Լրահոս
Օրվա լրահոսը

«Այդ ծրագրի իրականացման դեպքում պատերազմը դառնում է անխուսափելի եւ շատ ավելի արյունալի». Արա Պապյան

Ապրիլ 05,2017 16:45

«Մոդուս վիվենդի» կենտրոնի ղեկավար Արա Պապյանը առաջին նախագահ Լեւոն-Տեր-Պետրոսյանի խաղաղության ծրագիրը համարում է պատերազմի ծրագիր:
«Որովհետեւ այդ ծրագրի իրականացման դեպքում պատերազմը դառնում է անխուսափելի եւ շատ ավելի արյունալի: Եթե այս վիճակում ունենք մերթընդմերթ սաստկացող իրավիճակ, այն դեպքում կունենանք երեք անգամ ավելի երկար ռազմաճակատային գիծ, ավելի խոցելի գիծ, որը հաստատ բերելու է պատերազմի: Ցավոք սրտի, այն սկզբունքը, որը, ի սկզբանե դրվել է բանակցային հիմքում՝ տարածքներ կարգավիճակի դիմաց, մնում է ուժի մեջ՝ այդ թվում նաեւ ՀՀԿ-ի կողմից: Իմ տպավորությունն այն է, որ ՀՀԿ-ն պարզապես հույս ունի, որ դա չի պարտադրվելու, քանի որ Ադրբեջանը չի համաձայնում, կարծում եմ՝ չի էլ համաձայնի, որովհետեւ նպատակը, նույնիսկ իր համար նպաստավոր պայմաններով, Արցախի հարցի լուծումը չէ, իր համար ամենալավ տարբերակը սողացող պատերազմի շարունակությունն է, այսինքն՝ հայկական գործոնի մաշեցումը»,- Aravot.am-ին ասաց Արա Պապյանը:

Փոխզիջումները՝ պարոն Պապյանի պատկերացմամբ. «Հայ-ադրբեջանական սահմանը երբեւէ չի որոշվել միջազգայնորեն: Դրա մասին եղել է առաջարկ ազգերի լիգայի կողմից, դա չիրականացվեց, որովհետեւ տեղի ունեցավ Ադրբեջանի, հետո Հայաստանի օկուպացիա ռուսական կարմիր բանակի կողմից, օկուպանտը վարչական սահմաններ գծեց, բայց անհեթեթություն է օկուպանտի կողմից գծած վարչական սահմանները համարել իրավական հիմք:

Ազգերի լիգայի 1920 թվականի փետրվարի 24-ի որոշմամբ, ոչ միայն այն, ինչ վերահսկում ենք, Հայաստանի Հանրապետությանն է, այլ բացի Նախիջեւանից՝ եւս 12.000 կմ: Փոխզիջման իմ տարբերակը սա է՝ դե յուրե ՀՀ -ին պատկանող տարածքից 12.000 կմ մենք տալիս ենք Ադրբեջանին ու պահում ենք դե ֆակտո վերահսկվող ու դե յուրե ՀՀ-ին պատկանող այսօրվա վերահսկվող տարածքները, այսինքն՝ ստատուս քվոյի ամրագրում, այ դա փոխզիջում է, որովհետեւ, ըստ էության, Ադրբեջանը դեռ շարունակում է ՀՀ-ի որոշ տարածքներ օկուպացված պահել, մենք ասում ենք՝ լավ, մենք դրանք զիջում ենք քեզ, իսկ այ Ադրբեջանը ոչինչ չի զիջում»:

Արա Պապյանի խոսքով, հակամարտությունն արդեն 25 տարվա տեւողություն ունի, ու եթե աշխարհը պարտադրող լիներ, ինչպես պնդում է առաջին նախագահը՝ թե եթե չզիջենք տարածքները, աշխարհը մեզ կպարտադրի զիջել, վաղուց կպարտադրեր. «Իսկ ինչու աշխարհը պետք է պարտադրի, ես դրա ոչ մի նախանշան չեմ տեսնում, ընդհակառակը՝ ինձ թվում է՝ աշխարհին շատ էլ դուր է գալիս այս վիճակը՝ ստատուս քվոյի պահպանումը: Այսինքն, ինչ նախանշանի հիման վրա ենք ասում՝ մեզ կպարտադրի, ինչ է տեղի ունեցել կամ ինչ պետք է տեղի ունենա: Իմիջիայլոց, աշխարհը մեզ կպարտադրի Լեւոն Տեր Պետրոսյանն ասում էր նաեւ 1997 թվականին, անցել է ուղիղ 20 տարի, դե թող պարտադրեր քսան տարվա մեջ, աշխարհին ձեռնտու չէ մեզ պարտադրելը: Մեր խնդիրը ներքին իրավիճակի բարելավումն է, որ սողացող պատերազմը մեզ չհյուծի»:

Պարոն Պապյանը դժվարացավ ասել, թե Արցախի կարգավորման որ փուլ ենք հասել, ըստ նրա՝ որեւէ փուլի էլ չենք հասել. «Պարզապես ձեւական բանակցություններ են: Աշխարհը հանդես է գալու որոշ առաջարկներով, թույլ չի տալու, որ շատ մեծ պատերազմ լինի, բայց եւ դրանից ավելին չի կարող անել, այսպես էլ շարունակվելու է: Մենք պետք է երկու հարց լուծենք՝ ուժեղացնենք Հայաստանը, թուլացնենք Ադրբեջանը, այդ դեպքում խաղաղություն կունենանք»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930