Առաջիկա ավագանու ընտրություններին մասնակցելու համար «Ելք» դաշինքը բանակցություններ է սկսել:
Դաշինքի ներկայացուցիչ Էդմոն Մարուքյանը մեզ հետ զրույցում չցանկացավ անուններ տալ, թե ում հետ են բանակցում, ասաց ցուցակը դեռ պատրաստ չէ, իսկ եթե հետագայում նպատակահարմար գտնեն, անպայման կհրապարակեն անունները՝ ում հետ բանակցել են. «Այս պահին բացի Անահիտ Բախշյանից, դեռ չկան թեկնածուներ, որոնց առաջարկած լինենք ու ընդունված լինի առաջարկը»:
«Հայկական վերածնունդ» կուսակցությունը նույնպես քննարկում է մասնակցել-չմասնակցելու հարցը, կուսակցության խոսնակ Էդգար Առաքելյանն ասաց՝ որոշում չկա, պարզ կլինի առաջիկա օրերին:
Կարդացեք նաև
Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի մասնակցության հարցը Երեւանի ավագանու ընտրություններում նույնպես քննարկման փուլում է։ Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց դաշինքի նախընտրական շտաբի պետ, «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը։
ՀԱԿ-ում, այս հարցի վերաբերյալ ամենայն հավանականությամբ, քննարկումներ դեռ չեն էլ սկսվել, կուսակցությունից Զոյա Թադեւոսյանը մեզ հետ զրույցում ասաց. «Դեռ ոչ մի բան չենք արել, նիստ պետք է հրավիրվի, որ քննարկենք, որոշում չկա»:
Մեր հարցին՝ ձեր կարծիքով արժե՞ մասնակցել, թե՞ ոչ, տիկին Թադեւոսյանը պատասխանեց. «Այս ընտրողների հետ արժե՞ նորից գնալ ընտրության, եթե մի թեկնածու լինի, որ փող բաժանի, նույն պատկերն ենք ստանալու, հիմա ինչքան մենք պետք է մեզ խաբենք»:
Հիշեցնենք, որ Երեւանի ավագանու ընտրությունները տեղի կունենան մայիսի 14-ին։ Մասնակցության հայտերի ներկայացման ժամկետը լրանում է ապրիլի 9-ին:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ