Լրահոս
Օրվա լրահոսը

«Պետության եւ քաղաքացիների շահերից բխում է ՀՀԿ-ԵԼՔ կոալիցիան». Դավիթ Շահնազարյան

Ապրիլ 05,2017 18:00

Օրեր առաջ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարեց. «Ընդդիմության պատկառելի ներկայացվածությունը խորհրդարանում այսուհետ հնարավորություն կտա վերջինիս ամբողջությամբ օգտվել խորհրդարանական համակարգում ընդդիմությանը ընձեռնված վերահսկողական գործիքակազմի ողջ համալիրից, ինչը հավասարակշռված, վերահսկելի ու արդյունավետ կառավարման գլխավոր գրավականն է»:

Մինչ Հայաստանում բուռն քննարկում են, թե ո՞ր քաղաքական ուժին է Սերժ Սարգսյանը «պատկառելի» ընդդիմություն համարում, եւ ՀՀԿ-ն ո՞ր քաղաքական ուժի հետ կոալիցիա կկազմի` ԲՀԿ-ի՞, թե՞ ՀՅԴ-ի հետ, թե՞ կնախընտրի միայնակ պատասխանատվություն ստանձնել, «Առավոտ»-ի հետ զրույցում անսպասելի գաղափարով հանդես եկավ Դավիթ Շահնազարյանը:

«Նախ, շատ դրական եմ գնահատում ընդդիմափոխությունը` հանձինս «Ելքի»: Հաշվի առնելով, որ Հայաստանը լրջագույն մարտահրավերների առջեւ է կանգնած հատկապես անվտանգության եւ տնտեսական ոլորտներում, կարծում եմ, ասածս շատ-շատերի համար որքան էլ անսպասելի ու անհավատալի թվա` Հայաստանի Հանրապետության եւ Արցախի քաղաքացիների շահերից է բխում ՀՀԿ-ԵԼՔ կոալիցիան: Խորհրդարան անցած մյուս կուսակցությունների հետ ՀՀԿ-ի իշխանական կոալիցիան կլինի արհեստական, ոչ քաղաքական` հնի կրկնություն: Ինչպես մեծերից մեկն է ասել` անհնար է լուծել պրոբլեմներն այն մակարդակում, որում նրանք ծագել են, անհրաժեշտ է վեր բարձրանալ այդ մակարդակից»:

Պարոն Շահնազարյանի համոզմամբ` ՀՀԿ-ԵԼՔ կոալիցիան կլինի քաղաքական, այն էապես կմեծացնի Հայաստանի Հանրապետության հնարավորությունները` դիմակայելու անխուսափելի մարտահրավերները, թեեւ նա գիտակցում է, որ «Ելք»-ում, հնարավոր է, խիստ քննադատաբար ընդունեն իր այս առաջարկը, նաեւ` ՀՀԿ-ում անընդունելի համարեն, սակայն նա հավելելում է, որ իր համար անվիճելի է մեկ իրողություն. «Դա է այս պահին բխում մեր պետության ու քաղաքացիների շահերից»:

Դավիթ Շահնազարյանը նաեւ նկատեց, որ նախաձեռնությունն, իհարկե, պետք է գա` ՀՀԿ-ից. «Ընտրապայքարը, ընտրությունները մի բան են, քաղաքական պատասխանատվություն ստանձնելն` այլ կատեգորիա: Եթե իշխանությունը քաղաքական կամք ունենա եւ գնա նման քայլի, ապա կարծում եմ, «Ելք»-ում էլ այդ առաջարկը լրջորեն կքննարկեն` առանց հաշվի առնելու որոշ լուսանցքայինների կարծիքները»:

ԷՄՄԱ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930