Ստորև ներկայացնում ենք «Հայոց ցեղասպանությունը վրաց պարբերական մամուլում 1914-1915 թթ» գրքի հերթական` 7-րդ հատվածը: Այս մասում տեղ են գտել «Վրաստան», «Ժողովրդական թերթիկ» եւ «Հայրենիք» վրացալեզու թերթերում, 1915 թվականի հուլիսին հրապարակված հոդվածների հայերեն տարբերակները:
Վրաստան 1915/07/4 #35
Բուխարեստ. Հունիսի 1
Հայերի վրա հարձակման վերաբերյալ եվրոպական հասարակության առջև արդարանալու նպատակով Օսմանյան կայսրությունը նոտա է հղել եվրոպական պետությունների ներկայացուցիչներին: Նոտայում ասվում է, որ ռազմական գործողությունների գոտում գտնվող բոլոր վայրերից հայերը ժամանակավորապես տեղափոխվել են, որպեսզի հնարավորություն չունենան ենթարկվել ռուսական քարոզչամեքենային: Ռուսները հայերին օգնություն են խոստանում: Օսմանյան կայսրությունից եկած հայերի խոսքերով՝ կայսրությունում հայերի վիճակը շատ ծանր է:
Կարդացեք նաև
Վրաստան 1915/07/10 #40
Հայերի ապստամբությունը Օսմանյան կայսրությունում
Աթենքի «Բիր. վեդ»-ից տեղեկացնում են` ըստ Ստամբուլից եկած հայերի՝ հունիսի սկզբին հայերն ապստամբել են Խարբերդում, ինչը հետագա զարգացումներ է ունեցել։ Հեղափոխականները գերի են վերցրել կառավարության ներկայացուցիչների, տիրացել պետական և հանրային հաստատությունների, սակայն, 6 օր անց Դիարբեքիրից եկած օսմանյան զորքը կոտորել է հայերին:
Ժողովրդական թերթիկ 1915/07/10 #328
Սոլուն. Հուլիսի 7
Այվալի օսմանական կառավարությունը հրաման է ստացել դրսից երկիր բերել 12 հազար կին և երեխա: Այս հրամանը երիտթուրքերի ծրագրի սկիզբն է, որով նրանք ցանկանում են բռնի ուժով մահմեդականացնել կանանց և երեխաներին:
Վրաստան 1915/07/14 #43
Սոլուն. Հուլիսի 10
Պաշտոնական վիճակագրության համաձայն` Փոքր Ասիայից և Թրակիայից աքսորվածների թիվը կազմում է 108 հազար: Նրանց կորսված գույքը գնահատվում է 358 միլիոն ֆրանկ: Այս ամենից բացի, կղզիներում և Հունաստանում բնակվում է 140 000 աքսորված:
Հայրենիք 1915/07/14 #128
Բաթումի
«Հորիզոն»-ը գրում է Ժնևի հայկական «Դրոշակ» (Դաշնակցությանը պատկանող) թերթում հրապարակված Օսմանյան կայսրության ներքին գործերի նախարար Թալեաթ-բեյին ուղղված կոչի մասին: Կուսակցական թերթը հայ մտավորականների հետապնդման և հայերին ճնշելու հանցանքի մեջ մեղադրում է անձամբ Թալեաթ-բեյին:
Հայրենիք 1915/07/16 #130
Ռազմական տեղեկություն
«Բեռլին լոկալ. անց»-ում դոկտոր Սաադ-բեյը պնդում է, որ հայերը գոյություն չունեն: Միայն մի շրջան կա, որը բնակեցված է տարբեր ցեղերով և մարդկանցով: Գոյություն չունի նաև հայկական ռասա: Վերջում հեղինակը տեղեկացնում է, որ Օսմանյան կայսրությունում քրիստոնյաները երբեք չեն հետապնդվել և չեն հետապնդվի:
Մանրամասներին կարող եք ծանոթանալ՝ «aliq.ge»-ի կայքում: