Պլովդիվում շարունակվող սուսերամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունում հայաստանցի խոցասուսերակիր Էմմա Պողոսովան, թեեւ աղջիկների պայքարում մեդալ չնվաճեց, սակայն բացառիկ արդյունք գրանցեց Անկախ Հայաստանի սուսերամարտի պատմության մեջ:
154 մասնակիցների պայքարի նախնական փուլում Էմման տարավ հինգ հաղթանակ եւ ասպարեզում մնացած 128 մարզուհիների հետ պայքարը շարունակելու իրավունք ստացավ: Այս փուլից էլ նա սկսեց զարմացնել բոլորին: Օլիմպիական մրցակարգով շարունակված մրցակցությունում մեր սուսերամարտիկը շարքից դուրս հանեց Ավստրալիայի (15:5), ԱՄՆ-ի (այդ երկրի հավաքականի առաջատար), Եգիպտոսի, Շվեյցարիայի (բոլորին էլ՝ 15:14) ներկայացուցիչներին ու մտավ ութ ուժեղագույնների մեջ: Եվ միայն այստեղ զիջեց մեկ այլ ամերիկուհու ու բավարարվեց 5-րդ տեղով:
Հայաստանի սուսերամարտի ֆեդերացիայի նախագահ Արմեն Գրիգորյանի խոսքերով, սա տարիների ընթացքում կատարված ամենօրյա աշխատանքի արդյունք է:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ