Կառավարության ապրիլի 6-ի նիստի օրակարգում է ընդգրկված մի որոշման նախագիծ, ըստ որի, «Լիորմանդ Հոլդինգզ Լիմիթեդ» ընկերությունը (Վաճառող) դիմել է ՀՀ կառավարությանը, որպեսզի սեփականության իրավունքով իրեն պատկանող «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի («ՀԷՑ» ՓԲԸ) 69,99 % բաժնետոմսերը «Տաշիր Կապիտալ» ՓԲԸ-ին (Գնորդ) փոխանցելու մտադրության մասին:
Նախագծում նշվում է, որ «Կասկադ-Էներգացանց» ՍՊԸ-ն առաջարկել է ՀՀ կառավարությանը` «ՀԷՑ» ՓԲԸ-ի 69,99 % բաժնետոմսերի սեփականության իրավունքի փոխանցման նախատեսվող գործարքի իրականացման դեպքում գնորդի հետ համապարտությամբ ստանձնելու 2002թ. օգոստոսի 26-ի «ՀԷՑ» ՓԲԸ-ի բաժնետոմսերի վաճառքի պայմանագրից, ինչպես նաեւ 2015թ. հոկտեմբերի 30-ին կնքված Լրացուցիչ Համաձայնագրից բխող՝ գնորդի բոլոր պարտավորությունները:
ՀՀ կառավարության սույն որոշման նախագծով հաստատվում է Վաճառողի «ՀԷՑ» ՓԲԸ-ի 69,99 % բաժնետոմսերի սեփականության իրավունքի՝ գնորդին փոխանցման պայմանների համաձայնությունը եւ տրվում է լիազորություն ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարին` ՀՀ կառավարության անունից ստորագրել համաձայնությունը:
Կառավարությունը, ինչպես տեղեկանում ենք որոշման նախագծից, համաձայնություն է տալիս այս գործարքին՝ որոշ պայմաններով:
Կարդացեք նաև
«Սույն համաձայնությունն ուժի մեջ կմտնի եւ վավերական կդառնա միայն` «Լիորմանդ Հոլդինգզ Լիմիթեդ», «Տաշիր Կապիտալ» եւ «Կասկադ-Էներգացանց» ընկերությունների միջև` «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի վաճառքի 2002թ-ի օգոստոսի 26-ի պայմանագրով, ինչպես նաեւ` 2015 թվականի հոկտեմբերի 30-ի լրացուցիչ Համաձայնագրով իրավահաջորդության և պարտավորությունների կատարման ապահովման մասին Համաձայնագրի (այսուհետ` Համաձայնագիր) կնքումից եւ «Լիորմանդ Հոլդինգզ Լիմիթեդ», «Տաշիր Կապիտալ» եւ «Կասկադ-Էներգացանց» ընկերությունների կողմից սույն համաձայնության պայմանների գրավոր ընդունումից հետո»,-գրված է կառավարության փաստաթղթում:
Բացի այդ, նշված է նաեւ, որ համաձայնությունը վավերական է այնքան ժամանակ, քանի դեռ վավերական եւ ուժի մեջ է Համաձայնագիրը: Համաձայնագիրը որեւէ պատճառով անվավեր կամ ուժը կորցրած ճանաչվելու դեպքում սույն համաձայնությունը համարվում է հետ կանչված եւ անվավեր՝ բոլոր նպատակների համար, իսկ «Լիորմանդ Հոլդինգզ Լիմիթեդ» եւ «Կասկադ-Էներգացանց» ընկերությունները պատասխանատու են մնում ՀՀ օրենսդրությամբ եւ 2002 թվականի օգոստոսի 26-ին ՀՀ կառավարության ու «Միդլենդ Ռեսուրսիս Հոլդինգ Լիմիթեդ» ընկերության միջեւ կնքված` «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի վաճառքի պայմանագրով, ինչպես նաեւ` ՀՀ կառավարության, «Լիորմանդ Հոլդինգզ Լիմիթեդ» եւ «Կասկադ Էներգացանց» ընկերությունների միջեւ 2015 թվականի հոկտեմբերի 30-ի լրացուցիչ Համաձայնագրով նախատեսված բաժնետիրոջ բոլոր պարտավորություններով:
Ըստ նախագծի, համաձայնությունը կարգավորվում է Ամերիկայի Միացյալ Նահանգների Նյու Յորք նահանգի օրենսդրությամբ:
Հիշեցնենք, որ 2015-ի սեպտեմբերին ՀԷՑ-ի նախկին սեփականատեր Ինտեր ՌԱՕ ԵԷՍ Հոլդինգ Բի.Վի.» ընկերությունը դիմել է Հայաստանի կառավարությանը եւ տեղեկացրել, որ մտադիր է իր սեփականությունը հանդիսացող ՀԷՑ-ի բաժնետոմսերի ամբողջ փաթեթն օտարել «Լիորմանդ Հոլդինգզ Լիմիթեդ» ընկերությանը:
Նելլի ԲԱԲԱՅԱՆ