Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանը ծերացած երկրների շարքում է

Ապրիլ 06,2017 14:00

Ըստ հոգեբան Սաթեն Գրիգորյանի, մարդիկ շատ երեխաներ չեն ունենում, քանի որ վստահ չեն, որ հավուր պատշաճի կպահեն եւ ուսման կտան:

Հայաստանի Հանրապետության բնակչությունը 2016 թվականի դրությամբ կազմում է 2,999 հազար մարդ եւ 2015 թվականի տարեսկզբի համեմատ այն նվազել է 12,0 հազար մարդով:

Համեմատելով 2013 եւ 2016 թվականի տարիքային խմբերի տվյալները՝ նկատելի է, որ եթե 1- 4 տարեկան երեխաների թվի աճ չի գրանցվել (167000 մարդ), ապա 60-64 տարիքային խումբը 2013 թվականին կազմել է 136000 մարդ, իսկ 2016 թվականի դրությամբ թիվն աճել է՝ հասնելով 158000-ի:

Հիմնականում բնակչության թվի աճ գրանցելու համար յուրաքանչյուր ընտանիքում պետք է ծնվի 3 երեխա: Հիմա ծնողները ցանկանում են մեկ զավակ ունենալ: Հոգեբան Սաթեն Գրիգորյանը նշում է՝ վախենում են, որ չեն կարողանա երեխաներին մեծացնել, ուսման տալ եւ պահել հավուր պատշաճի, ուստի նախընտրում են ունենալ մեկը՝ ապահովելով նրա համար լավագույն պայմանները:

Ծնելիության համեմատաբար ցածր մակարդակը կապված է նաեւ գործազրկության հետ: Հայաստանի բնակչության 18.5% -ը չի աշխատում, իսկ Ադրբեջանում ցուցանիշը ընդամենը 5% է կազմում՝ Ազգային վիճակագրական տվյալների համաձայն:
Մեկ երեխա ունենալը ոչ միայն նվազեցնում է բնակչության թվի աճը, այլեւ կարող է հանգեցնել լուրջ հոգեբանական խնդիրների: «Ծնողները պետք է հաշվի առնեն, որ մենակ մեծացող երեխաները կյանքում առավել էգոիստ են լինում, քանի որ սովոր են, որ ամեն ինչ միայն իրենց պետք է պատկանի՝ առանց ունեցածը որեւէ մեկի հետ կիսելու նախապայմանի, իսկ էգոցենտրիզմը կյանքում շատ հաճախ խանգարում է մարդկանց կարեւոր հարցերում եւ համընդհանուր որոշումներ ընդունելիս»,-մանրամասնում է հոգեբանը:

2016 թվականի տվյալներով՝ 0-4 տարեկան աղջիկների թիվը 1.6% -ով պակաս է նույն տարիքի տղաների թվից:

Գյուղական համայնքներում ավելի շատ կարելի է տեսնել բազմազավակ ընտանիքներ, քան քաղաքային համայնքներում: Սակայն սա էլ չի ապահովում բնակչության աճը: 2016թ. տարեսկզբի դրությամբ արձանագրված ՀՀ մշտական բնակչության կազմում քաղաքային բնակչության տեսակարար կշիռը կազմել է 63.6%, իսկ գյուղականինը՝ 36.4%:
2015թ.-ին երեք եւ պակաս անդամ ունեցող ընտանիքները կազմում են 44.1%, 2012թ. 42.0%-ի համեմատ: Բազմանդամ ընտանիքները (6 եւ ավելի անդամ ունեցող) գերակշռել են գյուղական բնակավայրերում` 27.2%, քաղաքայինի` 16.9%-ի համեմատ:
Հայաստանից մեկնումներն ավելի շատ են, քան ժամանումները, վերջին մի քանի տարիների ընթացքում պատկերը նույնն է մնացել: 2015 թվականի դրությամբ մեկնողների թիվը աճել է 1.3 անգամ` 2011 թվականի համեմատությամբ: Հայաստանից մեկնում են հիմնականում երիտասարդները ընտանիքներով:

Սաթեն Գրիգորյանը ավելացնում է. «Երկրից մեկնելու պատճառը հիմնականում սոցիալական ոչ բարվոք վիճակն է»:

ՄԱԿ-ի չափանիշներով՝ երկիրը համարվում է ծերացող, եթե բնակչության 7% -ից ավելին հատում է 64 տարիքային շեմը: Հայաստանը հատել է այն ու համալրել է ծերացած երկրների շարքը:

 

ՄԵՐԻ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

«Առավոտ»

05,04.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930