Լրահոս
Օրվա լրահոսը

Մահացած նորածնի հայրը վստահ է` երեխան առողջ է ծնվել, բժիշկները պնդում են` լուրջ ինֆեկցիա է ունեցել

Ապրիլ 05,2017 17:54

Ծնվելուց մեկ օր անց «Պերինատոլոգիայի, մանկաբարձության եւ գինեկոլոգիայի կենտրոն»-ում, որը հանրության շրջանում առավել հայտնի է «Հանրապետական ծննդատուն» անունով, Նաիրա Այվազյանի երեխան մահացել է: Բժիշկները վստահեցնում են, որ երեխան լուրջ ինֆեկցիայով է ծնվել, երեխայի հարազատները պնդում` որ կինը մինչեւ ծննդաբերությունը պարբերաբար հետազոտվել է, անալիզներ հանձնել եւ նրա մոտ հղիության ընթացքում որեւէ խնդիր չի հայտնաբերվել: Այս պահին գործը հանձնված է իրավապահ մարմիններին:

Երեխայի հայրը` Մարատ Էմինյանը Aravot.am-ի հետ զրույցում ասաց, որ դիմել է ոստիկանություն` նորածնի մարմինը դատաբժշկական փորձաքննության ենթարկելու պահանջով:

Մահացած նորածնի ընտանիքը Լոռու մարզի Մեծ Պարնի գյուղից է, սակայն աշխատանքի բերումով այս պահին գտնվում են Արտաշատում:

Մարատ Էմինյանը մեզ հետ զրույցում պատմեց, որ կինը հղիության ընթացքում ոչ մի գանգատ չի ունեցել. «Մեծ Պարնիի հիվանդանոցում գնացել է կոնսուլտացիա, արյան, մեզի անալիզներ է հանձնել, ամեն ինչ նորմալ է եղել: Երեխան բժիշկների անտարբերության պատճառով է մահացել, մեկ ուրիշ ծննդկան է նկատել, որ երեխայի շրթունքները կապտած են, կանչել է բուժքրոջը, նրանք էլ սկսել են իրար խառնվել: Թթվածնի սարք են ման եկել, բայց արդեն ուշ է եղել, երեխան մահացել է»:

Մարատ Էմինյանի խոսքով, կնոջ 4-րդ ծննդաբերությունն է եղել եւ նախորդ երեքի դեպքում ոչ մի նման խնդիր չի եղել: Սակայն, քանի որ 4-րդ երեխան էլ պետք է կեսարյան հատումով լույս աշխարհ գար, բժիշկները որոշել են ժամանակից շուտ վիրահատությունը կատարել` նախորդ վիրահատությունների սպին արդեն շատ բարակած է եղել եւ արգանդի պատռվածքից խուսափելու համար այդ քայլին են գնացել:

Թե’ բժիշկները եւ թե’ ծննդկանի ամուսինը վստահեցրին, որ 4-րդ կեսարյանն էլ բարեհաջող է անցել, երեխան էլ, մայրն էլ ողջ առողջ են եղել: Մարատ Էմինյանի խոսքով, բժիշկները, նույնիսկ, երեխայի վիճակը 5-6 բալ են գնահատել: Երբ նորածնի հայրը հետաքրքրվել է, թե այդ բալերն ինչի մասին են վկայում, բժիշկները պատասխանել են, որ երեխայի առողջական նորմալ վիճակի:

Մարատ Էմինյանը հարցնում է` եթե երեխան խնդիրներով էր ծնվել, ինչու բժիշկները դրա մասին չեն իմացել: Մեզ հետ զրույցում նորածնի հայրն ասաց, որ քննիչին խնդրել է, որպեսզի երեխային ոչ թե Հանրապետական հիվանդանոցում դիահերձեն, այլ` կենտրոնական դիահերձարանում:

Մարատ Էմինյանի խոսքով, հիվանդանոցի բուժանձնակազմը հորդորել է բողոք չներկայացնել. «Քննիչի մոտ նստած ցուցմունք էի տալիս, զանգեցին ասացին հետ արի խոսենք, հեռախոսս անջատեցի»:

Ռազմիկ Աբրահամյան

«Պերինատոլոգիայի, մանկաբարձության եւ գինեկոլոգիայի կենտրոն» ՓԲԸ-ի ղեկավար Ռազմիկ Աբրահամյանը, որը նաեւ առողջապահության նախարարության գլխավոր մանկաբարձ-գինեկոլոգն է, Aravot.am-ի հարցին ի պատասխան ասաց, որ հղին ուղեգրվել է մարզից, ապրիլի 1-ին, սպառնացող պատռվածքի համար վիրահատել են եւ 4-րդ անգամ կեսարյան հատում են արել. «Հղին 32 շաբաթական հղիություն ուներ: Վիրահատվել է, վիրահատությունն անցել է առանց բարդությունների: Հաշվի առնելով երեխայի անհասությունը, նա ունեցել է շնչառության խանգարում, այդ վիճակի համար ձեռնարկվել են համապատասխան միջոցառումներ, եւ անմիջապես հենց օպերացիոն սրահից երեխային տեղափոխել են համապատասխան սենյակ թթվածնային քաղցը վերացնելու համար: Մեկ սուտկան չլրացած` երեխայի վիճակը վատացել է եւ երեխան մահացել է»:

Ռազմիկ Աբրահամյանի խոսքով, կատարվել է ռենտգեն նկարահանում եւ պարզվել է, որ երեխան ունի խիստ արտահայտված թոքաբորբ, ծանր ձեւի ներարգանդային ինֆեկցիա. «Որի փայլուն ապացույցն է, որ նրա լեյկոցիտները 50 հազար են եղել, որն աննախադեպ դեպք է, նորմայում ամենաշատը 5-15 հազար է լինում, սակայն նորածնի մոտ 50 հազար էր, ինչը խոսում է ծանր աստիճանի ներարգանդային ինֆեկցիայի մասին»:

Բժիշկ Աբրահամյանն ասաց, որ հաշվի առնելով այդ ամենը՝ ինքն է առաջարկել մահացած նորածնի հորը, երեխայի մարմինն ուղարկել դատաբժշկական փորձաքննության. «Ասացի գնացեք, դիմեք ոստիկանություն այդ փորձաքննությունը կատարելու համար»: Ըստ Ռազմիկ Աբրահամյանի, դատաբժշկական փորձաքննության արդյունքները կլինեն, նոր ախտորոշումը կլինի. «Մազաչափ բացթողում նրա ծննդաբերության ընթացքի մեջ տեղի չի ունեցել: Նրա նախորդ երեխաները նույնպես այս հիվանդանոցում են ծնվել եւ առողջ վիճակում դուրս են գրվել»:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930