Շիրակի մարզի դատախազ Կարեն Գաբրիելյանն այսօր մեզ հետ զրույցում տեղեկացրեց, որ Գյումրու թիվ 38 դպրոցի նախկին տնօրեն Գոհար Շահբազյանը դիմում էր հասցեագրել Շիրակի մարզի դատախազություն, որ իրենից կոնկրետ գումարի չափով կաշառք են պահանջել նույն դպրոցի տնօրենի պաշտոնում վերանշանակելու համար։
«Մենք դիմումը ուղարկեցինք ոստիկանության համապատասխան բաժին, որտեղ նյութերի նախապատրաստման փուլում նույն անձը տվեց նաև հանցագործության մասին հաղորդում՝ միաժամանակ նախազգուշացվելով ակնհայտ սուտ մատնության համար նախատեսված քրեական պատասխանատվության մասին։ Եվ նշված հաղորդման հիմա վրա նախապատրաստված նյութերով որոշում կայացվեց քրեական գործ հարուցելու մասին, և այն ուղարկվեց Շիրակի մարզային քննչական վարչություն։ Այս պահին կատարվում են անհրաժեշտ քննչական և այլ դատավարական գործողություններ»,- ասաց Շիրակի դատախազը։
Ըստ նրա, քրեական գործ է հարուցվել ՀՀ Քրեական օրենսգրքի 311 հոդված 4-րդ մասի հատկանիշներով։ Դատախազը նաև հստակեցրեց, որ հարուցվել է փաստի առիթով, դեռ կոնկրետ անձի մեղադրանք ներկայացված չէ։
Ըստ shamshyan.com-ի, Գոհարիկ Շահբազյանը Շիրակի մարզպետ Հովսեփ Սիմոնյանին հանդիպելու նպատակով դիմել է մարզպետի օգնական Արմեն Պետրոսյանին։ «Ըստ դիմումատուի՝ Ա․ Պետրոսյանը խոստացել է, որ կդասավորի, որպեսզի ինքը հանդիպի մարզպետին, իսկ տնօրենի պաշտոնում վերականգնվելու դիմաց պահանջել է 6 միլիոն դրամ»։
Կարդացեք նաև
Հիշեցենք, որ չնայած այս դպրոցի կոլեկտիվի բողոքի ակցիաներին ու փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանի հրահանգին՝ տնօրեն նշանակել Գոհար Շահբազյանին, Շիրակի դաշնակցական մարզպետը տնօրեն նշանակեց Արփինե Նիկողոսյանին, որը ՀՅԴ ցուցակի վարկանիշային թեկնածուներից մեկն էր։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ
Այդ կինը պատժվելու է օրենքի ամբողջ խստությամբ մարդկանց անտեղի զրպարտելու համար
Այդ կինը շատ ճիշտ է ասում:Այդ մարզպետին և նրա օգնականին պետք է պատժել օրենքի ամբողջ խստությամբ և գործից հանել:Իսկզբանե Հովսեփը մարզպետացու չէր և այդքան թափ էլ չունի մարզպետի համար: