Լրահոս
Օրվա լրահոսը

«20.000 դրամը վերցնում, հինգ օր ծախսում են, հետո չորս տարի սկսում են բողոքել». Նիկոլայ Ծատուրյան

Ապրիլ 05,2017 17:21

Հրապարակախոս Մերուժան Տեր-Գուլանյանը մեղադրում է ժողովրդին, թե «չի կարելի կյանքի հացը փոխել օրվա ուտելիքի հետ»:

«Հայելի» ակումբում այս առիթով բանավեճ ծավալվեց լրագրողների և հրապարակախոսի միջև: Լրագրողները հակադարձեցին, թե ո՞ւմ եք մեղադրում, ժողովրդի՞ն, որն աղքատության ցուցանիշ է գրանցել, պարոն Տեր-Գուլանյանն արձագանքեց. «Այո, ընտրակաշառքով չես հարստանում, չէ՞»:

Միևնույն ժամանակ Մերուժան Տեր-Գուլանյանը հայտարարեց, թե բացառում է ընտրակաշառքի մասսայականությունը ու ինքը լրագրողներից է իմանում, որ կաշառք են բաժանել ինչ-որ մի տեղ:

Հրապարակախոսը հայտարարեց, որ Հայաստանի անկախության պատմության մեջ առաջին անգամ է տեսնում, թե ինչպիսի հրաշք քարոզչություն տեղի ունեցավ. «Երբևէ չէր եղել, որ բոլորը կարողանային ասել այն, ինչ ուզում են, երբեմն նաև գոտուց ներքև արտահայտություններ անել, կամ մեջքից վար, ինչպես մեր հայրենադարձ ընկերներն են ասում»:

Լրագրողները գովեստի այս խոսքերին հակադրեցին իրականությունը, որ այս քարոզարշավի ընթացքում գրանցվել են դանակահարության դեպքեր: Պարոն Տեր-Գուլանյանն էլ հանգստացրեց, թե անգամ աշխարհի ամենաքաղաքակիրթ երկրներում չկա ընտրություն, որի ընթացքում նման բան տեղի ունենա: Այլ հարց է, որ ինքը չէր ուզի, որ գոնե այս անգամ Հայաստանում նման բան չլիներ:

Գրանցված արդյունքները պարոն Տեր-Գուլանյանի համար կանխատեսելի էին. «Սպասելի էր, որ «Ելքը» կհաղթահարի շեմն ու կանցնի խորհրդարան, բայց սպասելի չէր այն, որ այդ ուժը Դաշնակցությունից ավելի շատ ձայն կստանա: Սպասելի էր ՀՀԿ-ի հաջողությունը և Ծառուկյան Գագիկի «Ծառուկյան» դաշինքի` այդքան ձայն հավաքելը»:

Ըստ Մերուժան Տեր-Գուլանյանի` լավ ընտրություններ էին այն իմաստով, որ խորհրդարանում չորս կուսակցություններ կան:

Հրապարակախոսի համոզմամբ` «Ելքը» միանշանակ ընդդիմադիր կուսակցություն է, և լավ է, որ խորհրդարանում ընդդիմադիր ուժ կա: Հարցին` իսկ «Ծառուկյան» դաշինքը ընդդիմություն չէ՞, պարոն Տեր-Գուլանյանը պատասխանեց. «Ես չեմ կարող Ծառուկյան Գագիկի փոխարեն պատասխանել, չգիտեմ` «Ծառուկյան» դաշինքն ինչ դիրք կբռնի»:

Մերուժան Տեր-Գուլանյանն ասաց, թե ցավում է, որ Հրանտ Բագրատյանը խորհրդարանում չի լինի, քանի որ նա հետաքրքիր մտածող է, լավ տնտեսագետ: Այն հիշեցմանը, թե Գագիկ Բեգլարյանի եղբայրը տասնյակ անգամներ ավելի շատ ձայն է հավաքել, քան Հրանտ Բագրատյանը, և արդյոք ի՞նչն է այդ արդյունքի պատճառը, պարոն Տեր-Գուլանյանը պատասխանեց. «Հայկական մտածելակերպ է: Ասում են` թաղի տղա է, մեր տղեն է, մի օր ինքն ինձ պետք կգա ու ձայնը տալիս նրան»:

Հրապարակախոսը գովասանքի խոսքեր շռայլեց վարչապետի հասցեին, թե նա իրեն զուսպ էր պահում խոստումների մեջ և ասում այն, ինչ է: Ըստ Մերուժան Տեր-Գուլանյանի` Կարեն Կարապետյանի նկատմամբ դրական վերաբերմունքն արդեն կառավարության նկատմամբ վերաբերմունք է: Եկել է մի պահ, որ ժողովուրդը սկսել է հարգել, ընդհուպ մինչև սիրել սեփական կառավարությանը: Նա, այս ամենից ելնելով, համոզմունք հայտնեց, որ արտագաղթը կդադարի:

Այն, որ Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան դաշինքին ժողովուրդը չընտրեց, այստեղ պարոն Տեր-Գուլանյանը մեղքը ժողովրդինը չի համարում, այլ պատճառաբանում, թե նման արագությամբ հնարավոր չէ դառնալ կուսակցություն. «ՀՀ-ում երկու կուսակցություն կա` ՀՀԿ-ն և Դաշնակցությունը. մյուսները հավաքվում են ընտրությունից ընտրություն»:

Ի տարբերություն պարոն Տեր-Գուլանյանի` ռեժիսոր Նիկոլայ Ծատուրյանի կարծիքով` մեծ արտագաղթ է լինելու: Պարոն Ծատուրյանն ընտրության չի գնացել` վստահ լինելով հանդերձ, որ ՀՀԿ-ն կրկին անցնելու է. «Ամեն ազգ արժանի է իր թագավորին, իսկ թագավորը` ազգին: 20.000 դրամը տալիս են, մարդիկ հինգ օր ծախսում են, հետո չորս տարի սկսում են բողոքել` Սերժիկ, հեռացիր: Ինձ, որ 20.000 դրամ առաջարկեն, ես մի 20.000 էլ կտամ, կասեմ ինձնից հեռու»:

Ըստ Նիկոլայ Ծատուրյանի` ՀՀԿ-ն գտել է մարդկանց խաբելու ձևերը` փող տալով և այլն: Ուստի հասնում է իր նպատակին, այլ բան է, որ ժողովուրդը չպետք է գնա նրանց հետևից:

Նիկոլայ Ծատուրյանի համար ամենամտահոգիչն այն է, որ գնում է այն մասսան, որին չեն կարող կաշառել, ուղղորդել, գնում է, քանի որ հիասթափված է: Ու արդյունքում «էն ընտրող ամբոխն է մնում»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930