Ցուցահանդեսին ներկայացված էին Արցախի` անկախության սերնդի ինը ներկայացուցիչների 60 աշխատանքներ:
Մշակույթի փոխնախարար Արև Սամուելյանի խոսքերով` այս աշխատանքներն ունեն շատ հարուստ գունապնակ. «Ունենալով սեփական ձեռագիր` նրանք պահպանել են 20-րդ դարի երկրորդ կեսի լավագույն ավանդույթները: Մեզ փոխանցում են այդ ժամանակի լավագույն նկարիչների շունչը, որը ծանոթ է, բայց միևնույն ժամանակ` նոր»:
«Թեքեյան կենտրոն» հիմնադրամը ցուցահանդեսը կազմակերպել է Երևանի քաղաքապետարանի, Երևան քաղաքի պատմության թանգարանի, Արցախի հանրապետության մշակույթի և երիտասարդության հարցերով նախարարության և «Շուշիի թանգարաններ» պետական ոչ առևտրային կազմակերպության հետ:
Կարդացեք նաև
Այս ցուցահանդեսի խորագիրը Արցախի մեր հայրենակիցների կյանքի սկզբունքն է: Ինչպես նշում է «Շուշիի թանգարաններ» ՊՈԱԿ-ի տնօրեն Լուսինե Գասպարյանը. «Պատահական չէ, որ կտավների հեղինակները հենց անկախության սերնդի ներկայացուցիչներն են: Այն սերնդի, որի մանկական խաղը հաճախ կիսատ է մնացել ռումբերի պատճառով: Բայց այսօր նրանց աշխատանքները լի են լավատեսությամբ»:
Ցուցահանդեսի բացման նախաձեռնությունը օրհնեց նաև տեր Շահեն քահանան:
Ցուցահանդեսը կգործի ապրիլի հինգից տասնյոթը:
Մարիամ ԽԱՉԱՏՐՅԱՆ
Լուսանկարները` Մերի Աբրահամյանի