ մանրամասնություններով, թերեւս վախենում էր չկորցնեի թղթերից, լուսանկարներից մեկը. դա նույնն էր, ինչ խլեի նրանից նրա հիշողությունները, որոնք նա շատ պինդ պահում էր:

«Ես իմ կերպարով անտարբեր չեմ թողնում ոչ ոքի, բոլորն ինձ ուզում են ճանաչել, ես մանկուց սիրել եմ կովբոյներին, միշտ ցանկացել եմ իրենց պես ազատ լինել ու չնայած պատկառելի տարիքիս, որ բոլորն իմ տարիքում վարում են հանգիստ կյանք, ես ընտրեցի այս ճանապարհը, էհ, տանել չեմ կարողանում կանանց չպատճառաբանված իշխանությունը, ես ինքնուրույնություն եմ սիրում»,- պատմում էր Շերիֆը եւ չէր թաքցնում, որ, չնայած այդ ամենին, կանանց շատ է սիրում:

Շերիֆ Աբոն մի առանձնակի մեծ սիրով էր խոսում իր ավտոմեքենաների մասին` լրիվ սիրահարվածի նման. «Արի, արի դուրս գանք, քեզ մի քիչ էլ ավտոմեքենաներիս մասին պատմեմ»:

Պլանի գլխի շերիֆն ուներ մի «Օթսմոբիլ», «Ջիպ» եւ «ԳԱԶ Մ-1» (Էմադին): Բացի «Ջիպից», մյուս երկուսը պատմական մեքենաներ են: Ասում է. «Միշտ երազել եմ մի այնպիսի մեքենա գնել, որը ծնված լինի իմ թվականին՝ 1938 եւ դա իմ «Մ-1»-ն է, որը բերել եմ Թիֆլիսից (ցույց է տալիս փաստաթղթերը-Լ.Օ.)»: Եվ չմոռացավ նշել, որ այդ մեքենան ծառայել է Ստալինին: Ապա հավելում է. «Ես ամեն առավոտ բոլոր մեքենաներս պարտադիր մաքրում եմ, անհրաժեշտության դեպքում՝ լվանում, դե լավ, արի միասին մի հատ նկարվենք. ես, դու, մեքենաներս, տարիներ հետո կհպարտանաս, որ Շերիֆի հետ լուսանկար ունես… »:

Կովբոյը համալրում է այն մարդկանց շարքը, որոնք ապրում են այս կյանքի ամեն օրը, մտածում կյանքի վայելքների ու հաճույքների մասին, սրա հետ մեկտեղ՝ Շերիֆ Աբոն իր կյանքը մոլեգնորեն ապրելու արդյունքում ենթարկվել է մի շարք վթարների. «Դեպքերն այնքան շատ են, որ հաճախ մոռանում եմ թվով որերորդ վիրահատությունն եմ տարել, նույնիսկ մի դեպք է եղել, երբ մտածել են՝ մահացել եմ ու դիահերձարան իջեցնելիս արթնացել եմ»: Կովբոյ Շերիֆի դեմքի արտահայտությունից կարելի էր ենթադրել, որ թաքցնում է սպիների իրական պատճառները, այ թե մարմնի սպիները լեզու ունենային…Երբ համառորեն շարունակեցի հարցեր տալ անձնականի մասին, անմիջապես շրջանցեց թեման եւ սկսեց պատմել իր երեխաների, թոռնիկների մասին. «Թոռնիկներիս շատ եմ սիրում եւ միշտ խնդրում եմ՝ պապիկ չասել, էդպես ես ինձ շատ մեծ եմ զգում, զանգում են` ընկեր ո՞նց ես ասում եւ ամեն ինչ տեղն է ընկնում»: Կնոջ մասին նույնպես համառորեն լռեց, փոխարենը պատմեց, որ երեխաների հետ շատ է շրջագայել. «ԱՄՆ-ում բոլորն ինձ հետ լուսանկարվում էին եւ ինձ կոչում կովբոյի շորերով Հեմինգուեյ, այնտեղ ստացել եմ մի շարք հրավերներ՝ նկարահանվելու ֆիլմերում ու դա ամբողջը պայմանավորված էր կերպարիս յուրօրինակությամբ, աղջկաս` Փիրուզայի հետ խաղացել եմ ֆիլմում: Գլխավոր դերերում էինք հանդես գալիս, այնքան հաճելի ու պարտավորեցնող էր, աննկարագրելի…»:

Ահա այսպես մեր օրերում ապրում է մի մարդ՝ իր առանձին աշխարհը ստեղծած, որը հասկանալի եւ ընդունելի չէ շատերին եւ դրա համար պատահական չէ, որ Ալբերտ Սիմոնյանը փակում է բոլորի աչքերը եւ հետո նոր միայն արթնացնում իր մեջ եղած Շերիֆին…

 

ԼԻԼԻԱՆԱ ՕՍԻՊՅԱՆ

Լուսանկարը՝ myyerevan.am-ի

«Առավոտ»

05,04.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930