Ամերիկյան Կոնգրեսի հայկական հարցերով զբաղվող հանձնախումբը հորդորում է հաջորդ տարի Հայաստանին առնվազն 40 միլիոն դոլար հատկացնել, ընդգծելով՝ դրանով Վաշինգտոնը ոչ միայն կամրապնդի Հայաստանի անկախությունը, կնպաստի Ղարաբաղում խաղաղության հաստատմանը, այլև կաջակցի մի երկրի, որն ապահով ապաստան է դարձել վտանգի մեջ հայտնված հազարավոր սիրիացիների համար:
Դիմելով Սենատի բյուջետային հատկացումներով զբաղվող ենթահանձնաժողովին՝ ԱՄՆ Կոնգրեսի ավելի քան երկու տասնյակ օրենսդիրներ, ինչպես հանրապետական, այնպես էլ դեմոկրատական ճամբարներից, հայտարարում են՝ Թուրքիայի ու Ադրբեջանի կողմից շրջափակման մեջ հայտնված Հայաստանը կանգնած է անվտանգությանն ու ինքնիշխանությանը սպառնացող լուրջ մարտահրավերների առաջ, հետևաբար՝ «ամերիկյան տնտեսական և ռազմական օժանդակությունը կարող է ավելի ընդարձակ հնարավորություններ ընձեռել Հայաստանին՝ տարածաշրջանային տերություններին դիմակայելու համար»:
Կոնգրեսականները նաև նշում են, որ Հայաստանն ավելի քան 20 հազար սիրիացի փախստական է ընդունել, ու «թեև ամենաաղքատներից մեկն է փախստականներին ապաստան տվող երկրների շարքում, ԱՄՆ-ից ու միջազգային համայնքից մինչ օրս շատ համեստ աջակցություն է ստացել՝ ներգաղթյալներին օգնելու նպատակով»: «Մենք պետք է ընդգծենք Հայաստանի կարևոր առաքելությունն այս հարցում»,- ավելի վաղ Կոնգրեսում կայացած լսումների ժամանակ հայտարարել էր դեմոկրատ, Սենատի հետաքննությունների հարցերով հանձնաժողովի առաջատար անդամ Ադամ Շիֆը:
«Կոչ եմ անում աջակցել Հայաստանի զարգացմանը, որը, լինելով Միացյալ Նահանգների գործընկերն այդ տարածաշրջանում, մասնակցում է խաղաղապահ առաքելություններին աշխարհով մեկ ու հազարավոր փախստականների ընդունում Սիրիայից ու Իրաքից»,- ասել էր կոնգրեսականը:
Կարդացեք նաև
Մանրամասներին կարող եք ծանոթանալ՝ «Ազատություն» ռ/կ-ի կայքում: