Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Միջադեպ Սեֆիլյանի դատական նիստին. «Ժիրայրին էդ ստոր լրագրողն ու փաստաբանը զրպարտում են» (Տեսանյութ)

Ապրիլ 05,2017 21:54

Այսօր Աջափնյակ եւ Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում «Հիմնադիր խորհրդարանի» քարտուղարության համակարգող, Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատար Ժիրայր Սեֆիլյանն ընդդեմ «Արմենիա TV» -ի քաղաքացիական հայցով դատական նիստն էր:

Սեֆիլյանը Հ/Ը-ից պահանջում է հերքել իր վերաբերյալ տարածված կեղծ տեղեկությունները, որը տարածվել է «Սուր Անկյուն» հաղորդաշարի ռեպորտաժի ժամանակ, եւ Սեֆիլյանը պահանջում է իրենից հրապարակային ներողություն խնդրել:

Դատարանում կողմերը դիտեցին վիճարկվող ռեպորտաժը, որից հետո Սեֆիլյանի ներկայացուցիչ, փաստաբան Տիգրան Հայրապետյանը անդրադարձավ հայցի առարկությանը, որտեղ, ըստ Հայրապետյանի, պատասխանող կողմը նշել է, որ ռեպորտաժը Սեֆիլյանի մասին չէ, այլ նաեւ այլ հրամանատարների, եւ այն Սեֆիլյանի արժանապատվությանը չի վնասում: Հայրապետյանն ասաց, որ ռեպորտաժում հեգնանքով ասվում է՝ հրամանատար էլ կա, հրամանատար՝ էլ, որ Սեֆիլյանը վատ հրամանատար է եղել, իր խոսքը հեղինակություն չի ունեցել, զինվորի արժեքը չի հասկացել, եւ վիրավորներից մեկին թողել է մարտի դաշտում:

Հիշեցնենք, որ մինչ դատարան հասնելը, Սեֆիլյանը հերքման պահանջ-նամակով դիմել էր հեռուստաընկերությանը, սակայն հերքում այդպես էլ չի եղել:

Հայրապետյանը մեզ հետ զրույցում ասաց, որ հեռուստաընկերության ներկայացուցիչը վստահեցրել է, որ հերքման դիմում չեն ստացել, մինչդեռ դատարանում ներկայացվել է նամակ-դիմումի անդորրագիրը:

Ըստ Հայրապետյանի, նամակում Սեֆիլյանը պատմել է, թե իրականում ինչ է տեղի ունեցել, նախորդ նիստերին էլ Սեֆիլյանի զինակիցները դատարանում պատմել են, որ Սեֆիլյանը այն աստիճանի վիրավորում է ստացած եղել, որ ասել է՝ զենքը տվեք՝ ես ինձ խփեմ, բեռ եմ ձեզ համար. «Սեֆիլյանը ծանր վիրավորված է եղել, եւ չի էլ իմացել, որ վիրավոր կա, ընդ որում վիրավորը իր զինվորներից չէր, այլ՝ հետախուզական խմբից»:

Փաստաբան Տիգրան Հայրապետյանը դատարանում հայտարարեց այդ ռեպորտաժը պատվիրված է եղել եւ ակնհայտորեն նպատակ է ունեցել վարկաբեկել Սեֆիլյանին:

Մանրամասները` տեսանյությում

Տիգրան Հայրապետյանն անդրադառնալով ռեպորտաժին, ասաց, որ սուտ տեղեկություն է տարածվել. «Մարտական գործողությունների ժամանակ մարտի դաշտում անօգնական մնացած վիրավոր Արարատ Սարգսյանին՝ թողնել, թե՝ վերցնել հարցն է քննարկվել, կարծիք է եղել նաեւ, որ նա մահացած է եղել, ռեպորտաժում ասվում է, որ Սարգսյանը վիրավոր արնաշաղախ 3 օրում հասել է համապատասխան անվտանգ վայր, ու իբր թե Սեֆիլյանն ավելի շուտ է հասել, Սեֆիլյանը գերադասել է ինքը ձիու վրա նստի գնա, այլ ոչ թե վիրավորին տա եւ այլն: Արարատն, իրականում, Սեֆիլյանից շուտ է հասել: Ակնհայտ է, որ պատվեր է այս ռեպորտաժը»:

«Արմենիա ՏՎ»-ի փաստաբանն էլ դիմելով դատարանին՝ պահանջեց, որպեսզի Սեֆիլյանի փաստաբան Հայրապետյանը չշարունակի պնդել, թե լրագրողը կամ մեր հեռուստաընկերությունը պատվեր է կատարել, հակառակ դեպքում հեռուստաընկերության կողմից դա կդիտվի զրպարտություն:

«Լրագրողը ռեպորտաժում եզրահանգումներ է արել ելնելով հաղորդմանը մասնակցած անձանց հայտարարությունների հիման վրա եւ նա կատարել է լրագրողական դատողություններ՝ հիմնվելով ռեպորտաժում հնչած հայտարարությունների վրա: Եւ դա լրագրողական հետաքննություն չէր, իսկ լրագրողն էլ պարտավոր չէր հետաքննություն աներ, պարզելու, թե՝ ինչ է եղել 1992 թվականին, տվյալ դեպքում Սեֆիլյանին մեղադրվող այդ մարտական գործունեության ընթացքում»,-ասաց հեռուստաընկերության փաստաբանը:

Մանրամասն՝ տեսանյութում

Երբ հեռուստաընկերության փաստաբանը փորձում էր առարկել, որ հայցի հիմքում Սեֆիլյանի արժանապատվությունը վիրավորելու հարցն է, ոչ թե այն, թե Արարատ Սարգսյանը քանի օրում է հասել համապատասխան վայր, կամ սո՞ւտ է դա, թե…

«Այսինքն՝ ձեզ կարելի՞ է սուտ տեղեկություններ հրապարակել»,-ռեպլիկ արեց Սեֆիլյանի փաստաբանն ու դատարանի դահլիճում նստած Սեֆիլյանի համակիրները մեծ աղմուկ բարձրացրեցին: Նրանց անգամ կարգադրիչները չէին կարողանում հանդարտեցնել:

«Ամոթ ձեզ»,-հնչեց դահլիճում: Այս խոսքերը հնչեցնող կնոջը դատավորը կարգադրեց դուրս գալ դահլիճից, սակայն վերջինս դուրս չեկավ ու շարունակեց. «Չեմ դիմանում արդեն, ես եղել եմ ժիրայրի հետ: Ամոթ չե՞ք անում: Ստում են, Ժիրայրին էդ ստոր լրագրողն ու փաստաբանը զրպարտում են»:

Այս կնոջը միացան Սեֆիլյանի այլ համակիրները եւ բոլորը ամոթանքներ էին հնչեցնում:

Մանրամասները՝ տեսանյութում

Կարգադրիչները երկար ժամանակ ջանքեր գործադրելուց հետո մի կերպ հաջողեցին համոզել Սեֆիլյանի համակիրներին լռել, հանդարտվել, որից հետո դատավորը հայտարարեց՝ գործի քննությունն ավարտված է, վճիռը կհրապարակվի ապրիլի 20-ին, ժամը 17.50-ին:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930