Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Առաջին նախագահը խաղաղություն չի առաջարկում, այլ՝ խաղամոլություն». Վովա Վարդանով

Ապրիլ 05,2017 15:37

Հետախուզադիվերսիոն ջոկատի հիմնադիր հրամանատար Վովա Վարդանովի համոզմամբ, ադրբեջանցիներին այլեւս չի հաջողվի մեզ անակնկալի բերել այնպես, ինչպես անցած տարի ապրիլին բերեց:

«Որովհետեւ թե՛ հասարակությունը, թե՛ ՊՆ-ն, թե՛ համապատասխան մարմիններն իրենց մի քիչ նեղություն տվեցին եւ արդյունքում հիմա դիրքերը լրիվ տեխնիկապես հագեցված են, այսօր մենք տեխնիկապես այնպես ենք հագեցրել, որ ուղղակի անհնար է՝ թուրքը կարողանա մեզ անակնկալի բերել այնպես, ինչպես եղավ անցած տարի»,- Aravot.am-ին ասաց պարոն Վարդանովը:

Ըստ նրա՝ սահմանին թեժացումները միշտ են հնարավոր, որովհետեւ ադրբեջանցիներին ձեռնտու չէ, որ մենք խաղաղ ապրենք. «Իսկ ինքը, որդեգրելով հայատյացության քաղաքականություն, մեզ հանգիստ չեն թողնի, միշտ հարձակումներ լինելու են»:

Անդրադառնալով առաջին նախագահի «խաղաղության ծրագրին»՝ պարոն Վարդանովը դա համարեց ոչ թե խաղաղության, այլ՝ խաղամոլության ծրագիր. «Առաջին նախագահը խաղաղություն չի առաջարկում, այլ՝ խաղամոլություն, որ մենք նարկոմանի նման մի դոզա ընդունենք, հետո մի դոզա էլ ընդունենք, չարի վերջը գիտեք, չէ՞, որ աղվեսը գալիս ու ասում է ՝ այս ծառն իմն է, այս սարն իմն է, առաջին նախագահը դա ասելով՝ հաշվի չի առնում, որ մեր դիմաց աղվես է, որը մեզ ծտի տեղ է դրել, թե ձագդ կտաս, սաղ հարցերն իրենց տեղը կընկնեն: Նման բան չկա, մեզ միշտ խաբելու են, մեզնից ավելի շատ են ուզելու, եւ փառք Աստծո, ժողովուրդը դա հասկացավ ու ոչ մի բան չտվեց Լեւոն Տեր-Պետրոսյանին»:

Մեր դիտարկմանը, որ իշխանություններն ու Լեւոն Տեր-Պետրոսյանը Արցախի հիմնախնդրի կարգավորման հարցում միակարծիք են, պարոն Վարդանովը պատասխանեց. «Ուրիշ են դիվանագիտական խաղերն ու զրույցները, ուրիշ են՝ քարոզչական մեխանիզմները, որոնք օգտագործեց Լեւոն Տեր-Պետրոսյանը: Դիվանագիտության մեջ, երբ երկու դիվանագետ իրար հետ զրուցում են, կողքից լսողը կարող է մտածել, որ երկու դիվանագետն էլ ամեն մեկն իր հերթին դավաճանում է իր պետությանը, դա նորմալ է, բայց երբ ոչ դիվանագետ է դրա մասին խոսում, դա անընդունելի է»:

Մեր հարցին՝ իսկ փոխզիջումներն ինչպես եք պատկերացնում, պարոն Վարդանովը պատասխանեց. «Իրենք մեզ՝ Բաքուն, մենք՝ խաղաղություն, ուրիշ ձեւ չեմ պատկերացնում»:

Արցախի հիմնախնդրի կարգավորման ուղղությամբ, ըստ պարոն Վարդանովի, իշխանությունները գործ անում են, իսկ չի սխալվում նա, որը ոչինչ չի անում. «Ամենաքիչը՝ բանակցությունները ձգձգում են ու փորձում են առավելագույնը ստանալ, երեւի դա նորմալ է, բանակցություններն ինձ այդքան չեն հուզում, ինչքան պաշտպանության համակարգը, որ ամուր լինի, որովհետեւ ստորագրեն, չստորագրեն, եթե բանակն ու ժողովուրդը չհամաձայնեն, այդ ստորագրությունը չի վավերացվի»:

Մեր հարցին՝ համամի՞տ եք, որ եթե մենք տարածքներ չզիջենք, աշխարհը կպարտադրի մեզ զիջել, մեր զրուցակիցը պատասխանեց. «Չի կարող նման բան լինել, որովհետեւ մենք արդեն 25 տարի է՝ չենք տվել, ու աշխարհը միայն ասում է՝ վայ-վայ-վայ, բայց մեզ հետ համագործակցում է: Մեր սպաները սովորում են ամերիկաներում ու եվրոպաներում, դեռ այնտեղ էլ նրանց կացնահարում է Ռամիլ Սաֆարովը»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930