Լրահոս
Օրվա լրահոսը

Աղմկահարույց ձայնագրությունների գործով հարցաքննվել է Գյումրու թիվ 37 դպրոցի տնօրենը․ մանրամասնում է Շիրակի դատախազը (Տեսանյութ)

Ապրիլ 05,2017 17:00

Այսօր Aravot.am-ը Շիրակի մարզի դատախազ Կարեն Գաբրիելյանից հետաքրքրվեց, թե «Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպության հրապարակած այն 3 հեռախոսազրույցների ձայնագրությունները, որտեղ Գյումրու թիվ 3-րդ ավագ դպրոցի տնօրեն Կարեն Դարբինյանը, թիվ 31 դպրոցի տնօրեն Արթուր Ղազարյանը ու թիվ 37 դպրոցի տնօրեն Աստղիկ Ավետիսյանը խոսում էին ՀՀԿ-ի ցուցակում մարդիկ հավաքագրելու մասին, ի՞նչ ընթացքի մեջ են։

«Բոլորիս հայտնի ձայնագրությունները ուսումնասիրվել են ՀՀ գլխավոր դատախազի կողմից ստեղծված աշխատանքային խմբի կողմից և նյութեր նախապատրաստելու հանձնարարությամբ ուղարկվել է Գյումրու թիվ 37 դպրոցի տնօրենի ձայնագրությունը։ Մենք այս պահին նախապատրաստում ենք նյութեր։ Նյութերի նախապատրաստման ընթացքում որևիցե փաստական տվյալ ձեռք չի բերվել, որ նշված անձի արարքում առկա են որևիցե հանցագործության հատկանիշներ։ Բայց դեռ համապատասխան դատավարական որոշում կայացված չէ»,-ասաց դատախազը։

Մեր հարցին ՝ հարցաքննե՞լ եք Գյումրու թիվ 37 տնօրենին, դատախազը պատասխանեց․«Այո, բացատրություն վերցրել ենք։ Նա տվել է համապատասխան պարզաբանումներ և ինչպես իր, այնպես էլ այլ անձանց կողմից տրված բացատրությունները ուսումնասիրվել են, և այդ ուսումնասիրությունների արդյունքում այս պահին ես հանգում են այն եզրակացության, որ նրա արարքում առկա չեն որևէ հանցագործության հատկանիշներ»։

«Գալա»-ի լրագրողի այն դիտարկմանը, թե նա ձայնագրության մեջ բացահայտ ասում է, որ մարդկանց վախեցրել են, Կարեն Գաբրիելյանն ասաց․ «Ինքը վախեցնելը պարզաբանել է հետևյալ կերպ․ ասել է, որ ես հանդիսանում եմ «Հանրապետական» կուսակցության անդամ, իրականում մենք պարզել ենք, որ հանդիսացել է «Հանրապետական» կուսակցության անդամ և իր ծանոթ-բարեկամներին ասել է՝ եթե չընտրեք «Հանրապետական» կուսակցությանը, ես ձեզանից կնեղանամ։ Այդ վախեցնելու պահը կոնկրետ արտահայտվել է նման խոսքեր ասելով, և դա որևիցե սպառնալիք կամ վախեցնել չէ»։

Հիշեցնենք, որ ըստ հրապարակված ձայնագրության, հիշյալ դպրոցի տնօրեն Աստղիկ Ավետիսյանը նշում է, որ ունի ցուցակներ, ընդհանուր ցուցակում կա մոտ 1700 հոգի, որոնց հետ ամսից ավելի է՝ խոսում են և ամենավերջին ձևով վախեցնում: Ըստ տնօրենի` գործի գլուխ կանգնած է ամուսինը։ Նշենք, որ Աստղիկ Ավետիսյանի ամուսինը թիվ 31 ընտրատարածքային հանձնաժողովի նախագահ Արտակ Ավետիսյանն է։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930