Լրահոս
Օրվա լրահոսը

Մուշեղ Պետոյանը մատաղ է արել․ ՀՀԿ-ականները Արթիկում հաղթանակ են տոնում

Ապրիլ 05,2017 22:55

Aravot.am-ին տեղեկություններ էին հասել այն մասին, որ ՀՀԿ վարկանիշային ցուցակով առաջադրված Մուշեղ Պետոյանը, որը հավաքել է 8799 ձայն, այսօր մատաղ է արել՝ հրավիրելով ՀՀԿ Շիրակի մարզի շտաբի պատասխանատու Սամվել Նիկոյանին, Սամվել Բալասանյանին, Արման Սահակյանին, Սուքիաս Ավետիսյանին, իր ընկերներին ու հարազատներին ․․․

Aravot.am-ը Մուշեղ Պետոյանից հետաքրքրվեց՝ մի՞թե իր հավաքած ձայները բավարար են խորհրդարան մտնելու համար, որ հաղթանակ է տոնում, թե՞ ՀՀԿ-ի հաղթանակն են տոնում Շիրակի մարզում։ Մուշեղ Պետոյանն ասաց, որ ոչ թե հաղթանակ են տոնում, այլ մատաղ է արել իր ընտրազանգվածին ու իր կողքին կանգնած, իրեն սատարած մարդկանց շնորհակալություն հայտնելու։ Նրա փոխանցմամբ, հավաքվել են 1000 հոգով, սակայն չի կարող ասել, թե որտեղ է քեֆ-ուրախությունը, քանի որ «մեծ զալը» անուն չունի, թեև գտնվում է Արթիկում։

«Ես շնորհակալ եմ բոլորից՝ թե՛ իմ ընտրողներից և թե՛ չընտրողներից, չընտրողները թեև այդ պահին այդպես են մտածել, բայց ոչինչ, ժամանակը կգա, իրենք կփոշմանեն իրենց կատարած ընտրությունից», -ասաց Մուշեղ Պետոյանը։

Մեր հարցին՝ ըստ ձեզ այս ընտրակարգով ավելի շատ ուշադրություն դարձրեցին անձի՞ն, թե՞ քաղաքական ուժին, Մուշեղ Պետոյանն ասաց․ «Կոնկրետ Արթիկը, քաղաքը և շրջաններն ավելի շատ նայել են մարդու անձին, ես միշտ էլ ասել եմ՝ կուսակցությունները շատ փոքր դեր են ունենում ընտրություններում։ Դուք գիտեք, ես մեծամասնականով ընտրված պատգամավոր էի, մարդիկ հաշվի են առնում մարդու անձը, տեսնում են՝ թեկնածուն ով է, իրեն հարգելով, իրեն հավատալով են ձայն տալիս։ Ես 10 տարուց ավել է քաղաքական պրոցեսների մեջ եմ, իհարկե, ինձ քաղաքական գործիչ չհամարելով՝ քաղաքական կյանքով եմ ապրում, երբևէ սուտ խոստումներ չեմ տվել, ինչ խոստացել եմ, դա կատարել եմ, և ժողովուրդը իր գնահատականը տվեց»։

Մեր դիտարկմանը՝ դուք ձեր հավաքած ձայներով խորհրդարան չեք մտնում, Մուշեղ Պետոյանն ասաց․«Ես իմ բոլոր հարցազրույցների ժամանակ ասել եմ, որ ինձ համար գերնպատակ չէ Ազգային ժողովում հայտնվելը, հետո հեչ մարդ չգիտի ես կհայտնվե՞մ, թե՞ չեմ հայտնվի, դեռ շատ բաներ կարող են փոխվել»։

Մեր հաջորդ հարցին՝ դուք խորհրդարանից դուրս ձեզ որտե՞ղ եք տեսնում, Մուշեղ Պետոյանն ասաց․ «Խորհրդարանից դուրս, մեր ժողովրդի կողքին եմ ինձ տեսնում, ես որևէ պաշտոնի ակնկալիք բացարձակ չունեմ։ Ես ինձ ժողովրդի կողքին եմ տեսնում, պետության կողքին եմ, մեր երկրի նախագահի կողքին, ոչ մի բանի ակնկալիք չունեմ և չեմ էլ ունենա։ Եթե ես արժանիքներ ունեմ, եթե կարող եմ ծառայել ժողովրդին, իմ արժանի գնահատականը միանշանակ ստանալու եմ, հավատացած եմ»։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930