Շիրակի մարզի դատախազ Կարեն Գաբրիելյանն այսօր մեզ հետ զրուցում տեղեկացրեց, որ դատախազությունը ընտրության օրը տարաբնույթ ընտրախախտումների մասին ահազանգեր է ստացել, սակայն դրանք հիմնականում առնչվել են կրկնակի քվեարկության դեպքերին։ Դրանք այս պահին գտնվում են ուսումնասիրման փուլում, կատարվում են անհրաժեշտ ստուգողական գործողություններ։
Կարեն Գաբրիելյանը տեղեկացրեց, որ այս պահի դրությամբ կամ հարուցված մեկ քրեական գործ՝ կրկին անգամ քվեարկելու փորձի վերաբերյալ։ «Կկատարենք համապատասխան նախաքննություն և անհրաժեշտ ապացույցների առկայության պայմաններում կգանք իրավական համապատասխան եզրահանգման»,-ասաց դատախազը։
Ըստ նրա, քվեարկության կրկնակի փորձ կատարելու դեպքերի ահազանգերը մեծամասամբ Գյումրիից են հնչել, իսկ ահազանգեր ստացել են տարբեր մարդկանց կողմից և՛ դիտորդներից, և՛ վստահված անձանցից, և՛ քաղաքացիներից։ «Ես բերեմ օրինակներ՝ քաղաքացիների կողմից կրկնակի քվեարկության դեպքերը հիմնականում արձանագրվել է հետևյալ կերպ․անձը մինչ քվեարկելը հաշվառվել է համապատասխան տեխնիկայում, քվեարկությունը կատարելուց հետո կարծել է, որ դարձյալ պետք է իր մատնահետքը հաշվառվի նշված էլեկտրական սարքում։
Այդ ամենն արձանագրվել է նշված սարքով ու փաստվել է, որ անձը փորձել է կրկին անգամ քվեարկել։ Հիմնական սրանք են մեր խախտումները կրկնակի քվեարկության։ Կամ հարազատի հետ է անձը գնացել քվեարկելու, հարազատին է ուղեկցել, հարազատի անձնագրի փոխարեն ներկայացրել է իր անձնագիրը»։
Կարդացեք նաև
Մենք հետաքրքրվեցինք, թե դատախազությունը ուսումնասիրե՞լ է թիվ 3-րդ դպրոցում տեղակայված 32/34 ընտրատեղամասում տեղի ունեցած դեպքը, ընտրությանը մասնակցող անձանցից մեկը վստահված անձին դանակահարելու սպառնալիքներ էր հնչել։ «Դա նույնպես գտնվում է ուսումնասիրման փուլում, այս պահին ձեռք բերված փաստական տվյալներով հիմնավորվել է, որ որևիցե սպառնալիք, այդ թվում դանակի գործադրմամբ չի եղել։ Հարցաքննվել են հանձնաժողովի անդամներ, դիտորդներ, անձինք, որոնք հերքել են այդ տվյալները։ Ինչքան տեղյակ եմ, հերքել է նույն դիտորդը, որ դանակի գործադրմամբ եղել են սպառնալիքներ, միանշանակ հերքվել է այդ փաստը»,-ասաց դատախազը։
Հարցին՝ դատախազությունը ստացե՞լ է ընտրակաշառքի վերաբերյալ ահազանգեր, Գյումրիում չընտրված թեկնածուներից մեկն արդեն սկսել է հետ պահանջել իր ընտրակաշառքը, Կարեն Գաբրիելյանն ասաց․ «Ընտրակաշառքի վերաբերյալ նույնպես ունենք ահազանգ, այս պահի դրությամբ կատարվում են ստուգողական ակտիվ գործողություններ, բայց ասեմ, որ այս պահին նույնպես նման տվյալներ առկա չեն, ձեռք չեն բերվել, բայց կատարվում են ակտիվ քննչական և դատավարական գործողություններ։ Օպերատիվ մարմիններին տրված են համապատասխան հանձնարարություններ նշված հանգամանքները պարզելու կամ հերքելու ուղղությամբ»։ Հարցին՝ գտնում եք, որ ընտրակաշառք չի եղե՞լ, Կարեն Գաբրիելյանն ասաց, որ ինքը ղեկավարվում է առկա փաստական տվյալներով, իսկ ընտրակեղծիքների, ընտրակաշառքի վերաբերյալ փաստեր չեն արձանագրվել։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ