«Առհասարակ, կանխատեսումներով չեմ զբաղվում: Մենք աշխատել ենք ամենայն նվիրվածությամբ, որպեսզի իրականություն դարձնենք քաղաքական որակյալ սերնդափոխության մեր օրակարգը, որը արդեն վաղուց առկախված պահանջ էր հանրության կողմից: Ամբողջությամբ չէ, բայց մասնակի հաջողել ենք, և այս հաջողությունը բազմապատկելու ենք ընտրությունների միջոցով իշխանափոխություն անելու մեր ճանապարհին»,-Aravot.am-ի հետ զրույցում անդրադառնալով ԱԺ ընտրությունների արդյունքներին` ասաց «ԵԼՔ» դաշինքից ընտրված պատգամավոր Մանե Թանդիլյանը:
Նա անդրադարձավ հարցին, թե նոր խորհրդարանում կոալիցիա կազմելու ինչպիսի՞ հնարավորություններ է դիտարկում: «Ինքնանպատակ կոալիցիաների իմաստ չեմ տեսնում: Ակնհայտորեն, ՀՀԿ-ՀՅԴ զույգը մեծամասնություն է կազմում: Ես ակնկալում եմ այս ուժերի կոալիցիոն համատեղ աշխատանքի շարունակություն»,-ասաց Մանե Թանդիլյանը:
Մեր զրուցակիցը տեսակետ հայտնեց նաեւ այն կարծիքի շուրջ, թե «ԵԼՔ»-ը քարոզարշավի ընթացքում «ընդդիմության իմիտացիա» է արել՝ այդ կերպ ստանալով նաեւ մյուս ընդդիմադիր քաղաքական ուժերի ընտրազանգվածի ձայները, եւ որ «ԵԼՔ»-ի հաղթանակը «համաձայնեցված» է իշխանության հետ: «Ես նման պատվի չեմ արժանացնի՝ այդ հնադարյան բարդույթավորված կարծիքը մեկնաբանելու: Դրա պատասխանը տվել են ՀՀ քաղաքացիներն իրենց վստահության քվեով՝ ի պատասխան այդ կարծիքներին»,-եզրափակեց Մանե Թանդիլյանը:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ